«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-01-26 | #16, 2008-01-29 | #17, 2008-01-30


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՄԵՆԱՄԱՐՏԵԼՈՒ ԱՄՆ-ՈՒՄ

Ամերիկացի հանրահայտ պրոմոութեր Բոբ Արումը բանակցում է գերմանական Sauerland Event պրոմոութերական կազմակերպության հետ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտն ԱՄՆ-ում կազմակերպելու համար: Արումը մտադիր է հունիսի 7-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում բռնցքամարտի խոշոր շոու կազմակերպել, որի գլխավոր իրադարձությունը կլինի WBC-ի եւ WBO-ի վարկածներով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Կելի Պավլիկի եւ ամերիկացի Ջոն Դադիի մենամարտը: Արթուր Աբրահամի մասնակցությունն այդ շոուին հնարավորություն կընձեռի ամերիկացի մարզասերներին ծանոթանալու հայ բռնցքամարտիկի հետ եւ հող նախապատրաստել հետագայում Պավլիկի հետ մենամարտ կազմակերպելու: Նախատեսվում է, որ Արթուրի մրցակիցը հնարավոր է լինի Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ջովանի Լորենցոն: Վերջինս 27 տարեկան է եւ պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է` հաղթելով բոլոր 26 մենամարտերում:

Կելի Պավլիկը փետրվարի 16-ին հանդիպելու է միջին քաշում աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4