Լիսաբոնում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը հրատարակել է Փարիզում ապրող եւ ստեղծագործող գեղանկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի գունավոր պատկերագիրքըՙ բազմաթիվ աշխատանքների վերատպություններով, հայտնի լրագրերի եւ մասնագետների, նշանավոր մարդկանց գնահատականներով:
Ֆրանսերեն հրատարակությունում, որը հեղինակը նվիրել է իր տիկնոջըՙ Ալիսին, զետեղվել են հայտնի արվեստաբան Ժերար Մուրգի եւ այլ բարձր հեղինակությունների ընդարձակ հոդվածները, «Մոնդ», «Ֆիգարո» եւ այլ թերթերի գնահատականներ, «Բենեզիտ» հայտնի հանրագիտարանում հրապարակված կենսագրականը, Արամ Խաչատրյանի խոսքը եւ այլն: Պատկերագրքում տպագրված աշխատանքների թվում են հայաստանյան բնապատկերների շարքըՙ «Դիլիջան», «Մարմարաշեն», «Քրիստոսի մուտքը Անի», «Աղթամար», «Տաթեւի վանքը», «Հաղպատի վանքը», «Անի. Տիգրան Հոնենց եկեղեցին», «Նորավանք», «Լենինականի երկրաշարժը», Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» ներկայացման համար գրած երաժշտության, Կոմիտասի «Պատարագի» թեմաներով աշխատանքներ եւ այլն:
Վերատպություններից մեկը պատկերում է Ղրիմը. բնօրինակը պահվում է Սիմֆերոպոլի պատկերասրահում: Այն նկարվել է 1990 թվականին, երբ հեղինակը երեւանցի եւ արտասահմանցի մի խումբ հայ նկարիչների հետ մեկ ամիս աշխատել է Ղրիմում` մասնակցելով Հովհաննես Այվազովսկուն նվիրված հանդիսություններին: Այդ գործն էլ նա ընծայել է տեղի պատկերասրահին: Ղրիմյան մեկ այլ գործ նկարիչը 2004 թվականին Փարիզից բերել է Երեւան եւ նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին:
Հայաստանի հետ նկարչի կապերն սկիզբ են առնում 1957 թվականից, երբ նա, Մոսկվայում մասնակցելով երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնին, մի խումբ արվեստագետների հետ (Օհան Դուրյան, դաշնակահար Րաֆֆի Պետրոսյան, կիթառահար Բյուզանդ Ֆնդիկյան եւ ուրիշներ) նստել է գնացք, եւ եկել տեսնելու իր նախնիների երկիրը: Այնուհետեւ բազմիցս է այցելել Հայաստան, նաեւՙ երկու անգամ Լեռնային Ղարաբաղ` շրջելով հանրապետությունում, բացելով անհատական ցուցահանդեսներ:
Ութսունյոթամյա արվեստագետն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հրավեր է ստացել ցուցահանդես բացելու Երեւանում: Նաեւ հրավերներ ունի Նյու Յորքից, Չիկագոյից եւ Լոս Անջելեսից: Նա մտահոգություն է հայտնել, որ տարիքի մեծության պատճառով գուցե չհասցնի իրականացնել բոլոր ծրագրերը, բայց անպայման գալու է Երեւանՙ ցուցահանդեսով կամ առանց դրա:
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակից-«Ազգի» համար