«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2008-01-25 | #15, 2008-01-26 | #16, 2008-01-29


ՍՓՅՈՒՌՔ. ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ 2007 թվականի նշումով նախորդ ամիսներին լույս են տեսել հետեւյալ ուշագրավ հրատարակությունները.

- Երեւանի պետական բժշկական ինստիտուտից շրջանավարտ ատամնաբույժ, Լիբանանի խորհրդարանի անդամ, ՍԴՀԿ ղեկավարներից Եղիկ Ջերեջյանի «1912-ի օսմանեան երեսփոխանական ընտրութիւնները եւ արեւմտահայութիւնը» գիրքը (Բեյրութ):

- Երաժշտագետ-արվեստաբան Լիդա Բերբերյանի հեղինակած` «Էմմանուէլ Մելիք-Ասլանեան. դաշնակահար, երաժշտագէտ» գիրքը (Թեհրան): Իրանահայ երաժշտական ականավոր գործչին նվիրված այս գրքի ներկայացումը տեղի է ունեցել 2007-ի նոյեմբերի 9-ին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (Հ. Մ. Ա. Կ.) կենտրոնի «Կոմիտաս» սրահում` 4 տարի առաջ մահացած Է. Մելիք-Ասլանյանի ոգեկոչման հանդիսության ժամանակ:

- 1931 թվականից Թեհրանում լույս տեսնող «Ալիք» թերթը (1941թ.ից` օրաթերթ) 2006 թվականին զուգադիպած իր 75-ամյակի առթիվ լույս է ընծայել «Ալիք 75» ժողովածուն, որն ընդգրկում է ողջույնի գրեր, աշխատակիցների հուշեր, պարբերականի պատմության նյութեր եւն.: Լուսանկարներով եւ փաստաթղթերի պատճեններով հարուստ ժողովածուն կարեւոր աղբյուր է իրանահայ գաղթօջախի 20-րդ դարի պատմության ուսումնասիրման համար:

Անցնող վերջին շաբաթներին սկսել են լույս տեսնել նաեւ հետեւյալ պարբերականները.

- Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, հնդիկ եւ հայ մտավորականների համագործակցությամբ, սկսել (ըստ ոմանց` վերսկսել) է հրատարակվել «Ազդարար» երկլեզու պարբերաթերթը` կոչված հայ պարբերական մամուլի առաջնեկի անունով: Հայերեն բաժինը պատրաստել է քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցչուհի Գրետա Անդրեասյանը, իսկ անգլերեն բաժինը` Վաշինգտոնից Վարդանուշ Սահակյանը: Պարբերականի հովանավորն է ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյան-Թոմասին: ՀՀ-ից «Ազդարարի» հրատարակությանն աջակցել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի ազգային գրադարանը, «Հայ արվեստ» հանդեսը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը (այս առթիվ հայտնենք, թե ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը մոտ մեկ տասնամյակ առաջ սկսեց հրատարակել «Ազդարար Հնդկաստանի» եռալեզու` հայերեն, հնդկերեն, անգլերեն հանդեսը):

- Անցյալ տարվա վերջին, Բեյրութի «Արարատ» երկօրյայի հավելվածի կարգավիճակով սկսել է լույս տեսնել «ՀՄՄի արիներ» պարբերականը, որը տեղեկություններ է հաղորդում ՍԴՀԿ հովանավորության տակ գործող եւ 1921-ին հիմնված Հայ մարմնամարզական միության սկաուտական եւ մարզական գործունեության մասին` հատկապես Լիբանանում:

- ՌԱԿ Բեյրութի «Մկրտիչ Փորթուկալյան» ակումբը «Յունուար 2008» նշումով, սակայն իրականում 2007-ի դեկտեմբերի 22-ից առաջ լույս է ընծայել իր «Հայաստան» պարբերաթերթի անդրանիկ համարը` Ա-3 չափսի 12 էջ ծավալով: Նյութերն ընդգրկում են կուսակցության պատմությունից հրապարակումներ, ՀՌԱԿ հաղորդագրություններ, ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի հայտարարությունը եւն.:

- Լիբանանի ազգային առաջնորդարանը այս տարվա Սբ. Ծննդի օրը` հունվարի 6-ին թողարկել է իր «Ճրագ» պարբերաթերթի առաջին համարը: 18 x 25.8 թերթիկը հանրամատչելի ձեւով տեղեկություններ է փոխանցում շաբաթվա տոների, Հայ եկեղեցու եւ Աստվածաշունչ մատյանի մասին:

Բացի վերոհիշյալներից, որոշ ուշացումով` անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին լույս է տեսել «Կամար» «գրականութեան եւ գեղարուեստի անկախ պարբերաթերթի» հերթական` 4-րդ թիվը: Հանդեսը, ինչպես միշտ, տեղ է հատկացրել գրականությանը, գրականագիտությանը, արվեստագիտությանը` հայրենի եւ սփյուռքահայ գրողների եւ ուսումնասիրողների աշխատակցությամբ: Այս համարի նյութերի զգալի մասը նվիրվել է «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» աջակցությամբ ՀՀ-ում եւ սփյուռքում լույս տեսած հրատարակություններին (գրքեր, պարբերականներ) եւ նույն հիմնարկի օժանդակած այլ նախաձեռնություններին, որոնց մասին գրել են հանդեսի պատասխանատու խմբագիր Ժիրայր Դանիելյանն ու Երեւանի համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը:

Անցյալ տարվա վերջին օրերին Բեյրութում լույս են տեսել «Արարատ» եւ «Ազդակ» թերթերի ամանորյա ավանդական բացառիկ համարները` համապատասխանաբար 144 եւ 464 էջ ծավալով` հիմնականում տեղական մտավորական ուժերի հեղինակած նյութերով: Իսկ 2007-ի հունվարի 10-ից հետո ընդհատված Բեյրութի «Զարթօնք» օրաթերթը շարունակում է լռեցված մնալ: Լիբանանի` 1962-ի ընդունված «Հրատարակությունների մասին» օրենքի համաձայն, մեկ տարվա ընթացքում որեւէ համար չթողարկած պարբերական հրատարակությունը զրկվում է արտոնագրից.

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4