«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Հաշված օրեր են մնացել նախագահական ընտրություններին, իսկ մեր երկրի ազգաբնակչության գրեթե զգալի մասը դեռ չի էլ կողմնորոշվել, թե ում կարելի է ձայն տալ: Չի էլ կարելի մեղադրել եւ ոչ մեկին: Նախընտրական խառնաշփոթ ընթացքն ու քաոսային վիճակն այնպիսի մթնոլորտ են ձեւավորել, որ կարդալով, տեսնելով թեկնածուների նախընտրական ծրագրերը եւ իրենց իսկ նկատմամբ ունեցած հսկայական կարծիքը, թվում է, թե ընտրություններին հաղթանակով է դուրս գալու ոչ թե մեկ, այլ յոթ-ինը նախագահ: Ուշադրություն դարձրեք մամուլի ասուլիսի հրավիրված կամ հանրահավաքի ու քարոզարշավի դուրս ելած նախագահի յուրաքանչյուր թեկնածուի, բոլորն արդեն իրենց նախագահ են պատկերացնում, իսկ իրենց շուրջը հավաքված թիմակիցներից յուրաքանչյուրը զգում է իրեն վարչապետի կամ էլ այլ ծանրակշիռ պաշտոնյայի դերում: Աստված ոչ անի, եթե փորձես թեկնածուներից որեւէ մեկին հարցնելՙ պարոն թեկնածու, եթե հանկարծ առաջին փուլում չանցնեք, եւ եթե լինի երկրորդ փուլ` ո՞ւմ կսատարեք ձեր թիմակիցների հետ: Պատասխանը կարելի է ակնկալել այս կերպ. «Ի՞նչ երկրորդ փուլ, ի՞նչ պարտություն. առաջինն եմ եւ առաջին փուլով էլ պետք է հաղթեմ»: Եվ ցավալին այն է, որ այսպիսի հայտարարություններ կամ եզրակացություններ կանեն այնպիսի թեկնածուներ, որոնց գրեթե չես ճանաչում կամ էլ իր ամբողջ կյանքում աչքի չի ընկել որեւէ հանրահայտ գործով:

Ինչեւէ, նախկինում գոնե նախագահական ընտրություններում մտավորականությունն էլ էր գլուխ բարձրացնում` սրտացավություն ցուցաբերելով սեփական ժողովրդի ճակատագրով: Իսկ այսօր, չգիտես ինչու, չես տեսնի մի մտավորականի, որ հրապարակավ գլուխ բարձրացնի` բարձր ամբիոններից խոսի ժողովրդի շահերից: Լավագույն դեպքում կտեսնես հուսալքված կամ էլ սեփական եսի համար շահագրգռված մեկ-երկուսին, որոնք կանգնած են այնպիսիների կողքին, որոնցից կամ մեծ ակնկալիք ունեն իրենց իսկ հետագա բարօրության համար, կամ էլ նախկինում պաշտոն զբաղեցրած թեկնածուից մի փայաբաժին էլ իրենք են սպասում վերջինիս նախագահ դառնալու դեպքում:

Չնայած, գրողն էլ, հրապարակախոսն էլ, նկարիչն էլ դարձել են պետության նշանակած պաշտոնյայի գրողն ու նկարիչը, հրապարակախոսն ու քանդակագործը, երբ մրցանակաբաշխությունների ժամանակ էլ նախօրոք հայտնի է, թե ում պետք է տրվի մրցանակը, ով պետք է ճանաչվի լավագույն գրող կամ գրքի հեղինակ, ահա այստեղ էլ նկատելի է, որ գործարարների ու տնտեսության մեջ մենաշնորհ ունեցող անձերի նման էլ, մեր մտավորականությունը նույնպես սերտաճած է իշխանական թեւերին, որոնք որոշում ենՙ ով է գրող, ովՙ նկարիչ կամ ճարտարապետ: Տեսե՞լ եք երբեւիցե մի ճարտարապետի, որի մտքի թռիչքը մեր քաղաքի մի «ծաղկուն» մաս կազմելով, որեւէ կողմնորոշիչ միտք հղի բանից անտեղյակ «ոսկեբերան» մեր թեկնածուներին ընտրելու հարցում:

Ի՞նչն է պատճառը, որ այսքան անտարբեր են մեր մտավորականները` իրենց իսկ երկրի ճակատագրի հանդեպ. զբաղված են իրենց ստեղծագործական աշխատանքներո՞վ, թե՞ վախի մթնոլորտն է պարուրել նրանց` վերջին մրցանակներից էլ զրկվելու հարցում: Մի՞թե էլ չենք ունենալու Թումանյան ու Նալբանդյան, Չարենց ու Բակունց, Սարյան ու Թամանյան եւ նման այլ մտածողներ: Միգուցե այսօրվա նախագահի թեկնածուներն են մտավորականներ դարձել` իրենց հրատարակած հաստափոր ծրագրերով ու նախընտրական խոստումներով` բարձր ամբիոններից ժողովրդին հրամցնելով իրենց ոսկեձույլ ստեղծագործ մտքերն ու ծրագրերը, հռետորական ձիրքն ու ասմունքը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4