Սոցիոլոգն ու քաղաքագետը տարբեր կարծիքներ ունեն
48-ամյա Արտեմ Գրիգորյանը խոհարար է, ամեն օր տարբեր հաճախորդների զրույց-քննարկումներն է լսում նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին: Կարծիքներն այնքան տարբեր են եւ այնքան անկայուն, որ նա էլ չի կողմնորոշվում, թե ում կարող է ընտրել: Ասում է, թե իրենց տանը նույն վիճակն է, 4 ընտրող կա, բոլորը տարբեր կարծիքներ ունեն: Քարոզարշավից արդեն անցել է մոտ 10 օր, բայց Արտեմ Գրիգորյանը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու: «Ես ոչ մեկին չեմ ուզում, բոլորից հիասթափված եմ, ով էլ ընտրվի, ես պիտի շարունակեմ իմ խոհարարի գործը ու մի կերպ ընտանիքս պահեմ: Բայց մտածում եմ, որ էսօրվա վիճակից ազատվելու համար գնամ, մեկին ընտրեմ: Էս ինչ վիճակ է, էսօր վախի մթնոլորտ է, 16 տարեկան երեխեքը հղփացած ման են գալիս, ինչ է, չգիտե՞մ ում երեխեքն են: Մտածում եմ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողանար էս վիճակը ուղղեր, իրեն կընտրեի, բայց չգիտեմ», ասում է 48-ամյա խոհարարը:
Լիլի Գեւորգյանը 23 տարեկան է, գյուղակադեմիայի շրջանավարտ, աշխատում է երկրորդ կուրսից: Ասում էՙ անպայման պիտի գնա ընտրությունների, որ չլինի այնպես, թե չի մասնակցել այդ իրադարձությանը, բայց չգիտի ում ընտրի: «Ես ոչ Լեւոնին եմ ուզում ընտրել, ոչ էլ Սերժ Սարգսյանին: Չեմ կարող մոռանալ էն վատ տարիները, դրա համար Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ ընտրի, իսկ Սերժ Սարգսյանին էլ չեմ ընտրի, որովհետեւ հիմա էլ վիճակը լավ չէ: Երեւի բոլորի վրա գիծ քաշեմ, դեմ լինեմ բոլորին, ուղղակի գնամ քվեարկեմ, որ քվեաթերթիկս չօգտագործեն: Չէ, կամ էլ չգիտեմ, երեւի մի անկապ մեկին ընտրեմ, էնքան որ...», տարակուսանք է հայտնում Լիլին:
Գուցե մեզ հանդիպած երկու ընտրողներն էլ չկողմնորոշված ընտրազանգվածից էին, բայց կան նաեւ կողմնորոշվածները: Հունվարի 21-ից մեկնարկած քարոզարշավը գոնե պետք է քիչ թե շատ կողմնորոշած լիներ ընտրողներին: Ի վերջո, այս պահին բնակչության ո՞ր մասն է կողմնորոշված փետրվարի 19-ի ընտրության հարցում:
Անկախ քաղաքագետ եւ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, օրվա տեղեկատվությունից դատելով, կարծում է, որ բնակչության մեծ մասը դեռ չի կողմնորոշվել կամ ավելի շատ ձգտում է պասսիվություն դրսեւորել: Նրա խոսքով, ժողովրդի այս չկողմնորոշված հատվածից կարող է օգտվել այն թեկնածուն, ով խոստումներ շռայլելուց բացի այդ ընտրազանգվածին կկարողանա գրավել այլ բաներով, օրինակՙ ընտրակաշառքով:
«Ազգի» հետ հեռախոսազրույցում Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ ընտրական այս շրջանում ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ է եղել մեր երկրի նախընտրական իրավիճակներում: «Ամեն բան սովորական է, առանց անակնկալների», ընդգծեց վերլուծաբանն ու առանձնացրեց ընտրողների հետ համաձայնագիր կնքելու Վահան Հովհաննիսյանի առաջարկած նորությունը, որը, սակայն, Շաքարյանցի կարծիքով, դժվար թե բերի այն ցանկալի արդյունքին, ինչպիսի արդյունք հիշյալ մեթոդը տասնյակ տարիներ շարունակ բերել է արեւմտյան երկրներում:
Քաղաքագետի համոզմամբ, այս պահին գոնե չկա ժողովրդի բացարձակ մեծամասնության համակրանքը վայելող նախագահի թեկնածու, պարզապես կան քիչ թե շատ կայուն ընտրազանգված ունեցող թեկնածուներ, որոնց սակայն ձայն կտան ոչ թե նրանց արած գործի համար, այլ շահերից, ավանդույթներից ելնելով: Այդպիսի թեկնածուների շարքում նա առանձնացնում է Վահան Հովհաննիսյանին, Սերժ Սարգսյանին:
Ժողովրդի կողմնորոշվածության աստիճանի եւ ներկա տրամադրությունների մասին բացարձակ այլ կարծիքի է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, որը քարոզարշավի մեկնարկին հանրապետության տարբեր շրջանների մոտ 3500 մարդկանց շրջանում հարցում է կատարել: «Հարցվածների 30 տոկոսը չի հետաքրքրվում սոցիալ-քաղաքական իրադարձություններով եւ կոնկրետ նախագահական ընտրություններով, էն 70 տոկոսն էլ տարբեր աստիճանի հետաքրքրություն է դրսեւորում: Նրանցից մոտ 40 տոկոսը հնարավորինս հետեւում է բոլոր նորություններին, 30 տոկոսը չի հետեւում կամ դեռ չի հետեւում», հայտնեց սոցիոլոգը:
Ադիբեկյանի գնահատմամբ, մարդկանց մոտ 10-15 տոկոս կա, որ դեռ որոշում չի կայացրել եւ կկողմնորոշվի քարոզարշավի ավարտին. «Քարոզարշավն ընդհանրապես ամրացնում է արդեն ընտրություն կատարածների համոզմունքը, թե ճիշտ ընտրություն են կատարել, մյուսներին էլ հավաստիացնում է, որ իրենք ճիշտ են, որ չեն հետաքրքրվում, սա ի՞նչ է, խայտառակություն է, նման բան կլինի՞, մերժողական մոտեցումն է ավելի: Իսկ տատանվողները որոշում են կայացնում վերջին 10 օրում»:
Սոցիոլոգի հարցմամբ, ժողովուրդը լավ էլ կողմնորոշված է. «60-63 տոկոսը գիտի ում է ձայն տալու: Հոկտեմբերին մեր հարցմամբ կողմնորոշված էր մարդկանց 45 տոկոսը, դեկտեմբերինՙ 68, հիմա էլՙ 63 տոկոսը:
Ըստ նրա, նախագահական ընտրապայքարին մասնակցող թեկնածուների քանակը շատ չէ. «Նրանցից 3-ը` Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանն ընդհանրապես խաղի մեջ չկան, միասին մեկ տոկոսի մեջ են: Երկրորդ խումբն է հետո, որի մեջ են Վահան Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնք հավակնում են երեւի 3-5 տոկոսի ձայների: Հետո գալիս է հաջորդ խումբը` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Արթուր Բաղդասարյան, որոնք 10 տոկոսի են մոտենում: Եվ հաջորդը Սերժ Սարգսյանն է, որը վաղուց անցել է 60 տոկոսի սահմանը»:
Հետաքրքրական է, թե քարոզարշավին ժողովրդի կողմնորոշվածության պատկերը որքանով կհամապատասխանի Ադիբեկյանի այսօրվա նկարագրած միտումներին: Չնայած, խորհրդարանական ընտրությունների նրա սոցհարցման արդյունքները շատ չէին տարբերվում իրականությունից:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ