«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 42 ՏՈԿՈՍԸ, ԱԺ-ԻՆՙ 19, ԻՍԿ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ 27 ՏՈԿՈՍԸ

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ քաղաքական զարգացումների, ինչպես նաեւ այդ երկրների գյուղական եւ քաղաքային վայրերի զարգացումների մասին է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) 2007-ին անցկացրած հետազոտությունը, որի շնորհանդեսը կկայանա այսօր: Հարավկովկասյան երկրներում շուրջ 8 հազար տնային տնտեսությունների չափահաս անդամներ պատասխանել են ավելի քան 300 հարցերի, որոնք առնչվում են նրանց քաղաքական հայացքներին, հասարակական արժեքներին, երկրում կատարվող իրադարձություններին եւ այլն:

Ըստ այդմ, Հայաստանում հարցվածների համարյա կեսը նշել է, որ չի հետաքրքրվում ազգային քաղաքականությամբ, իսկ հետաքրքրվողների 36 տոկոսն էլ խոստովանել է, որ մեր ազգային քաղաքականությունը դժվար հասկանալի է: Հայաստանում երկրի նախագահին վստահում է հարցվածների 42 տոկոսը, Ազգային ժողովինՙ 19, իսկ կառավարությանըՙ 27 տոկոսը: Ընդ որում, կառավարությանն ավելի շատ վստահում են երեւանաբնակները:

Հարավկովկասյան երեք երկրներում էլ աշխատասիրությունն ու պատասխանատվությունը համարվել են ամենակարեւոր որակները, որոնք պետք է սերմանել երեխաների մեջ: Իր կարեւորությամբ երրորդ ցանկալի որակը տղաների համար Վրաստանում եւ Ադրբեջանում համարվել է անկախությունը, իսկ Հայաստանումՙ հանդուրժողականությունն ու հարգանքն այլոց նկատմամբ: Աղջիկների համար որպես ցանկալի որակ Հայաստանում նշվել է համեստությունը, մինչդեռ Վրաստանումՙ կրոնական հավատը, իսկ Ադրբեջանումՙ տնտեսվարությունը:

Ուշագրավ են իրենց կյանքի ընթացքը կարգավորելու հնարավորության մասին հարցի պատասխանները: Հայաստանում հարցվածների 36 տոկոսը կարծիք է հայտնել, որ իրենցից քիչ բան է կախված սեփական կյանքը կարգավորելու գործում, մինչդեռ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ կարծիքին են միայն համապատասխանաբար 21 եւ 30 տոկոսը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4