Երեք կասկածյալները նախկին զինվորականներ են, իսկ կազմակերպությունը գործել է թուրքական զինված ուժերի կազմում
«Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը, որպես առաջնահերթ խնդիր, շարունակում է զբաղեցնել Թուրքիայի օրակարգը: Կատարվում են նոր ձերբակալություններ, որոնք հանգեցնում են նոր բացահայտումների: Թուրքական զանգվածային լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահում այս կազմակերպությանը: Հենվելով դրանց վրա, «Էրգենեքոնի» գործը փորձում է լուսաբանել նաեւ «Ազգը»:
Ինչպես հայտնի է, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել էր 33, հունվարի 23-ին` 2, իսկ հունվարի 27-ին` 7 մարդ: Հունվարի 25-ին ձերբակալվածներից 5-ը, որոնց թվում են պաշտոնաթող մայոր Մեհմեդ Զեքերիա Օզթուրքը, ենթասպա Մուհամմեդ Յուջեն եւ «Ազգային ուժեր» միությանն առընթեր գործող «Հատուկ բյուրոյի» հիմնադիր, ապա եւ համակարգող Էրքութ Էրսոյը «Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ բնակչության մեջ զինված խռովություն հրահրելու ու ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով, կալանվել էր:
Հունվարի 26-ին նույն մեղադրանքով կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է նաեւ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքի, «Ազգային ուժեր» միության նախագահ, Թուրքիայի ՆԱՏՕ-ի ուժերի հատուկ նշանակության գործողությունների վարչության նախկին պետ, պաշտոնաթող գնդապետ Մեհմեդ Ֆիքրի Կարադաղի, փաստաբան Քեմալ Քերինչսիզի, «Թուրք ուղղափառ պատրիարքարանի» խոսնակ Սեւգի Էրեներոլի պես եւս 8 ձերբակալվածների նկատմամբ: Այսպիսով կալանվածների թիվը հասել էր 13-ի:
Հունվարի 27-ին ձերբակալվել է նաեւ 7 մարդ, 2-ն այնուհետեւ ազատ է արձակվել: Այլ կերպ, «Էրգենեքոնի» գործով ներկայումս կալանված է 18 մարդ, եւս 11-ը ենթակա են հետաքննության, այսինքն նրանց նկատմամբ քրեական գործը հարուցվել է առանց կալանքի: Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալվածների բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարել: Խուզարկվել է նաեւ «Թուրք ուղղափառ պատրիարքարանի» մամուլի խոսնակ Էրեներոլի բնակարանն ու գրասենյակը, որտեղ հայտնաբերվել են «պիտակավորված» դասախոսների ցանկեր: Դրանց առնչությամբ խոսնակն ասել է. «Մեր պատրիարքարանի առաջնահերթ խնդիրն է հայրենիքի եւ պետության գոյության պահպանումը»: Ի դեպ, դեռ 2006-ի մայիսին «Ազգային ուժեր» միության նախագահ կարադաղը հայտարարել էր, որ իրենք ճշտել են «13.500 անձանց եւ կազմակերպությունների անուններ», որոնք «դավաճան» են, ուստի հաշիվ են տալու:
Խուզարկվել է նաեւ «Թուրք ուղղափառ պատրիարքարանը», որտեղ հայտնաբերվել են «Էրգենեքոն» կազմակերպությանը պատկանող գործունեության ծրագրեր, խորհրդակցությունների արձանագրություններ, ինչպես նաեւ պետական բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր: Միաժամանակ պարզվել է, որ վերոնշյալ պատրիարքարանը որպես շտաբ-կայան է ծառայել «Էրգենեքոնի» համար, որտեղ շաբաթը մեկ գումարվող գաղտնի նիստերին մասնակցել են գեներալ Քյուչուքը, «Հատուկ բյուրոյի» հիմնադիր Էրսոյը, «Ազգային ուժեր» միության նախագահ Կարադաղը, «Աքշամ» թերթի լրագրող Գյուլեր Քյոմուրջուն եւ Էրեներոլը:
Թեեւ հարցաքննության ընթացքում Կարադաղը փորձել է հերքել պատրիարքարանի որպես շտաբ-կայան օգտագործման փաստը, ասելով թե «Ազգային ուժեր» միությունը որեւէ առնչություն չունի կրոնական կամ հասարակական կազմակերպությունների հետ, լիարժեք անկախ եւ ինքնուրույն կառույց է, սակայն միությանն առընթեր գործող «Հատուկ բյուրոյի» հիմնադիր Էրսոյը, որը կալանվածների թվում է, դեռեւս 2006-ի մայիսին «Թեմպո» հանդեսին պարզաբանումներ անելիս նշել էր, որ բյուրոյի առաջնահերթ խնդիրը ահաբեկչական բոլոր տեսակի կազմակերպությունների եւ ցեղասպանության հայկական պնդումների դեմ պայքարելն է, միության տարբեր խմբերում ընդգրկված են 6214 անդամներ, որոնց մեջ առանցքային դիրք ունեն թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականները, Ազգային հետախուզական կազմակերպության` MIT-ի եւ ոստիկանության պատասխանատուներ: Այսինքնՙ «Ազգային ուժեր» միությունը ամենեւին անկախ չէ, ոչ էլ ինքնուրույն:
Ովքեր են այդ բարձրաստիճան զինվորականներն ու պատասխանատուները` հայտնի չէ: Բայց որ հունվարի 27-ի համարում «Սթարը» հաստատել է Էրսոյի խոսքերը, ակնհայտ է: Թուրքական այս թերթը, հիմք ընդունելով «Էրգենեքոնի» կանոնադրությունը, որը 1999-ին գեներալ Քյուչուքի եւ Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի պատվերով գրի էր առել Թունջայ Գյունայը, ուշագրավ հետեւություն է անում: «Սթարը» գրում է, որ «խորքային պետության» գաղտնի սահմանադրության համարում ունեցող այս կանոնադրության համաձայն, «Էրգենեքոնի» առաջին դեմքը գեներալ Քյուչուքը չէ, այլ կոչումով ավելի բարձր մեկ այլ զինվորական, ավելացնելով. «Թուրքական զինված ուժերի կազմում գործողություններ ծավալող «Էրգենեքոնը» թուրքական պետության վերակառուցմանը նպատակամղված գաղտնի կազմակերպություն է»:
Ենթադրվում է, որ Թուրքիայում այս կազմակերպությունը գործում է ավելի քանի 15 տարի, ուստի թուրքական անվտանգության ուժերն ու հետախուզական կառույցները չէին կարող անտեղյակ լինել նրա գործունեությունից: Ի դեպ, կանոնադրության մեջ մատնանշվում է, որ «Էրգենեքոնի» սրբազան պարտքը քեմալիզմը ոտնձգություններից, իսկ Թուրքիայի Հանրապետությունը` սպառնալիքներից պաշտպանելն է եւ այդ պարտքի կատարումը ենթադրում է ոչ թե թափանցիկ, այլ ընդհատակյա գաղտնի գործունեություն, ընդհուպ` մահափորձերի կազմակերպումն ու ահաբեկչական գործողությունների իրականացումը:
Այլ կերպ, ինչպես «Ազգային ուժեր» միությունն ու դրան առընթեր գործող «Հատուկ բյուրոն», այնպես էլ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը մեկ միասնական կառույցի տարբեր բաղադրամասերն են, ղեկավարվում են միեւնույն կենտրոնից: Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանության հետ «Էրգենեքոնի» առնչությանը, ապա նույն «Սթարը» գրում է, որ 2007-ի հունվարի 18-ին, այսինքն սպանությունից մեկ օր առաջ Վելի Քյուչուքը, Ֆիքրի Կարադաղը եւ Զեքերիա Օզթուրքը միմյանց են փոխանակել ծածկագրված էլեկտրոնային նամակներ, որոնց վերծանումից պարզվել է ինչպես սպանության պատվիրատու Յասին Հայալի, այնպես էլ մարդասպան խմբի ղեկավար Էրհան Թունջելի «մեծ եղբոր» անունը: Դա հունվարի 27-ի համարում հաստատել է նաեւ «Սաբահը»: Այս թերթերի կարծիքով, «մեծ եղբայրը» կամ «Էրգենեքոնի» գործով կալանվածներից պաշտոնաթող մայոր Օզթուրքն է կամ գնդապետ Կարադաղը, կամ էլ գեներալ Քյուչուքը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ