Մայրաքաղաքի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որը նաեւ ընտրական բնույթ էր կրում: Հանրապետության չեմպիոնի տիտղոսի համար քաշային 7 կարգերում պայքարի էին դուրս եկել 80 ըմբիշներ: Բաքվում անցած տարվա սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնությունից հետո ՀՀ առաջնությունը փաստորեն մեր ըմբիշների համար առաջին լուրջ փորձությունն էր Պեկինի օլիմպիական խաղերից առաջ: Մինչ այդ նրանք ուսումնամարզական հավաք էին անցկացրել Ծաղկաձորում եւ պետք է առաջնությունում դրսեւորեին իրենց ունակությունները:
Մեր տիտղոսակիր ըմբիշներից կրկին իր բարձրության վրա էր Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Ռոմանը եզրափակիչ գոտեմարտում հաղթեց Գառնիկ Կարապետյանին ու հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Իսկ ահա Եվրոպայի չեմպիոններ Կարեն Մնացականյանը (60 կգ) եւ Մովսես Կարապետյանը (74 կգ) վնասվածքներ ստանալովՙ դուրս մնացին մեդալների համար մղվող պայքարից: Դիրքերը զիջեց Հայաստանի անցյալ տարվա չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), որը բավարարվեց միայն բրոնզե պարգեւով: Իսկ չեմպիոնի տիտղոսին արժանացավ Էդգար Բաբայանը: Քաշային մյուս կարգերում լավագույնը ճանաչվեցին Խոսրով Մելիքյանը (60 կգ), Արտակ Հարությունյանը (66 կգ), Տիգրան Սահակյանը (84), Արման Գեղամյանը (96 կգ) ու Արա Առաքելյանը (120 կգ):
Անդրադառնալով մրցաշարի արդյունքներին, հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ըմբիշները լավ տպավորություն թողեցին: Այս անգամ առաջնությանը չէին մասնակցում օլիմպիական ուղեգիր նվաճած Արման Ադիկյանը (66 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ), ինչպես նաեւ Դենիս Ֆորովը (84 կգ):
Առջեւում մեր ըմբիշներին նոր պատասխանատու մրցումներ են սպասում, որոնցում հնարավորություն կա օլիմպիական ուղեգրեր նվաճել: Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի, մեր ըմբիշները դեռեւս կարող են 3-4 օլիմպիական ուղեգիր նվաճել: Առաջին լուրջ մրցաշարն ապրիլի 3-6-ը Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որտեղ քաշային յուրաքանչյուր կարգում մեկ ուղեգիր է վիճարկվելու: Այնուհետեւ տեղի կունենան եւս երկու վարկանիշային մրցաշարերՙ մայիսի 8-11-ը Իտալիայում (յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի չորս ուղեգիր) եւ մայիսի 22-23-ըՙ Նովի Սադում (երեքական ուղեգիր): Հուսանք, որ այդ մրցաշարերում մեր ըմբիշներին կհաջողվի օլիմպիական ուղեգիր նվաճել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ