«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԳԵՂԱՄՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲՈՒՔԸ ՓԱԿԵՑ

Արտաշես Գեղամյանը շատ է սիրում Շիրակ աշխարհը, որովհետեւ այստեղ աշխատել է իր հայրը: Նա ինքը` հանրապետության նախագահի ներկա թեկնածուն իր հերթին այստեղ համակիրների բավական կայուն շրջանակ ունի: Սակայն այս անգամ Շիրակը, ավելի ճիշտ` մայրաքաղաքից այստեղ բերող ճանապարհներն «անհյուրընկալ» գտնվեցին, եւ ընտրողների հետ երեկ Գյումրիում հայտարարված հանդիպումը չկայացավ: Ինչպես հայտնվեցինՙ ժամը 16-ին քաղաքի «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում այդ նպատակով հավաքվածներին, Արտաշես Գեղամյանը չի կարողացել ժամանել` Երեւան-Գյումրի ավտոմայրուղու Լանջիկի հատվածի բքից փակ լինելու պատճառով: Չի հաջողվել մարզ մտնել նաեւ Արմավիր-Գյումրի ճանապարհով, որը փակ է եղել Թալինի հատվածում: Այդ պատճառով նաեւ չի կայացել թեկնածուի ժամը 14-ին նշանակված հանդիպումը Արթիկում:

«Ազգային միաբանության» փոխնախագահ Կորյուն Առաքելյանը, կուսակցության տեղական կառույցի ղեկավար Լեւոն Գալստյանը, հանդես գալով դահլիճում հավաքվածների առջեւ եւ խոսելով Գեղամյան գործչի ու ներկաներին բաժանված նրա «Արարման ծրագրի» արժանիքների մասին, հավաստիացրին, որ նախագահի թեկնածուի հետ հանդիպման որեւէ տարբերակ առաջիկայում կգտնվի եւ այդ մասին լրացուցիչ կհայտնվի:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4