«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ

Այսօրվա դրությամբ կան զգալի թվով հայ գրողներ, որոնք իրենց գրքերում արտացոլում են հիմնականում Ղարաբաղի պատերազմը, իրենց հայկական ազգային գաղափարը: Բայց ամբողջ հայ գրականությունը` ինչպես ժամանակակից, այնպես էլ հին, ծայրեծայր բաղկացած է ժողովրդական-գաղափարախոսական թեմայից: Կարող եմ թվարկել որոշ հեղինակների. Սարգիս Կանտարջյան, Լեոնիդ Հուրունց, Խաչիկ Դաշտենց:

Վեպերը 19-րդ դարի վերջերի-20-րդ դարի սկզբների հայկական ազատագրական շարժման մասնակիցների` «հայդուկ» (ֆիդայի) անունով հայտնի գյուղացիների մասին են, որոնք ոտքի են կանգնել հայ ժողովրդին օսմանյան լծից պաշտպանելու:

Երեւանում ակտիվորեն գործում է Հայաստանի Ազգային գրադարանը: Վերջերս հայերենով տպագրվեց Ռաֆիկ Ղազարյանի «Ինչպես երգեմ քո հիշողությունը» գիրքը, որը նվիրված է հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 120-ամյակին: Գրքում ներկայացված են բանաստեղծի կյանքի ժամանակագրությունը, նրան նվիրված հոդվածների ու գրքերի մատենագրությունը, ժամանակակիցների ասույթները Տերյանի մասին:

Ամբողջ հայ գրականությունը պատերազմի, ցեղասպանության, իրավունքների պաշտպանության մասին է: Սխեման սովորական է: Հայ գրականության մեջ չկան կոնցեպտուալիստներ, ավանգարդիստներ. միայն ցանկեր են Ղարաբաղի, ցեղասպանության մասին ճչացող հեղինակների անուններով: Չափակշռված, բուրժուական արվեստ է:

Դա շարունակվում է արդեն քանի տարի անընդմեջ. հայերը գրում են հայոց երջանկության մասին, որը, ինչպես հայտնի է, աներեւակայելի է առանց ցնցող կորուստների:

Արդի հայ հեղինակներից կարող եմ նշել Նինա Գաբրիելյանին, նրա «Խոտի տերը» ստեղծագործությունը:

Այդ վեպը բանի պետք չէ, թեեւ գրված է վարպետորեն: Նա գրում է շնչելու պես, բայց դա քիչ է. վեպով ժողովրդական դառնալը տրված է ոչ ամենքին: Ոճի եւ մարդկության կուտակած գիտելիքների ծանր հրետանիով զինված Նինան չգիտե, թե ինչի մասին է գրելու: Թերեւս` միայն իր մասին, սեփական անձի բացառիկության մասին:

Հայ կին գրողներից է նաեւ բանաստեղծուհի Տատյանա Օչերետյանը: «Ձեզ հանդիպում կնշանակեմ տողերի միջեւ». սա արդեն ինչ-որ բան է:

Նա ամենատաղանդավոր հայ գրողն է, ունի նոր, ավելի ստույգ` խորը, ուժեղ մտքեր: Տատյանայի գործերում չկա հոգեկան ճիգերի ցուցադրություն: Նա կարճ դրվագի վարպետ է, առաջարկում է ռիթմիկ եւ արտասյուժետային արձակի փորձարարություններ, որոնք անմիջականորեն աղերսվում են պատմվածքի ժանրին:

«Պատմվածքների ժողովածուի» նմանօրինակ տեխնոլոգիան թույլ է տալիս զգալիորեն խնայել ջանքերը. վեպի կայացման համար բավական է մեկ-երկու կարեւոր իրադարձություն, որոնց շուրջը կուտակվում են ընդմիջարկված պատմություններ. տեքստը ծավալվում է, դառնում բազմաստիճան եւ բազմաշերտ:

Այսինքն` «սովորական» մտքերը շարժվում են մի իրադարձությունից մյուսը, եւ գրողը պարտավոր է մշտապես հորինել եւ ընթերցողի հետաքրքրության հնոցի մեջ նետել նորանոր մանրամասնություններ: Վերլուծականությունը փոխվում է քնքշության եւ համեմվում պարզությամբ: Օչերետյանը չի վախենում տափակաբանություններից:

ԱԼԲԵՐՏ ԱՆԻԿԻՆ, Kultura.Az


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4