Ընտրությունները բավականին յուրօրինակ երեւույթ են, հատկապես, երբ վիճարկելի է դրանց ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու բաժինը: Հունվարի 5-ին Վրաստանում արտահերթ նախագահական ընտրություններին տրված միջազգային դիտորդական առաքելության գնահատականն այդպես էլ որոշակիության մեծ կշիռ ձեռք չբերեց:
Ամեն դեպքում, ձայների մոտ 54 տոկոսով հաղթանակ ստացած Միխեիլ Սաակաշվիլու խոստումներին, «Կվիրիս Պալիտրա» («Շաբաթվա ներկապնակ») վրացական թերթի անցկացրած հարցման համաձայն, չի հավատում հարցվածների 45 տոկոսը: Ընդ որում, հարցման մոտ 450 մասնակիցների 27,7 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Միխեիլ Սաակաշվիլու խոստումներին:
Սաակաշվիլու խոստումներին հավատում է հունվարի 21-25-ն անցկացված հարցմանը մասնակից քաղաքացիների միայն 27 տոկոսը: Թերեւս կարելի է ենթադրել, թե նման արդյունքների դեպքում ընտրողների ինչպիսի քվեի վրա կարող էր հույս դնել Սաակաշվիլին:
Ա. Հ.