Ինչպես տեղեկացանք «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից, թիմի առանցքային ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը շուտով կմեկնեն Դոնեցկՙ փորձաշրջան անցնելու տեղի «Մետալուրգում»: Այս օրերին նշված ֆուտբոլիստները Երեւանում ազգային հավաքականի կազմում նախապատրաստվում են փետրվարի 2-6-ը Մալթայում կայանալիք մրցաշարին, որի ավարտից հետո էլ կմեկնեն Դոնեցկ: Ի դեպ, Մալթայում հանդես չեն գա հավաքականի դարպասապահներ Ռոման Բերեզովսկին ու Գեւորգ Կասպարովը: Հավաքի հրավիրված «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանն էլ վնասվածք ունի: Այնպես որ Մալթա կմեկնեն Մայիս Ազիզյանը («Ուլիս») եւ Գրիգոր Մելիքսեթյանը («Փյունիկ»):
Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա Սանկտ Պետերբուրգից վերադառնալով, թիմը մարզումները շարունակում է Երեւանում: «Բանանցի» կազմում ներկայում մարզվում են մի խումբ լեգեոնականներ, ինչպես նաեւ «Կիլիկիայից» հրավիրված Արտաշես Բաղդասարյանը: Փետրվարի 2-ին «Բանանցը» կմեկնի Կիպրոսՙ ուսումնամարզական հավաքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ