Ընտրություններից հետո «զազրախոսներին» պատասխանատվության կանչելու մասին երկրի նախագահի ու վարչապետի գրեթե միաժամանակյա սպառնալիքները չեմ կարծում, որ մրցակից-հակառակորդներին զգաստացնելու համար էին արված սոսկ: Պետական այդ երկու գործիչների բնավորության գծերին քիչ-շատ ծանոթ ամեն ոք կարող է վկայել, որ հիշաչարությունը նրանց ամենամեղմ գծերից չէ եւ երկուսն էլ չեն փայլում քրիստոնեական ներողամտությամբ... Ճիշտ է, նրանցից առաջինը, հանրապետության նախագահը, ծաղկաձորյան ձյուների սպիտակ ֆոնին խոստացավ «զազրախոսներին» Դուբայ չաքսորել (ակնարկելով շրջանառվող լուրերը Վանո Սիրադեղյանի այնտեղ գտնվելու վերաբերյալ), իսկ երկրորդը, ՀՀ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, «Մոսկվա» կինոթատրոնում հավաքված համակիրների առաջ «ճշգրտեց», թե նրանցՙ «զազրախոսներին», չի ուղարկի Սովետաշենի բանտ...
Վերջին կալանավայրի մասին ակնարկը Ս. Սարգսյանն անշուշտ փոխ էր առել ՀՀ առաջին նախագահից, որն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հինգշաբթի օրը եղել էր նաեւ Չարենցավանում եւ, ըստ «Ա1+» էլեկտրոնային թերթի, արդեն իսկ ապահովված էր հայտարարել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի տեղը Սովետաշենի կալանավայրում:
Առաջին հայացքից տղայական թվացող այս փոխադարձՙ սքողված թե ուղղակի սպառնալիքները վախենում եմ, որ ունենան ծանր հետեւանքներ, ի վնաս ոչ միայն այս կամ այն կողմի, այլեւ առաջին հերթինՙ պետության: Մի երկիր, որտեղ քաղաքական ու ոչ քաղաքական վենդետտան արտասովոր երեւույթ չէ բնավ, նման սպառնալիքներն աքլորակռվի դրսեւորումներ չեն ամենեւին: Դրա արյունոտ ապացույցները տեսել եւ զգացել ենք ե՛ւ նախորդ, ե՛ւ այսօրվա իշխանությունների օրոք:
Տվյալ հարցում առավել ագրեսիվ եւ գրգռիչ են եղել ՀՀ առաջին նախագահն ու իր հետեւորդներն ու նրանց սպասարկող մամուլը, դեռեւս սեպտեմբերի 21-ից շատ առաջ: Վտանգավորության ու ծիծաղելիության բացառիկ օրինակ է Լ. Տեր-Պետրոսյանին ծառայող թերթերից մեկի էջերում արդեն 1 ամսից ավելի լույս տեսնողՙ Ներսես Նազարյանի եւ Մհեր Սեդրակյանի լուսանկարներըՙ «2008-ի փետրվարի 25-ին նստելու են» մակագրությամբ: (Հարցնող լինիՙ ախր ինչո՞ւ փետրվարի 25-ին, չէ՞ որ գործող նախագահի պաշտոնավարության ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին, ո՞ւր եք շտապում):
Իր անձնական օրինակով վերջինիս գերազանցում-ուղղորդում են նախկին նախագահի օգտագործած որակումները, պետական գործչին անհարիր բառապաշարը: Ավելին, հստակորեն, դրանք գրգռիչ, անգամ սադրիչ բնույթ ունեն: Գերազանցելով իրեն, դեռեւս հինգշաբթի օրը Արզականում Լ. Տեր-Պետրոսյանը հավաստիացրել է, միշտ ըստ «Ա1+»-ի, որ օլիգարխներ Գագիկ Ծառուկյանը, Նեմեց Ռուբոն, Լֆիկ Սամոն եւ մյուսները, որոնց անունը նա չի հիշել այդ պահին, 10 տարի հետո «բոմժ են լինելու», նրանց ձեռքից խլվելու է ունեցվածքը: Եվ քանի որ նա եւ նրա կողմնակիցներն անընդհատ կրկնում են, որ Լ. Տեր-Պետրոսյանն արդեն հաղթել է, կարելի է այդ նախազգուշացումներն ընկալել որպես խոստումՙ որ ինքն է ունեզրկելու նրանց:
Իսկ հաջորդ օրը, երբ առաջին նախագահն իր հետեւորդներով կրկին քարոզարշավի մեկնեց Կոտայքի մարզ, որտեղ եղավ նաեւՙ սակավաթիվ ընտրող ունեցող, սողքի զոհ դարձած Ողջաբերդ գյուղը, գրեթե պարզ դարձավ, որ նա եւ հետեւորդները «շառ էին ման գալիս», մարտահրավերՙ նախորդ օրը անվանարկված օլիգարխներին, որոնց բարքերին ծանոթ են բոլորը...
Վտանգավոր խաղ է իսկապես: Նախընտրական եւ ընտրական ոչ մի շահ չի կարող արդարացնել նման մեթոդների կիրառումը: Իրադրության նման սրումն սպառնում է երկրին, պետականությանը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ