Արամ Հարությունյանիՙ յուրաքանչյուրի նախագահը դառնալու երաշխիք
- Պարոն Հարությունյան, ձեր գլխավորած «Ազգային համաձայնություն» կուսակցությունը քաղաքական ակտիվություն է դրսեւորում նախագահական ընտրությունից ընտրություն: Այս ընտրություններում ո՞րն է ձեր առաքելությունը:
- Իմ առաքելությունը միայն ընտրություններում չի դրսեւորվում, այն ընդհանրապես քաղաքական դաշտում է: Քաղաքական ակտիվություն ասելով եթե նկատի ունեք նախկին պառլամենտական ընդդիմությանը, ապա իրենք չորս տարի շատ ակտիվ կերպով զբաղված էին ընտրությունների արդյունքները վիճարկելով: Հետո պարզվեց, որ սիզիֆյան աշխատանք էր: Մինչդեռ քաղաքականության մեջ շատ կարեւոր է խնդիրը ձեւակերպելն ու լուծումներ առաջարկելը: Իրենց ձեւակերպած խնդիրը սխալ էր: Եվ «Արդարության» պառակտումը դրա հետեւանք է: 2005-ին հանրաքվեի ժամանակ ասուլիս հրավիրեցի «Սահմանադրական հանրաքվեն որպես ինքնաոչնչացման մրցակցություն» խորագրով: Այդպես էլ եղավ: Ամեն մեկն ինքն իրեն ոչնչացրեց: Մեր ակտիվությունը կոնկրետ խնդրի հետ կապված է: Չի եղել մի կարեոր խնդիր, որ մենք դիրքորոշում ցույց չտանք: Ես այդպես եմ պատկերացնում եւ ոչ թե ամեն օր որեւէ մեկին հայհոյելով կամ քծնելով, նույնն էլՙ կուսակցությունը: Այդ իմաստով համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերից եզակի ենք, որ սկզբունքային ենք եղել մինչեւ վերջ: Կարող եք նայել բոլոր իմ հարցազրույցները եւ եթե գոնե մեկ հակասություն տեսնեք, ապա ես քաղաքականությունը կթողնեմ: Նաեւ մաթեմատիկոս լինելով չեմ կարող հակասական համակարգում աշխատել: Նախ` մենք որակ ենք հաղորդում հայաստանյան քաղաքական դաշտում, երկրորդՙ ունենք մեր մոտեցումները, որ ոչ ոք չունի, նաեւ կարեւոր են այն խնդիրներն ու լուծումները, որոնք մենք առաջարկում ենք: Այսօր մեծ մասը 10 ձեւի դիրքորոշում են փոխել, դուր գալու համար քայլեր արել: Մենք երբեք չենք ուզել սիրաշահել եւ որքան էլ հարգենք, ընդունենք ընտրական տեխնոլոգիաները, ամեն դեպքում մեզ համար սկզբունքը կարեւոր է:
- Սկզբունքայնությո՞ւնն է առաջադրվելու եւ արդյունք ապահովելու ձեր հիմքը:
- Առաջադրվելով, առաջինը, օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, երկրորդՙ կուսակցությունն օգտվել է առաջադրելու իր իրավունքից: Բացի այդ, եթե համեմատում ենք մյուս թեկնածուների հետ, ապա ամենասկզբունքայիններից ենք, եթե չասենք` ամենասկզբունքայինը: Կարեւորելով մեր գաղափարների տարածումը, գտնում ենք` վճռորոշը փողը չէ, այլ հավասար եթերաժամերն ու բանավեճերի հնարավորությունը: Համեմատելու համար մարդիկ պետք է թեկնածուներին միասին տեսնեն: Եթե մեկին կանչում են մյուսի մասին ասելու կամ սյուներին, վահանակներին ինչ-որ բաներ են կպցնում, ապա դրանով ժողովուրդը համեմատելու հնարավորություն չի ստանում: Կոնկրետ խնդիր առաջադրելով ու դրա մասին զրուցելով համեմատելու իրական հնարավորություն կտանք ընտրողին: Միջին դարերում նույնիսկ մաթեմատիկոսներն են վիճել ժողովրդի առաջ: Ընտրությունը պետք է միայն համեմատությամբ արվի: Համոզված եմՙ հավասար պայմանների դեպքում երկրորդ փուլում չգիտեմ, թե ով կլինի մյուսը:
- Ձեր ո՞ր առավելություններն են տալիս այդչափ վստահություն:
- Եթե շախմատի օրինակով ասեմՙ ես Կասպարովից թույլ եմ շախմատ խաղում, բայց մի թագուհի ավելի ունենամՙ կհաղթեմ, այդքան գրագիտություն ունեմ: Մեր դաշտում քաղաքական գործիչներ կան, որ շատ ավելի մեծ փորձ ունեն եւ պաշտոններ են զբաղեցրել, բայց իրենց դիրքը իմ նկատմամբ պարտվողական է: Իրավունք ունեմ ասելու, որ ես հաղթանակած եմ: Եվ ծրագրային առանձնահատկություններից բացի, կարեւորը մեր անցած ճանապարհն է, մեր սկզբունքայնությունը: Այսօր բոլորն են խոսում ժողովրդավարությունից, ընտրական համակարգից, բայց ոչ բոլորն են կրում այդ արժեքները: Ցավոք, ժողովրդավար դառնում են, երբ իշխանությունը կորցնում են կամ հակառակըՙ սկսում են այլ բաներ ասել, երբ իշխանություն են ձեռք բերում: Մեզ մոտ այսպես է. իշխանությունում են, ասում են` կայունություն է, եթե ընդդիմությունում ենՙ ասում են երկիրը քանդվում է ու պետք է փրկել: Ժողովուրդը պետք է կարողանա տարբերել: Եթե գնաք խանութ, կոշիկ առնեք ու տուն հասնեք պատռվի` հաջորդ անգամ այդ կոշիկից հաստատ չեք առնի: Այսինքն` սկզբունքայնությունը ամենակարեւորն է քաղաքականությունում: Մեկը կարող է ամբողջատիրության դեմ տարիներով պայքարել ու ժողովրդավարություն չընդունել, այլակարծություն չհանդուրժել իր կուսակցության ներսում: Մենք փորձն ու օրինակներն ունենք եւ այս իմաստով մենք տարբեր ենք:
- Թացը չորից տարբերակելու ժողովրդի կարողության վրա հույս դնելը քիչ չէ՞ ընտրություններում հաղթանակի հասնելու համար:
- Մեր կարգախոսը հետեւյալն էՙ «Ոչ միայն բոլորի, այլեւ յուրաքանչյուրի նախագահն եմ»: Ուզում եմ, որ իմ ձայնը հասնի յուրաքանչյուրին: Այդ դեպքում, համոզված եմ, իրոք կլինեմ հենց այդ նախագահը: Եվ սա ասում եմ մարզերում մեր հանդիպումների արդյունքում: 2000-ին ստեղծել ենք կուսակցություն, չնայած հիմնադիրները 1988-ից եկած մարդիկ են, իսկ Հայաստանում արդեն կար այնքան կուսակցություն, որ նորը ստեղծելը շատ պատասխանատու էր: Մենք ստեղծեցինք եւ 2003-ին այդ կուսակցությունը հավաքեց այնքան ձայն, ինչքան ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ընդ որում, առանց ֆինանսական լուրջ միջոցների եւ միայն եթերի անվճար ժամերն օգտագործելով: Իսկ ձայները պահելու խնդիրը գտնում եմ, որ միայն իմը չէ: Նամակի տեղ չհասնելը ոչ միայն ուղարկողի, այլեւ հասցեատիրոջ խնդիրն է: Մեզ հասնելիք ձայնի ճանապարհին կորելը նաեւ ձայնի տիրոջ խնդիրն է: Եթե հազար մարդ ընտրական տեղամասում կանգնիՙ 9 ավտոմատավոր հանձնաժողովի անդամներ ոչինչ անել չեն կարող: Մեր կարծիքով, ընտրությունները ծառայելու մրցակցություն են, իսկ ծառա ամեն մարդու տուն չես բերի, եթե իմանաս գող է կամ կաշառող, չես բերի ծառա: Իսկ նախագահը ծառա է լավ իմաստով:
- Ծառայելու հնարավորություն ստանալու դեպքում ի՞նչ ծրագրով եք առաջնորդվելու:
- Եթե հայ մարդը կարող է գնալ Գերմանիայի բարաքներում ապրել ու այնտեղից փող ուղարկել, նշանակում է` հնարավորություն ունենալու դեպքում այս երկիրը կծաղկեցնի: Եվ դրա համար, կարծում եմ, Հայաստանում բանկը ոչ թե պետք է փողը տոկոսով տա գրավի դիմաց, այլ պետք է դառնա գործընկերՙ առաջնորդվելով մարդու կենսագրությամբ եւ ինքն էլ ռիսկի գնա: Սա նաեւ մեր ծրագիրն է: Բանկային համակարգը փոխել եւ բանկերը կդառնան գործընկեր:
- Ակնհայտ է, որ անկախ թեկնածուների նախընտրական ծրագրերի բովանդակությունից ու իրատեսական մոտեցումներից, ընտրություններում դերակատարություն ունեն նաեւ ֆինանսական ոչ աննշան ներդրումները: Այս իմաստով բավականաչափ ապահովվա՞ծ եք:
- Մեզ գումար պետք է այնքան, որքան նկարչին ներկեր, վրձին, կտավ գնելու համար: Հավասար պայմանների դեպքում, համոզված եմ, պարկերով էլ ընտրակաշառք տան, չի օգնի: 2003-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել ենք այնքան ձայն, որքան ՀՀՇ-ն, մեր կուսակցությունը 5 հազարից ավելի անդամ ունի, եթե ամեն մեկը տարեկան 10 դոլար տա միջին հաշվով, ապա կհավաքվի 50 հազար դոլար, ի վերջո ընկերներ, համակիրներ ունենք: Նախագահական ընտրություններում առաջադրվելը մեկ օրում չենք որոշել: Այդ մասին մտածել ենք դեռ Ազգային Ժողովի ընտրություններից առաջ: Ի վերջո, ես եւ մեր քաղաքական խորհուրդը ոչ միայն տեսնում, այլեւ կանխատեսում ենք: Եվ գիտեինք, որ մենք չենք տեսնելու այն թեկնածուին, որին պաշտպանենք: Հիմնական վարկածը առաջադրվելն էր, մեզ միշտ փողն է պակասել: Իսկ առաջադրվելու հնարավորությունն օգտագործելը մեզ հիմք է տալիս ասելու, որ բրոունյան շարժման նման շատերը տարբեր ուղղություններով կգնան, մենք նորից մեր տեղում կմնանք եւ անկախ արդյունքներից նորից քաղաքական դաշտը կմաքրվիՙ նրանք, ովքեր սովոր են մանդատ կամ պաշտոն ունենալ, արդեն ի վիճակի չեն լինի: 2000-ից ոչ պառլամենտական կուսակցություն ենք եւ 8 տարի կարողացել ենք մնալ նույն տեղում: Մեր հնարավորությունները գաղափարական են:
- Հավասար հնարավորությունների տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
- Դեռեւս վատ չէ: Սակայն եթերաժամի հնարավորություն է տրված ժամը 17-ն անց 15-ին, երբ հասարակության ակտիվ մասը տանը չէ, պասսիվն էլ սերիալ է նայում կամ լրիվ հույսը կտրածՙ այլ բանով է զբաղված: Անհատապես անհնար է բոլոր ընտրողների հետ հանդիպել, խիստ կարեւորվում են եթերաժամերը, որոնք անհարմար են: Բանավեճը միայն ամեն ինչ կարող է իր տեղը դնել: 2003-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մի անգամ բանավեճ եղավ ու դա շատ մեծ արդյունք տվեց: Հավաքեցինք նախկին իշխող կուսակցության հավաքած ձայների չափ: Իսկ դա այն ժամանակ երեք տարվա կուսակցության համար մեծ ձեռքբերում էր: Վճարովի եթերաժամից օգտվելու եք ֆինանսական հնարավորությունների չափով, դա էլ անընդհատ գործընթաց է: Օպտիմալ տարբերակ է նաեւ մարզային հեռուստաալիքներում եթերաժամ վերցնելը, ե՛ւ ավելի մատչելի է, ե՛ւ Երեւանում մեզ ավելի լավ են ճանաչում: Չնայած մարզերում էլ գիտեն. 2003-ին գնացել էինք Բերդ եւ վերադառնալիս գյուղերից մեկի բնակիչները հավաքվել էին մայրուղում: Մոտեցավ մի տարեց մարդ ու ասաց. «Ուղղակի ուզում եմ ձեռքդ սեղմել»: Գյումրիում հանդիպումից ինչ-որ պատճառով մեկ ժամ ուշացել էինք, ցուրտ էր, քիչ մարդ էր մնացել, բայց մի ծերունի, մրսած, ձեռք ու ոտքը դողալով մոտեցավ ու թեՙ տղա ջան, սպասել եմ, որ խոսեմ հետդ: Դա ինձ համար շատ մեծ բան է: Լինելու ենք բոլոր մարզերում, միայն փետրվարի 1-ից հետո, որպեսզի ժողովրդին նախապատրաստենք, ծրագիրը ներկայացնենք, որպեսզի հիմնական հարցերից տարբեր հարցեր էլ լինեն:
- Այնուամենայնիվ այս նախընտրական փուլում էլ տեղ գտավ կարծիքը, որ բազմաթեկնածու նախագահական ընտրություններում մասնատվում են ընդդիմության ձայները:
- Հենց մեր ծրագրում կա նաեւ ընտրական համակարգի մեր մոդելը, որ առաջարկում ենք ըստ նախապատվությունների հանրագումարի ընտրել երկրի նախագահին, այսինքնՙ բալային համակարգով: Ինչը այդ հարցը միանգամից կլուծեր: Ընտրողը կմիացներ այդ կոչերն անողներինՙ առաջինը ձայն կտար այս թեկնածուին, հետո մյուս թեկնածուին, եւ ընդհանուր գումարով կմիավորեին: Այդ համակարգով նախապատվելին էլ կդառնար առաջինը:
Ինչ վերաբերում է իմ միանալ-չմիանալուն, ապա ի՞նչ աներ Արամ Հարությունյանը, պաշտպանե՞ր Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ իր քաղաքական կենսագրության մի զգալի հատվածում եղել է վերջինիս ընդդիմադիրը: 1991-ին նախագահական ընտրություններում պաշտպանել եմ Պարույր Հայրիկյանին, երդման արարողության ժամանակ կանգնած եմ եղել սեւ դրոշներով: 1996-ին ձերբակալվել եմ հանրահավաքից հետոՙ սեպտեմբերի 25-ի գիշերը, ծեծի ենթարկվել, 17 օր պահվել մեկուսարանում: 1993-ին բանավեճի ժամանակ համալսարանից փախուստ եմ պարտադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հաջորդ օրը համալսարանի կոլեկտիվն անվստահություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանից հետո մտածում են, որ Արամ Հարությունյանը կկանգներ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքի՞ն: Աբսուրդ է:
- Մրցակից ունեք եւ հակառակորդի դիրքում որեւէ մեկին չե՞ք տեսնում:
- Նորմալ ընտրությունների, հավասար պայմանների դեպքում, համոզված եմ, երկրորդ փուլ դուրս եկածներից մեկը մենք կլինենք: Եվ երկրորդ փուլում աջակցություն հայտնելու տարբերակի մասին ասեմՙ թեկնածուները նաեւ իմ մրցակիցներն են, չեմ ուզենա որեւէ մեկի քարոզով զբաղվել: 2003-ին ասում էին` Արամ Հարությունյանը չգիտեմ ում մարդն է: Հետո Արամ Հարությունյանը ոչ ոքի չպաշտպանեց ու բոլորը հիմար վիճակի մեջ հայտնվեցին: Հիմա նույն ձեւով հնարավոր է ոչ ոքի չպաշտպանենք, նայած թե ով երկրորդ փուլ դուրս կգա: Երբեք մեր ծրագրում դրված գաղափարախոսությունից որեւէ շեղում չենք արել եւ հիմա էլ չենք պատրաստվում:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ