Վերջին տարիներին Երեւանը ձեւձեւեցինք, կառուցապատեցինք, էլիտարախեղդ արեցինք, որտեղ մի բուռ հող գտանքՙ կառուցապատեցինք, որտեղ էլ չկարՙ ստեղծեցինք: Ասես հայաստանաբնակներով Երեւանում տեղավորվելու, միատեղվելու ծրագիր ենք իրականացնում: Սա էլ, իհարկե, փաստ լինելու չափ իրական չէ, քանի որ հանրապետության սահմաններում, բայց մայրաքաղաքից դուրս ապրողները այլ հանրապետությունների բնակիչներ են դառնում, իսկ այդ այլ հանրապետություններում էլ վաղուց բնակվող մեր հայրենակիցները լրացնում են հայոց սիրասուն մայրաքաղաքի բնակիչների շարքերը: Միայն թե առաջինները ընդմիշտ կամ երկարաժամկետ, վերջիններըՙ սեզոնային ընտրությամբ: Դե, հընթացս ընդհանուր առմամբ չեղած բարեկեցության ֆոնին մեքենաներն էլ ավելացան ու, ի թիվս այլ խնդիրներիՙ բնապահպանական խնդիրներին վերից նայելովՙ Գետառը փակել-փողոց սարքելու ծրագիր մշակեցինք եւ իրականացնում ենքՙ հանուն հարմարավետ ապրելու եւ արած-դրածը ներկայացնելիս ավելացված աշխատատեղերի քանակ գրանցելու:
Գրում եմ առաջին դեմքով նկարագրվածին միայն որպես ժամանակակցի դերում մասնակից լինելով հանդերձ, քանի որ որքան էլ ներքեւներում ասենք, կամ վերեւների լսելիքին չի հասնում, կամ էլ հասնում ու առանձնապես չի կարեւորվում:
Բայց ո՛չ, ինչ ուզում էՙ ասենք, բազմակի հաստատում անցած փաստ է, որ համապետական ընտրությունները մեր բարձրաստիճան այրերին ներքեւ են ձգում վերին ոլորտներից: Նրանք էլ կամա-ակամա առնչակից են դառնում իրականությանը, բայց կրկին իրենցՙ «վերին» իրականությանը: Ոչ վաղ անցյալում տեսանք, ինքըՙ վարչապետ Սերժ Սարգսյանը ոտք դրեց Երեւանի մետրոպոլիտենի տարածք եւ ոտքը օրհնված էր, ձեռքն էլ լիքը: Գնաց ու քիչ մնաց զարմանար տեսած-իմացածից: Ճշմարտությունն էլ խոսեց նրա բերանով. «Մարդիկ մտնում են մետրո, տեսնումՙ կաթում ա, մտածում ենՙ կփլվի ու էլ չեն նստում»: Նաեւ մանրակրկիտ բացատրեցՙ ինչ պետք է արվի. «Վագոններում չեն լինի պատռված նստարաններ, թափված ներկ, փչացած լամպեր: Մեր վագոնների տեսքը նորմալ պետք է լինի: Սա ի՞նչ ա»: Ինչպես ասում են, ցանկությունը բարի է, դժգոհությունըՙ չգիտես ում ուղղված, եթե իրավասուները նոր են ձեռնահաս եղել նորոգման գործին ու հենց վարչապետն էլ տեղեկացրեց մետրոպոլիտենի տնօրենին. «Յոլա գնալու ժամանակներն անցել են, պետք է արդեն զարգացման մասին մտածել»:
Եվ ահա նախընտրական փուլում տեսանելի ակտիվությամբ այդ զարգացման մասին իր ունեցած-չունեցած թիմերի հետ մտածում է ՀՀ 9 նախագահացու: Յուրաքանչյուրն իրեն լավագույնն է համարում առաջատարի դերում եւ ջանում հավատացնել դրանում նաեւ ընտրողին: Օրենքով էլ սահմանված է քարոզարշավի իրավունքն ու անհրաժեշտությունը: Մարդիկ էլ տեր են կանգնում իրենց իրավունքին ու ներկայանում ընտրողինՙ բերելով իրենց իրականությունը: Այդ շրջանակում էլ նախօրեին մայրաքաղաքի Էրեբունու համայնք էր այցելել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Այդ պատվին կայարանամերձ հրապարակի իրականությունը երկու-երեք օր տարբեր էր մշտականից, ակնհայտից: ՀՀ նախագահի թեկնածուն կայարանամերձ հրապարակը տեսավ սառցազերծ, հիանալիորեն մաքուր ու երթեւեկելի: Սասունցի Դավթի արձանի շրջակայքը այդչափ խնամված չէր եղել վերջին տարիներին: Եվ այդչափ տոնականացված եղել էր երեւի մեր էպոսի հազարամյակի նշման եւ արձանի տեղադրման ժամանակ: Ամեն դեպքում, Էրեբունի համայնքի եւ կայարանամերձ հրապարակի համար այս նախադեպին ականատես լինելուց հետո մնում է ասելՙ մաքրություն բերող օրհնված ոտքդ քարի չառնի, շատ տեղերում լինի ու երկար մնա:
Անկախ ամեն ինչից, համապետական ընտրություններն, իրոք, վերին ոլորտներից ցած բերում են այնտեղ գտնվողներին, բայց չեն նույնականացնում նրանց եւ մյուսներիս իրականությունը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ