«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


ԿՈՍՈՎՈՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈ՞Ն

Վրաց ընդդիմությունը կրկին սպառնում է բողոքի ակցիաներով

Կոսովոյի իրավիճակը, որքան էլ պնդեն, թե նախադեպ դառնալու հավանականություն չունի, այնուամենայնիվ, զգալիորեն փոխել է ոչ միայն տրամադրությունները, այլեւ տրամադրվածությունը այն հակամարտություններում, որոնց որեւէ կերպ կարող է առնչվել անկախություն ստանալու Կոսովոյի դեպքը: Հատկապես պետք է հաշվի առնել, որ խոսվում է Կոսովոյի միակողմանի անկախանալու հավանականության մասին, որի դեպքում նմանօրինակ միակողմանի որոշումների կայացումը կարող է շղթայական ռեակցիայի նման «անցնել» մի շարք հակամարտություններով:

Կոսովոյի նախադեպ դառնալուց մտահոգ Ադրբեջանի համեմատությամբ Հայաստանը քանիցս հայտարարել է, որ տարբեր է դիտարկում Կոսովոյի եւ ղարաբաղյան հակամարտությունները: Մինչդեռ Կոսովոյի դեպքի նախադեպ դառնալուն միանշանակ հակառակվում են Վրաստանում, որի պարագայում աբխազական եւ հարավօսական հակամարտությունները մեծապես կապված են ռուսաստանյան իրողությունների եւ մոտեցումների հետ:

Մասնավորապես, տարբեր մակարդակներում հայտարարությունների եւ տեղեկությունների ձեւով քննարկվում էր հավանական մի սցենար, որի դեպքում Ռուսաստանը կարող էր ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսական ղեկավարությունը չի հայտարարել, թե Կոսովոյից անմիջապես հետո Ռուսաստանը կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան որպես հանրապետություններ: Ամեն դեպքում, Ռուսաստանը պնդում է, թե նախադեպ կառաջանա անկախ որեւէ կողմի ցանկությունից:

Ինչեւէ, այս հայտարարության բավականին յուրօրինակ մեկնաբանության հետեւանքով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շտապեց ողջունել Լավրովի հայտարարությունը` այն պարզեցնելով, թե Ռուսաստանը երբեք չի ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան: Սաակաշվիլու սխալ մեկնաբանության առնչությամբ երեկ ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կրկին ներկայացնելով Լավրովի խոսքերը:

Եվ մինչ Սաակաշվիլին ողջունում էր Լավրովի չարած հայտարարությունները, վրաց ընդդիմությունը պահանջում է խորհրդարանական ընտրությունները մայիսին անցկացնելու փոխարեն կազմակերպել ապրիլին: Ընդդիմադիր 12 կուսակցությունների ղեկավարների եւ անցած նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի միասնական հայտարարության համաձայն, 2008 թվականի հունվարի 5-ի նախագահական արտահերթ ընտրությունները անցկացվել են կեղծիքներով ու բռնություններով, ինչը ուղղակի ազդեցություն է ունեցել արդյունքների վրա:

Ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում Միխեիլ Սաակաշվիլու լեգիտիմությունը եւ հրաժարվում են համագործակցել նրա հետ, պաշտոններ ստանձնել կառավարությունում, որի կազմն օրեր առաջ ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը:

Ընդդիմությունը պահանջում է, որ վիճարկելի ընտրատարածքներում քվեների վերահաշվարկ կատարվի, կեղծարարները պատժվեն, պաշտոնանկ արվեն ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը, վերակազմավորվեն ուժային որոշ կառույցներ եւ ապրիլին անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

Lեւան Գաչեչիլաձեն հայտարարել է, որ եթե իշխանությունները չկատարեն ընդդիմության պահանջները եւ զիջումների չգնան, ապա իրենք փետրվարի կեսերից բողոքի ակցիաներ կսկսեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին սկսած հանրահավաքային ակցիայի ընթացքում միասնական ընդդիմությունը իր պահանջների 4 կետերից բաղկացած ցուցակը սկսեց հենց խորհրդարանական ընտրությունների ժամկետի տեղափոխման պահանջով, որն ի վերջո վերաճեց առանց նախագահի Վրաստան ունենալու պահանջին: Սաակաշվիլին թերեւս ամենաճիշտ քաղաքական քայլին գնաց` հունվարի 5-ին նշանակելով արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց ընդդիմությունն անգամ պատրաստվելու ժամանակ չունեցավ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4