Ջիբրալթարի շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար, որոնք իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին: Տիգրան Պետրոսյանը սպիտակներով առավելության հասավ նորվեգացի միջազգային վարպետ Ջոն Համերի նկատմամբ: Վարուժան Հակոբյանն էլ սպիտակներով հաղթեց Շեն Յանին: Այս հաջողության շնորհիվ հայ շախմատիստները զգալիորեն շտկեցին իրենց մրցաշարային վիճակը: Պետրոսյանը 5,5 միավորով 4-8-րդ տեղերն է բաժանում Յու Վանգի, Բարտոզ Սոչկոյի, Վադիմ Մալախատկոյի եւ Անտոանետա Ստեֆանովայի հետ: Հակոբյանը 5 միավորով մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 9-30-րդ տեղերը:
7 տուրից հետո աղյուսակը գլխավորում է մասնակիցների շրջանում անհատական վարկանիշով (2691) երկրորդը համարվող չին գրոսմայստեր Բու Քսյանջին, որն ունի 6,5 միավոր: Նա սեւերով պարտության մատնեց Կիրիլ Գեորգիեւին: 6-ական միավորով նրան հետապնդում են Վիկտոր Բոլոգանն եւ Զախար Եֆիմենկոն: Բոլոգանը հաղթեց Ստեֆանովային, Եֆիմենկոն առավելության հասավ Հաո Վանգի նկատմամբ: 8-րդ տուրում Բու Քսյանջին սպիտակներով կմրցի Վիկտոր Բոլոգանի հետ: Եֆիմենկոյի մրցակիցը կլինի Սոչկոն: Պետրոսյանը սեւերով կխաղա Սիմեն Ագդեստայնի հետ: Հակոբյանի մրցակիցը կլինի Վիկտորյա Ցմիլիթեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ