«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2008-01-25 | #15, 2008-01-26 | #16, 2008-01-29


«ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂ Է, ԲԱՅՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ»

Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն այս կարծիքին է

Մեր բանակը ուժեղ էր ե՛ւ 90-ականների սկզբին, երբ Վրաստանն ընդհանրապես բանակ չուներ, իսկ Ադրբեջանին էլ ապացուցեցինք, որ մենք այն ժամանակ էլ էինք ուժեղ, որովհետեւ հաղթեցինք, հիմա՛ էլ ենք ուժեղ, բայց մտահոգիչ են միտումները: Ազգային բանակի կազմավորման 16-ամյակի օրը` երեկ, «Փաստարկ» ակումբում Հայաստանի բանակը Վրաստանի եւ Ադրբեջանի բանակների հետ համեմատելիս հայտարարեց ԱԺՄ նախագահ, նախագահի թեկնածու, 1992-ին պաշտպանության նախարար եղած Վազգեն Մանուկյանը:

Հայոց բանակի կազմավորման պատմությունը ներկայացնելիս Վազգեն Մանուկյանն ուրախությամբ ընդգծեց, որ այսօր մեր երկրում բանակի ունեցած դերը չի կարելի թերագնահատել: «Այս տարածաշրջանում ապրելով` մենք երբեք չենք լինի Շվեյցարիա: Մեզ իսկապես պետք է ուժեղ եւ մարտունակ բանակ, հակառակ դեպքում մենք կկորցնենք այն ամենը, ինչ ունենք», շեշտեց ակումբի հյուրը` միաժամանակ նշելով, որ ազգային բանակի հարցում մերժելի են երկու ծայրահեղ մոտեցումներն էլ: Նախագահի թեկնածուի խոսքով, իր նախընտրական ծրագրով առաջարկվում է ժամկետային զինծառայությունը դարձնել սկզբում 1,5, հետո 1 տարի: Սրան զուգահեռ էլ` պետք է անցնել նաեւ պրոֆեսիոնալ բանակի ձեւավորմանը, որում կներգրավվեն հենց այն կռված զինվորները, ֆիդայիները, որոնք պրոֆեսիոնալ են: «Միայն հզոր բանակով այս տարածաշրջանում դիմակայելը քիչ է: Հարկավոր է ուժեղ տնտեսություն ունենալ, երաշխավորված անվտանգություն` միջազգային տարբեր կազմակերպությունների հետ կապված, բայց երկրի անվտանգության հարցում բանակը ֆունդամենտալ դեր ունի», շեշտեց նախագահի թեկնածուն, հետո ընդգծեց, թե մյուս ծայրահեղությունն էլ մերժելի է, երբ ասում են` առանց բանակի էլ կարող ենք ապրել:

Վազգեն Մանուկյանն ակնհայտ հպարտությամբ ներկայացրեց ազգային բանակի ձեւավորման պատմությունը, որը կազմավորվեց ղարաբաղյան պատերազմի բովում եւ հաջողությամբ հաղթանակ տարավ պատերազմում: Հիշեց առաջին զենքերը Ռուսաստանից բերած Վոժդին, առաջին ջոկատների հրամանատարներին, Շուշիի, Լաչինի, Ֆիզուլիի եւ վերջապես Աղդամի գործողությունները, որոնցով «կոտրվեց» Ադրբեջանի մեջքը: Այսօրվա բանակի ամրության եւ մարտունակության գնահատականը տալիս Վազգեն Մանուկյանը շեշտեց բանակում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի կարեւորությունը, որը նույնքան անհրաժեշտ է հզոր բանակին, որքան զինտեխնիկան եւ կադրերը:

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալիս նախագահի թեկնածուն նախ գոհունակություն հայտնեց լրատվամիջոցների լուսաբանումից` անգամ եթե դա արվում է արտաքին մոնիտորինգի պատճառով, հետո էլ հավելեց, որ այս շրջանում, իր կարծիքով, առերես հակաքարոզչություն, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Սերժ Սարգսյանից, մյուսների միջեւ կարծես չկա:

Նախօրեին Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին այլ թեկնածուի կողմնակից մեկին են ծեծել, իսկ Արամ Սարգսյանն էլ սպառնացել է Արտաշես Գեղամյանին: Այս տեղեկությանը Վազգեն Մանուկյանն արձագանքեց, թե նախկինում էլ նման դեպքեր եղել են, բայց սադրանքները իշխանական թեւից են եղել, իսկ երբ ընդդիմության պարագայում է նման բան լինում, նախագահի թեկնածուն սարսափելի է համարում:

«Այս ընտրությունների ժամանակ ընդդիմության մեջ բացարձակ ֆավորիտ չկա, ինչպես, օրինակ, 2003-ին էր, երբ նույնիսկ երկու ֆավորիտ կար` Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը», հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, ֆանտաստիկա է Հայաստանում ընդդիմության հաղթանակն առաջին փուլում: Նախագահի թեկնածուի մեկնաբանմամբ, ընդդիմությունից շատ ձայներ ստացած թեկնածուն դուրս կգա երկրորդ փուլ եւ կմրցի Սերժ Սարգսյանի հետ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խմբ. կողմից. - Հարգարժան պրն Վ. Մանուկյանին տեղեկացնենք, որ Շվեյցարիայի պաշտպանության բանակը Եվրոպայում ամենամարտունակներից է, անգամ պատրաստՙ միջուկային պատերազմից պաշտպանվելու: Մինչեւ 45 տարեկան ամեն քաղաքացի այդ երկրում տարին 1 ամիս պարտադիր ծառայում-վերապատրաստվում է բանակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4