Հետաքրքրական ժողովուրդ ենք: Ավելի հաճախ նախընտրում ենք վարվել այնպես, ինչպես մեզ է հարմար, բայց սակավաթիվ չեն դեպքերը, երբ գերակայության բարձունքներ ենք հասցնում եվրոպական արժեքներն ու իրականությունը:
Մենք` լրատվամիջոցներս էլ, բնավ չենք խորշում ըստ պատեհության եւ հարմարության հրապարակելու որեւէ երեւույթ, հանգամանք, իրադարձություն: Կենդանաբանական խանութի ցուցափեղկերում նախագահական ընտրություններին մասնակից թեկնածուներից մեկի գովազդային պաստառները զավեշտալի են որակվել` հենց այդօրինակ խանութի ցուցափեղկին հայտնվելու պատճառով («Հայք», 26.01.08):
Մինչդեռ եվրոպական, առավել եւս ամերիկյան իրականությունում դա ոչ միայն լավ, այլեւ շատ լավ քայլ է: Կենդանասեր լինելը եւս որակ է, որ գնահատման է արժանանում նախընտրական փուլում: Վկանՙ ծանոթուհիներիցս մեկը, որ նկարը տեսնելուց հետո առանց երկմտելու որոշեց իր քվեն տալ հօգուտ այդ թեկնածուի: Այնպես որ, միանշանակ որեւէ բան պնդելուց առաջ, հարկ է իսկապես օբյեկտիվ ու անաչառ դիրք ունենալ եւ քարոզչության կամ հակաքարոզչության թողնելիք ազդեցության մասին նախապես մտածել:
Ա. Հ.