Ամերիկայի Հայ դատի Հարավային Ֆլորիդայի գրասենյակից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին Ֆլորիդայի 19-րդ տեղամասում Հայ երիտասարդների դաշինքի կազմակերպած հավաքը համախմբել է հայ եւ հույն համայնքների հարյուրավոր ակտիվիստների, որոնք միահամուռ աջակցություն են արտահայտել Դեմոկրատական կուսակցությունից առաջիկա օգոստոսին կայանալիք կոնգրեսական ընտրությունների թեկնածու դոկտ. Բենջամին Գրեյբրին եւ դեմ ենՙ կոնգրեսական Ռոբերտ Ուեքսլերին: Վերջինս պատկանում է Հայոց ցեղասպանությունը ժխտողների խմբին: Անցյալում նա նաեւ բացասական վերաբերմունք է ունեցել Կիպրոսի հարցի վերաբերյալ:
Ցուցարարները «Քվեարկեք Գրեյբրի օգտին», «Ուեքսլերը Կոնգրեսից դուրս» կարգախոսներով են հանդես եկել: Երկու ժամից ավելի տեւած հանրահավաքին մասնակցել են Հայ դատի կենտրոնական կոմիտեին կից գործող Հայ երիտասարդների դաշինքի նախագահ Իզաբել Օհանյանը, Հայ դատի Ֆլորիդայի մասնաճյուղի նախագահ Ալբերտ Մազմանյանը, կիպրոսական համայնքի ներկայացուցիչՙ Նիկոս Տանրիսը, սերբական համայնքիցՙ Ջոն Բոսնիչը եւ նախագահության թեկնածու դոկտ. Բենջամին Գրեյբրը, որն իր ելույթում ասել է. «Աշխարհը արդար, հանգիստ եւ խելացի առաջնորդների կարիք ունի: Պատերազմների ժամանակաշրջանը պետք է վերջ գտնի, տեղը զիջելով խաղաղության փոխըմբռնողության եւ համագործակցության նոր դարաշրջանի: Ես փոփոխությունների կողմնակից եմ, հավատում եմ խաղաղության ներգործուն ուժին եւ պատրաստ եմ միջնորդի դեր կատարել տարբեր գաղափարների եւ հավատի մարդկանց միջեւ: Այդ նպատակով եմ ցանկանում լինել ձեր կոնգրեսական ներկայացուցիչը»:
Ըստ հաղորդագրության, Ֆլորիդայում ապրում են մի քանի հազար հույներ եւ հայեր:
Հ. Ծ.