«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԻՆՉՈ՞Ւ ԱՂՔԱՏՆԵՐԻ ԲԵՐԱՆԻՑ ԿՏՐԵԼՈՎ ՏԱԼ ՆԱԵՎ ՊԱԼԱՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ

Օրերս տեղեկացանք, որ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, մեր երկրում ծնելիության խթանման նպատակով, իր նախընտրական ծրագրում նախատեսել է յուրաքանչյուր ծնվող առաջին երեխային միանվագ հատկացնել 200.000 դրամ, երկրորդ երեխայինՙ 300.000 դրամ, երրորդինՙ 500.000, չորրորդինՙ 600.000, հինգերորդինՙ 700.000, վեցերորդ երեխայինՙ 1 մլն դրամ: 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին նախատեսել է պետության միջոցների հաշվին ապահովել անվճար բնակարանով եւ ավտոմեքենայով:

Թերեւս ավելորդ է ասել, որ Հայաստանում ծնելիության, բազմազավակության խթանումը շատ կարեւոր է, ունի ռազմավարական նշանակություն: Սակայն այլ խնդիր է, թե ինչպե՞ս եւ ովքե՞ր են նման խոստումներ տվողները: Անձամբ ես չեմ հավատում Ա. Բաղդասարյանի խոսքին, կարծում եմ, որ նա հերթական անգամ պարզապես դիմում է պոպուլիզմի, ընտրազանգվածային գեղեցիկ խոստումներով սիրաշահելու հնարքի: Այնուամենայնիվ, սա դեռ մի կողմ թողնենք, որովհետեւ, կրկնում եմ, ընդամենը իմ անձնական կարծիքն է: Ուշադրությունը բեւեռենք մեկ այլ խնդրի...

Ընդունենք, թե պետությունն իսկապես կկարողանա այդ միջոցները հայթայթել ու հատկացնել: Սակայն այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ պետք է բյուջեից (այսինքնՙ նաեւ սոցիալապես անապահովների հաշվից) 200.000-1 մլն դրամ հատկացնի պալատներում ապրող մեծահարուստների, օլիգարխների ընտանիքներում ծնված առաջինից վեցերորդ երեխաների համար:

Սա՞ է սոցիալական արդարությունը Ա. Բաղդասարյանի պատկերացմամբ... Այլ խնդիր, եթե նման խրախուսումը վերաբերեր միայն սոցիալապես անապահով ընտանիքներին, իհարկե, գտնելով վերջիններիս որոշման ավելի ճիշտ, արդյունավետ եղանակներ, ապահովելով սոցիալական աջակցության, խրախուսման հասցեականության ավելի մեծ ճշմարտություն:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4