Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը հարձակման է ենթարկվել անհայտ հանցագործների կողմից: Հաղորդվում է, որ հանցագործները մի քանի անգամ մուրճով հարվածել են խաչքարին: Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 27-ինՙ Հոլոքոսթի հիշատակման օրը: Խաչքարը Քարդիֆի Խաղաղության տաճարում էր տեղադրվել անցած տարվա նոյեմբերին, Ուելսի հայ համայնքի ջանքերով: Վերջիններս նշել են, որ տեղի ունեցածը հավանաբար Ուելսում գործող, այսպես կոչված, «Թուրքերի իրավունքների պաշտպանության կոմիտեի» ձեռքի գործն է: Համայնքի ներկայացուցիչները նաեւ հավաստել են, որ կվերանորոգեն խաչքարը եւ կդիմեն Մեծ Բրիտանիայի կառավարությանըՙ պահանջելով դատապարտել տեղի ունեցածը: