Թբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեծ հաջողության հասավ` նվաճելով Պեկինի օլիմպիադայի ուղեգիր: Այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկներն արդեն օլիմպիական 13 ուղեգիր են նվաճել: Դրանցից հինգը պատկանում է ծանրորդներին, 3-ը` բռնցքամարտիկներին, 2-ը` ըմբիշներին ու ձյուդոյիստներին, մեկը հրաձիգ Նորայր Բախտամյանին:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը տեղ զբաղեցրեց լավագույն ութնյակում: Նա առաջին գոտեմարտում հաղթեց լատվիացի Դմիտրիս Կոզլովին, ապա 3-0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Եվգենի Ստանեւի նկատմամբ: Հաջորդ փուլում հայ ձյուդոյիստը մաքուր հաղթանակ տոնեց հույն Ալեքսանդրոս Գորտեեւի նկատմամբ: Մեր մարզիկի հաղթարշավը շարունակվեց նաեւ լիտվացի Ալբերտ Տեշովի հետ գոտեմարտում (7-0): Ցավոք, Դավթյանին չհաջողվեց մտնել եզրափակիչ` կիսաեզրափակիչում զիջելով չեխ Պավել Պետրիկովին: Բրոնզե մեդալի համար պայքարելու համար Դավթյանին նախ անհրաժեշտ էր հաղթել հույն ըմբիշ Ալեքսանդրիս Լավրենտիսին: Սակայն դա նրան չհաջողվեց: Արդյունքում հայ ձյուդոյիստը բաժանեց 5-6-րդ տեղերը: Սակայն դա էլ բավական էր օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:
Քաշային այդ կարգում Հայաստանից հանդես էր գալիս նաեւ Աշոտ Վարդիկյանը: Առաջին գոտեմարտում նա հաղթեց վրաց ձյուդոյիստ Ամիրան Պապինաշվիլուն, բայց հաջորդում զիջեց ռուսաստանցի Եվգենի Կուդյակովին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Մինչեւ 66 կգ քաշային կարգում Մեսրոպ Բարբարյանն առաջին գոտեմարտում զիջեց ադրբեջանցի Ռամիլ Ղասիմովին, որը դարձավ բրոնզե մրցանակակիր: Դա հնարավորություն ընձեռեց Բարբարյանին շարունակելու պայքարը: Նա տոնեց մեկ հաղթանակ, մյուսում պարտվեց ու ավարտեց ելույթները: Նույնպիսի ճակատագրի արժանացավ Համբարձում Տոնոյանը, որը 2 հաղթանակ տոնելով, զիջեց հաջորդ մենամարտում ու դուրս մնաց պայքարից: Մեր մյուս ձյուդոիստներից առավել հաջող հանդես եկավ Հակոբ Առաքելյանը` բաժանելով 7-8-րդ տեղերը 90 կգ քաշային կարգում: Իսկ ահա Ռոբերտ Վարդանյանին (73 կգ), Ղազարոս Գրիգորյանին (73 կգ), Արմեն Իսպիրյանին (81 կգ) եւ Հովհաննես Մաթեւոսյանին (81 կգ) չհաջողվեց տեղ զբաղեցնել լավագույն ութնյակում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ