Նախագահացուների յուրօրինակ գաղափարները
Նախընտրական պայքարին, թույլ տվեք այդպես որակել, հետեւելիս ակամա տպավորություն կարող է ստեղծվել, թե նախագահական «մրցավազքին» մասնակից 9 թեկնածուներն իրապես ասելիք, ավելին, նաեւ լրջմիտ ու բազմիցս կշռադատված ծրագրեր ունեն Հայաստանի զարգացման առնչությամբ: Սակայն որոշ թեկնածուների դեպքում հեռանկարում երկրի զարգացման տեսլականը ունենալու օգտին ուզածդ հիմնավորումը կաղում է այն պատճառով, որ ինքնանպատակ է անգամ առաջադրումը:
Թեկնածուներից ոմանք իրենց այնպիսի առաքելություններ են վերագրում, որ առնվազն զսպված ծիծաղ է հարուցում: Հեռուստաեթերից էլ, ոչ ամոթ կա, ոչ ինքնագնահատման օբյեկտիվություն, հնչում է ինչ ասես, ինչպիսի որակում ասես: Ընդ որում, ընդհանրական է այն մոտեցումը, թե տվյալ պահին հեռուստաէկրանին երեւացող թեկնածուից բացի որեւէ այլ մեկի ընտրության դեպքում Հայաստանի, չէ, ինչ Հայաստան, աշխարհի վերջն է գալու, ապոկալիպսիս ու նման ուրիշ բաներ:
Միայն ինքնասիրահարված մարդը կարող է սեփական կենսափորձը փրկչական որակների «վկայաբանություն» համարել: Ընդ որում, Արտաշես Գեղամյանի նախընտրական «Արարման ծրագիրն» էլ, քարոզչության հեռուստատեսային տարբերակի նման, երանի տալու ցանկություն է առաջացնում, բայց ի տարբերություն գեղամյանական իրականությանն ու կարողություններին ձոն երգողների, ոչ թե իրենց թեկնածուի, այլ նրա անպաշտոն լինելու առնչությամբ, քանի որ քարոզչանյութերում, օրինակ, Գրիգոր Լուսավորչի եկեղեցու կառուցման առնչությամբ տեսանյութում Գեղամյանի կրակաշունչ, ներեցեք, թերեւս սազական է բոցաշունչ, ճառի կադրերով անուղղակիորեն սխալ հասցեատեր է նշվում:
Ինչեւէ, բացարձակապես այլ իրականություն է ներկայացնում Դաշնակցությունը, որի պարագայում անգամ թեկնածու Վահան Հովհաննիսյանի խոսքերից պարզ չի դառնում, թե, ի վերջո, որտեղ է Դաշնակցության տեղը: Վահան Հովհաննիսյանը ասում է, թե մեր ողջ դժբախտությունը արդարության բացակայությունից է: Է, հարգելիս, ինչով էր այդ դեպքում զբաղված Դաշնակցությունը իշխանական կոալիցիայում, երբ մեր բովանդակ երկրում չկա արդարությո՞ւն:
Կամ նույն Հովհաննիսյանը գտնում է, թե իշխանությունը Հայաստանում տեր է դարձել, իսկ ժողովուրդը` ծառա, մինչդեռ հակառակը պիտի լինի: Այս դեպքում ակնհայտորեն մեղադրանք կա ներկայիս իշխանությունների հասցեին, որ, ներող կլինեք ուղղամտության համար, գրեթե նույնքան դաշնակցական է, որքան հանրապետական: Ուրեմն սա ինքնաքննադատությո՞ւն է, թե քվեի թվաքանակի ապահովում, որ Դաշնակցությունը «իրավամբ» ներկայացնի թերեւս յուրօրինակ մի հավակնություն` վարչապետության «սեփականացմամբ»:
Թե ինչով են զբաղված թեկնածուներ Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը, թերեւս ոչ հետաքրքրական է, ոչ էլ թեկուզ հուզիչ, քանի որ երկուսի պարագայում էլ ինքնաբավության այնպիսի որակներ են ի հայտ գալիս, որ ենթադրելի է, թե նրանց միայն նախագահացու լինելն արդեն իսկ կարեւոր հանգամանք է եւ բավարար` նախագահական ընտրություններում որպես թեկնածու հանդես գալու որոշման համար:
Ընդհանրապես թեկնածուների մոտ ցանկությունները բացարձակ դոմինանտ են, նրանց բոլորի ծրագրերում գեղեցիկ ու տրամադրող արտահայտություններ են գրված, միայն թե առավել կարեւոր պահը` իրագործումը միշտ չէ, որ նախընտրական ծրագրի բաղկացուցիչ է դիտվել:
Այն, որ Հայաստանն օրերից մի օր, իր ժամանակին, երբ պատմական պահն ու մնացյալ մեզանից անկախ հանգամանքները հայանպաստության ու հայաստանանպաստության խաչմերուկ բերեն մեզ, իսկապես հավանական է, որ փայլուն ապագա է ունենալու: Բայց որ Սերժ Սարգսյանի հավաստմամբ ենք ունենալու այդ ապագան, ավելին, Հայաստանին այդ փայլուն ապագան սպասում է, դժվար է իրականանալի ընկալել մոտակա առնվազն մի 20 տարվա կտրվածքով:
Սարգսյանին հիմնական մրցակից համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում էլ կարծես հիշողության խնդիր ունեն ոչ միայն տերպետրոսյանական իշխանավարման տարիներին Հայաստանում ծվարածները, այլեւ ինքը` նախագահական թեկնածուն: ԼՏՊ-ի անունը տալիս անընդմեջ հիշատակում են մի երկու տասնյակ կուսակցությունների` նրա թեկնածությանը աջակցելու մասին, եւ դա այն դեպքում, երբ ինքը` Տեր-Պետրոսյանն անտեղյակ կամ էլ ոչ լավատեղյակ է սատարող ուժերից, քանի որ չկարողացավ գոնե երեք աջակցող կուսակցության անուն հիշել:
Չնայած այս առումով էլ առանձնակի զարմանալու խնդիր չկա, քանի որ գաղտնիք չէ, ցայսօր մեզանում գործող կուսակցություններն ավելի շուտ մեկ անձի իրականություն են, քան քաղաքական ուժ դասական եւ անգամ ոչ դասական իմաստով: Լավ է դեռ, որ ԼՏՊ-ին չհարցրեցին, թե կոնկրետ ովքեր են իրեն սատարում, այլապես ամոթալի կլիներ այն իրավիճակը, որում կարող էին հայտնվել, օրինակ, Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Զ. Սարգսյանը: Վերջիններս ամեն դեպքում, եթե խոսենք կուսակցական համախոհությունից, էլ չեմ ասումՙ ուղղակի հարգանքից, պետք է գոնե այդ օրը ուսուցչական մի ձեռնարկում իրականացնեին` առաջին նախագահին հիշեցնելով ոչ միայն իրենց, այլեւ մյուս ի շարս 20 քաղաքական ուժերի հանդես եկող կուսակցությունների անունները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ