Երուսաղեմաբնակ «Քաղաքացի հայերի» շարժումը թափ է առնում
Երուսաղեմից «Ազգին» հատուկ ուղղված թղթակցությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, Արթուր Հակոբյանը ահազանգում է տեղի հետզհետե նոսրացող համայնքի մասին:
Ցեղասպանությունից մազապուրծների եւ նրանց հետնորդների փոքրիկ համայնքը, որ ապրում է հինավուրց Երուսաղեմի հայկական շրջանում, խիզախ եւ վճռական քայլի է դիմել փրկելու իր եզակի դերն ու նշանակությունը պատմական այդ քաղաքում:
Ձուլման վտանգի եւ անկայուն իրավիճակի հետեւանքով «քաղաքացի» կամ «բնիկ» հայերը կանգնած են ուղեղների արտահոսքի անվերջ շարանի առաջ, որից առավել նվազելու է առանց այն էլ փոքր համայնքը:
«Մենք կորստի եւ մոռացության մատնվելու վտանգի եզրին ենք», ահազանգում են համայնքի ղեկավարները:
«Քաղաքացի հայերը» տոհմաբանական մի ընդհանրություն են, որտեղ համայնքի յուրաքանչյուր անդամ այս կամ այն ձեւով ազգակցական կապի մեջ է համայնքի մեկ ուրիշ անդամի հետ: Օրինակ, Թագուկ Խաչատուրյանը (ծնյալՙ Գեւորգյան) հայտնի երգահան եւ դիրիժոր Օհան Դուրյանի քենին է, բայց նաեւ Հակոբ Հակոբյանի (ծնյալՙ Հովսեփյան) հորաքույրն է: Նշանակում է, որ Հակոբի որդիները եւ դուստրը ազգակցական կապ ունեն Դուրյանի հետ:
Իր աստեղային ժամում համայնքը հպարտացել է հազարավոր ադամներով: Հիմա ընդամենը մի քանի հարյուրն են մնացել: Դարեր շարունակ նույն տները փոխանցվել են մի սերնդից մյուսին: Տարեկան երկու անգամՙ Սբ Ծնունդի եւ Սբ Զատկի տոներին այդ տները օրհնել է հոգեւոր հովիվը:
«Եթե մենք հստակ միջոցառումներ չձեռնարկենք, մեր պատմությունը այս սրբազան վայրում մոռացության է մատնվելու», զգուշացնում են համայնքի ղեկավարները առաջարկելով կյանքի կոչել «Քաղաքի հայերի ընտանեկան ծառ» ծրագիրը, որով հույս ունեն առաջն առնելու այդ մոռացության:
Մինչեւ օրս անձնական եւ մտերիմների հիշողության հիման վրա հնարավոր է եղել հավաքել ավելի քան 800 բնիկ հայերի ծագումնաբանական, տոհմաբանական տվյալները: Կազմակերպիչները հույս ունեն, որ կարող են ավելի շատ տվյալներ ձեռք բերել Սբ Հակոբի հայկական պատրիարքարանի արխիվներից կամ այլ առանձին անհատներից, որոնք այլ վայրերում են գտնվում: Ծննդյան, մահվան, ամուսնության վկայականներ կամ այլ փաստաթղթեր եւ նկարներ կարեւոր դեր կարող են խաղալ այս հարցում: Շատ բաց տեղեր ընտանեկան ծառում կարող են լրացվել այդ հավելյալ տեղեկություններով:
Ցարդ հավաքված տեղեկություններն ամբողջությամբ մուտքագրված են համակարգչի համապատասխան կայքում, որը կարելի է այցելել «www.kaghakaktzi.org» հասցեով:
Անցյալ տարի մեկնարկած այս ծրագիրն ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով, բացի վերոհիշյալ տոհմաբանական տեղեկություններից, ընդունվում են նաեւ տեղի կենցաղի, խոհանոցային եւ ավանդույթներին վերաբերող նյութեր, բնորոշ ասացվածքներ եւ նույնիսկ անեկդոտներ:
«Այս գործը սեր եւ նվիրվածություն է պահանջում, եւ վստահ ենք, մեր հայրենիքները պատրաստականությամբ են արձագանքելու դրան», հույս են հայտնում կազմակերպիչները եւ առավել մանրամասնություններ ստանալու համար խորհուրդ են տալիս այցելել «info@kaghakatzi.org» կայքը:
Թարգմ.ՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ