«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2008-01-25 | #15, 2008-01-26 | #16, 2008-01-29


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԻԲՐԵՎ ԱՂՈԹՔ Է ԻՋՆՈՒՄ

Ֆիլմՙ նվիրված Օհան Դուրյանին

«Հարկավոր է սիրել նոտաները եւ ոչ թե միայն դրանք նվագել», իր փորձերի ընթացքում քանիցս կրկնում է մաեստրո Օհան Դուրյանը: Շաբաթ երեկո էր. «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով երկարատեւ ողողեց դահլիճ մտնող Մաեստրոյին: Ալեքսանդր Կիսելյովի «Խոր զգացմունքների մասնագիտություն. Օհան Դուրյան» ֆիլմի շնորհանդես-պրեմիերան էր: Ֆիլմը նկարահանվել է Ստաս Նամինի պրոդյուսերական կենտրոնում... Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ եւ ՀՀ կառավարության որոշմամբ 2005-ին սկսվել են ֆիլմի աշխատանքները, որին ակտիվ մասնակցել է Ստաս Նամինը, մեծապես աջակցել է բժիշկ Վահան Վարդապետյանըՙ Մաեստրոյի արվեստի ջերմ երկրպագուն:

«Սա միայն շնորհանդես չէ, սա սիրո խոստովանություն է մեծ արվեստագետին, մեծ մարդուն, անկաշառ, ազնիվ մտավորականին», բացման խոսքում ասաց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Մաեստրոյին մաղթելով առողջություն, եւ մեզՙ ֆիլմի շնորհանդեսից հետո Օհան Դուրյանին տեսնել իր համար սահմանված տեղումՙ դիրիժորական վահանակի մոտ:

«Պոռթկում, բռնկում, աննկարագրելի նվիրում, երաժշտությունից փոքր-ինչ շեղումը ոճրագործության համարում, բացառիկ պրոֆեսիոնալիզմ, խոնարհում արվեստին», ահա այսպես բնութագրեց Օհան Դուրյանին նրա տաղանդի նվիրյալ, ինչպես ֆիլմում ասվեց, մաեստրոյի հոգեզավակ, Վահան Վարդապետյանը:

Ֆիլմի պրոդյուսերըՙ Ստաս Նամինը արտակարգ ջերմությամբ ներկայացրեց Օհան Դուրյան-երեւույթին, նրա հոգու մեծությունը, անսովոր տաղանդը, ստեղծագործ էությունըՙ ի դեմս նրա տեսնելով հայ մշակույթի վերջին մեծերից. «Այնպես, ինչպես նա է սիրում Հայաստանը, ոչ ոք չի կարող սիրել»:

Օհան Դուրյանը նստած էր դահլիճի վերջին շարքերում, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Երբ միկրոֆոնը մոտեցրին իրենՙ դահլիճը լարված սպասում էր, լռություն տիրեց, որ թվաց երկար. կերկերուն, մի քիչ խռպոտած, ձայնի խորը հնչյուններով Մաեստրոն դժվարությամբ արտաբերեց. «Սիրելի քույրեր ու եղբայրներ» խոսքերը: Հիշեցրեց Բեթհովենի «Ձոն ուրախությանը», որտեղ միլիոններին հորդոր է ուղղվում դառնալ եղբայրներ, ողջագուրվել. «Այս մի բուռ հողի վրա փոխադարձաբար հարգանքով ապրենք:

Համբուրում եմ իմ բժիշկներին, սիրելի երաժիշտներին, բոլոր ազնիվ գործիչներին: Եկեք միասին կերտենք Հայաստանը»:

Ֆիլմը պատմում է Օհան Դուրյանի կյանքի ու արվեստի մասին, կառուցված է հայտնի մի շարք արվեստագետների կարծիքների, մաեստրոյի համերգային ծրագրերի եւ տարբեր նվագախմբերի հետ ունեցած փորձերի հատվածային համադրումներով, հեղինակային տեքստի ուղեկցությամբ: Ներկայացվում է Դուրյան-երաժշտի բարձր պրոֆեսիոնալիզմը, բացառիկ նվիրումը, աստվածաշնորհ տաղանդն ու մեծ ներշնչումները:

Այն, որ երաժշտությունն իր տարերքն է, իր աշխարհն է, այնքա՜ն բնական է, եւ նվագավարությունըՙ իր կոչումը, դա եւս ակնհայտ փաստ է. ՀՀ ժողովրդական արտիստ, Ավինյոնի Նոր Պապ, Ֆրանսիայի արվեստի ու գրականության պատվավոր ասպետ Օհան Դուրյանը այսօր աշխարհում լավագույնը համարվող երեք դիրիժորներից մեկն է: Նա բացառիկ նվագավար չէ միայն, նա մեծ արտիստ է, երաժշտությունը գերզգացող մեծ հոգի, իր կյանքը բաց ստեղծագործություն է: Նրա բեմական ապրումը ոչ միայն տարերք է հիշեցնում, այլեւ աղոթք է: Դա սիրո՛ աղոթք է, խնկարկում արվեստին: Իր ելույթների ընթացքում նրա աչքերը փակ են. նա խոսում է կիսախուբ աչքերի դեպի վեր ուղղված հայացքով: Արվեստների մեջ ամենաեթերայինիՙ երաժշտության հնչյունների թեւերըՙ թեթեւ, արտիստիկ նրա շարժումները դարձնում են մոգական, տանում դեպի վեր, բա՜րձր, շատ բա՜րձր:

Երաժշտությունը հոսում, արտիստի շարժումը մերձենում, ձուլվում է երկնքին. այսպիսի գեղեցիկ, քնարական ավարտ ունի ֆիլմը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ.Գ.- Ֆիլմին ավելի ուշ հանգամանորեն կանդրադառնա երաժշտագետ Սվետլանա Սարգսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4