«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ՀԱԿԱՍԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Ոմանք կտրուկ ավելացրել են հարկային վճարումները, մյուսներըՙ նվազեցրել

Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 2007-ի հունվար-դեկտեմբերի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը եւ նրանց վճարած հարկերի ընդհանուր գումարը: Տարեկան արդյունքներով այս տարի եւս Հայաստանի թիվ 1 հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 33,6 մլրդ դրամ հարկ: Այս գումարը շուրջ 800 մլն դրամով գերազանցում է կոմբինատի նախորդ տարվաՙ 2006-ի ցուցանիշը: Երկրորդ տեղում «Արմենտելն» էՙ 20,8 մլրդ դրամով: Նախորդ տարվա ցուցանիշը ընկերությունը գերազանցել է գրեթե 600 մլն դրամով: Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Հայռուսգազարդը»ՙ 20 մլրդ դրամով, բայց այս ընկերությունը նախորդ տարվա համեմատ էապեսՙ ավելի քան 6 մլրդ դրամով ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը:

2007-ին կտրուկ աճել են նաեւ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատորիՙ «Ղ-Տելեկոմի» («Վիվասել») վճարած հարկերը: Ընկերությունը 6 մլրդ դրամով ավելի շատ հարկեր է վճարել, քան 2006-ին եւ 15,5 մլրդ դրամ ցուցանիշով 4-րդ տեղում է: Հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցնում են վառելիք ներկրող երկու խոշոր ընկերություններըՙ «Քաղպետրոլսերվիսը» եւ «Ֆլեշը»: Առաջինը վճարել է 10 մլրդ դրամ, ինչը 1,2 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, երկրորդըՙ 9,6 մլրդ դրամ, ինչը 200 մլն դրամով է ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն պետք է նշել, որ «Ֆլեշն» ավելի շատ շահութահարկ է վճարել, քան «Քաղպետրոլսերվիսը»:

7-րդ տեղում ոչ անհայտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպն» է, որը վճարել է 9,1 մլրդ դրամ: Հատկանշական է, որ նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 5 մլրդ դրամ եւ գտնվում էր 9-րդ տեղում: Հիշեցնենք, որ անդրադառնալով 300 խոշոր հարկատուների ցանկին, մշտապես մատնանշել էինք այս գործարարի ստվերային գործունեության մեծ ծավալների մասին: Փոքր եւ միջին գործարարներն էլ հաճախ հենց նրա անունն են տալիս, երբ ցանկանում են արդարանալ սեփական ստվերի մեծ ծավալների մասին խոսելիս, ասելով «Թող Լֆիկ Սամոն հարկերը մուծի»: Փաստորեն, անցյալ տարի նրանց մատնանշած խոշոր գործարարին պատկանող ընկերությունը ավելի քան 4 մլրդ դրամով կամ գրեթե կրկնակի ավելի գումար է վճարել, քան 2006-ին: Սա, անշուշտ, չի նշանակում, թե Սամվել Ալեքսանյանը մեծ մասամբ դուրս է եկել ստվերից, բայց դրական տարբերությունն առկա է: Հարկ է նաեւ նշել, որ անցյալ տարի նա շարունակել է օգտվել շահութահարկի օրենքով ընձեռված հնարավորությունից, ինչի ժամկետն այս տարի ավարտվում է:

«Պարես Արմենիան» 8-րդն է եւ վճարել է 7,6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 600 մլն դրամով: Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է: 9-րդ տեղում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վճարել է 4,9 մլրդ դրամ, որը շուրջ 300 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: 10-րդ տեղում «Երեւանի ջրմուղ-կոյուղին» էՙ 4,3 մլրդ դրամ հարկային վճարումներով:

Մեկ այլ խոշոր գործարար Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշընլ մասիս տաբակ», «Գրանդ քենդի» եւ մյուս ընկերությունները միասին վճարել են ավելի քան 9 մլրդ դրամի հարկեր: Մասնավորապես զգալիորեն ավելացել են «Գրանդ քենդիի» վճարած հարկերըՙ նախորդ տարվա 1,2 մլրդ դրամի փոխարեն կազմելով 1,6 մլրդ դրամ:

Ուշագրավ է «Քեթրին» ընկերության ցուցանիշը: Նա զբաղեցնում է 27-րդ տեղը եւ վճարել է 1,7 մլրդ դրամի հարկ: Համեմատության համար նշենք, որ 2006-ին այս ընկերությունը զբաղեցնում էր 158-րդ տեղըՙ մոտ 300 մլն դրամ վճարած հարկերով: Հիշեցնենք, որ սա հենց այն ընկերությունն էր, որը ցույց էր տվել թե իբր Հայաստանից 1 մլրդ դրամի բանան է արտահանում եւ պետությունից ստացել է իր ցույց տված արտահանման դիմաց վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարը: Այս ընկերության վերոնշյալ ապօրինությունը քննարկվեց նախագահի մոտ կայացած խորհրդակցությունում, ինչի արդյունքում էլ վերջինս, հակառակ իր ցանկության, նման առաջընթաց արձանագրեց հարկերի վճարման ասպարեզում:

Հայտնի օլիգարխներից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» վճարել է 1,3 մլրդ դրամ եւ գտնվում է 45-րդ տեղում: Անցյալ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է երեք անգամ: Անցյալ տարի «Արարատցեմենտը» 107-րդ տեղում էր եւ վճարել էր ընդամենը 412 մլն դրամ:

Ցեմենտ արտադրող մյուս ընկերությունըՙ «Միկա ցեմենտը», որ այս տարվա ընթացքում մշտապես բացակայել է 300 խոշոր հարկատուների ցանկից, տարվա արդյունքներով կրկին հայտնվել է այս ցանկում: Սակայն, ի տարբերություն «Արարատցեմենտի», նա գտնվում է միայն 277-րդ հորիզոնականում եւ վճարել է ընդամենը 218 մլն դրամ: Այսինքն, ակնհայտ է, որ Միխայիլ Բաղդասարովին պատկանող այս ընկերության ստվերային գործունեության ծավալներն ահռելի են: Հավելենք նաեւ, որ անցյալ տարվա համեմատ այս ընկերության վճարած հարկերը նվազել են: 2006-ի ցուցանիշներով «Միկացեմենտը» 150-րդ տեղում էր 306 մլն դրամ վճարած գումարով:

Նույն խոշոր գործարարին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը վճարել է 205 մլն դրամ եւ գտնվում է 291-րդ տեղում: Մինչդեռ նախորդ տարի 136-րդն էր եւ վճարել էր 330 մլն դրամ: Մի խոսքով, եթե մեկ-երկու տարի առաջ ամենամեծ ստվերային գործունեություն իրականացնողներն էին համարվում Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, ապա այժմ այդպիսին է դարձել Միխայիլ Բաղդասարովը:

Մի շարք ոլորտներում գործող հայտնի ընկերություններում այս տարվա արդյունքներով արձանագրվել է հարկային նկատելի ավելացում, բայց միաժամանակ հարկ է նշել, որ հատկապես ներմուծող եւ առեւտրային գործունեություն իրականացնողերը շարունակում են էապես գտնվել ստվերի մեջ:։ Անցյալ տարվա արդյունքներով խոսել հարկերի հավաքման ոլորտում ընդհանուր առմամբ զգալի առաջընթացի մասին դեռ վաղ է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4