«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-ԻՆ

Մի շարք առումներով հետընթաց ենք արձանագրել

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ամենաեռուն շրջանն է: Նախագահի թեկնածուները ընտրազանգված դարձած ժողովրդի առջեւ բացել են բոլոր խաղաքարտերը, գործի են դնում բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերն ու քարոզչական հնարքները հնարավորինս շատ ձայներ պոկելու համար: Անշուշտ այդ ամենը պետք է համարել օրինաչափ ինչպես Հայաստանի, այնպես էլ քիչ թե շատ ժողովրդավարական այլ երկրների համար: Սակայն այս ընտրություններն ունեն առանձնահատկություններ, որոնք որոշակիորեն տարբերում են նրանց մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից: Որո՞նք են դրանք:

Առաջին եւ հիմնական առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ, Հայաստանի գործող նախագահը այլեւս վերընտրվելու իրավունք օրենքով չունի եւ չի մասնակցում նախընտրական գործընթացներին: Սա լավ նախադեպ է, ինչը վկայում է, որ զանազան հեղափոխություններից կամ հեղաշրջումներից կարծես թե ձերբազատվում ենք եւ նախընտրում գնալ բնականոն ճանապարհով:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ երկրի նախագահ ընտրվելու հավակնորդներից մեկը նախկին նախագահն է, ինչը դարձյալ դրական նախադեպ է եւ դարձյալ վկայում է Հայաստանում ժողովրդավարության որոշակի մակարդակի մասին:

Երրորդ առանձնահատկությունն այն է, որ անկախության տարիներից հետո առաջին անգամ, մեր հասարակությունը հնարավորություն է ստանում ընտրելու ոչ միայն տարբեր թեկնածուների, այլեւ այդ տարիների ընթացքում իշխանության գլուխ գտնված ուժերի միջեւ: 90-ականներին ՀՀՇ-ի այլընտրանքը, փաստորեն, մինչ անկախության շրջանի միակ իշխող ուժն էրՙ կոմունիստական կուսակցությունը: 1998 եւ 2003 ընտրությունների ժամանակ պատկերը գրեթե նույնն էր, քանզի ընտրություն պետք է կատարվեր դարձյալ կոմունիստական շրջանի ղեկավարի, ապա նրա որդու եւ անկախության շրջանի թեկնածուի միջեւ: Եվ ահա 2008-ին հնարավորություն է ստեղծվել ընտրություն կատարելու, ի թիվս այլոց, նաեւ անկախության շրջանի իշխանություններին մարմնավորող երկու ուժերի միջեւ: Դա, իհարկե, չի նշանակում, որ դրանք հավասար հնարավորություններ կամ միմյանց մոտ գտնվող վարկանիշ ունեն: Սակայն, ցավոք, սրանով դրական առանձնահատկությունները կարելի է սպառված համարել:

Որո՞նք են այն հիմնական առանձնահատկությունները, որոնք լավ կլիներ, որ չլինեին: Քաղաքական բանավեճի փոխարեն փողոցային արտահայտությունների եւ անձնական վիրավորանքների փոխադարձ հեղեղը եւ քարոզչական «սեւ» տեխնոլոգիաների, կեղծիքի եւ ստի առատությունը: Եվ դրանում մեծ է Լեւոն Տեր-Պետրոսյանի «վաստակը»: Երբ առաջին նախագահը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց, եղան մարդիկ, որոնք համոզմունք հայտնեցին, հավանաբար ձգտելով նաեւ իրենք իրենց համոզել, որ դա կբարձրացնի քաղաքական բանավեճի կուլտուրան: Փոքր-ինչ ավելի լավ հիշողություն ունեցողները համակարծիք չէին այդ հարցում, քանի որ դեռեւս հիշում էին ՀՀՇ-ի իշխանության տարիներին ընդդիմությանը լռեցնելուՙ «ձեռքերը ոլորելու» քաղաքականությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն եւ մասնակցությունը նախագահական ընտրություններին թեեւ որոշ ինտրիգ հաղորդեց դրանց, բայց կտրուկ իջեցրեց քաղաքական բանավեճի նշաձողը: Ընդ որում, նախկին նախագահը անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ սկսեց տեղալ ոչ միայն իշխանության թեկնածուի, այլեւ գործնականում բոլոր քիչ թե շատ հայտնի թեկնածուներիՙ Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի ուղղությամբ: Ճիշտ է, վերջինիս Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ չէր վիրավորել, բայց նրան սպասարկող թերթերից մեկի առաջին էջում հայհոյախոսական մի ամբողջ ծաղկեփունջ էր «նվիրվել», որն առանց առաջին նախագահի հավանության անհնար էր, որ հրապարակվեր, եւ որին Արթուր Բաղդասարյանն այդպես էլ քաջություն չունեցավ պատասխանելու: Դե, իսկ գործող իշխանությունների հասցեին «մոնղոլ-թաթարական», «ավազակապետական» եւ այլ բնորոշումները ամենեւին էլ սեփական իրավացիության ապացույցը չէին: Սակայն հակառակ Արթուր Բաղդասարյանի, օրինակ, Արտաշես Գեղամյանը, Սերժ Սարգսյանը եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսեցին բուռն հակադարձել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իրենց «նպաստը» բերելով քաղաքական բանավեճի նշաձողի իջեցմանը:

Դժբախտաբար, կրկին քաղաքական եւ հասարակական կյանք վերադարձվեց մեր երկրի եւ ժողովրդի համար խիստ վտանգավորՙ «հայաստանցի»-«ղարաբաղցի» տարաբաժանումը, որը կարծես թե հաղթահարվել էր: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն առաջին հերթին պետք է պարտական լիներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին նախագահ ընտրվելու համար, վերստին սկսեց այս պառակտիչ գաղափարը սերմանել: Մի խոսքով, առաջին նախագահի կողմից բոլշեւիկյան մեթոդների կիրառման հետեւանքով Հայաստանի քաղաքական դաշտում աննախադեպ ավելացավ անհանդուրժողականությունը, ըստ էության վերացավ գաղափարների եւ ծրագրերի բախումը, փոխարինվելով վիրավորանքների եւ շանտաժների փոխադարձմամբ:

Ինչ վերաբերում է «սեւ» տեխնոլոգիաների անսովոր առատությանը: Եթե մի պահ բացառենք Լեւոն Տեր-Պետրոսյանի առկայությունը ընտրություններում, ապա կտեսնենք, որ այդպիսիք գրեթե չեն մնում: Մինչ նախընտրական շրջանը «սեւ» քարոզչության հիմնական իրականացնողները համարվում էին հայաստանյան հեռուստաընկերություններըՙ Հանրային հեռուստաընկերության գլխավորությամբ: Անշուշտ, անընդունելի էր, երբ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները օբյեկտիվորեն լուսաբանելու փոխարեն մեր հեռուստաընկերությունները սեփական մեկնաբանություններն էին հրամցնում տեղեկատվություն ստանալու ցանկություն եւ իրավունք ունեցող հեռուստադիտողին: Ինչն, ի դեպ, ավելի շատ վնասում էր իշխանություններին, քան օգուտ տալիս, քանզի չէր բավարարում մարդկանց հետաքրքրասիրությունը, թե ի՞նչ ասաց առաջին նախագահը եւ ակամա դրդում շատերին մասնակցելու այդ հանրահավաքներին իմանալու համար, թե այնտեղ ինչ է ասվում: Հասկանալի է, որ միջազգային դիտորդների Հայաստանում գտնվելն է վերափոխել հեռուստաընկերություններին, բայց հաստատապես ու դժբախտաբար դա ժամանակավոր է լինելու: Սակայն այն, ինչ արվում է առաջին նախագահին սպասարկող թերթերում եւ հատկապես նրանցից մեկում, հեռուստաընկերությունների «սեւ» քարոզչությունը մանկական խաղ է դառնում:

Մասնավորապես, վերոնշյալ թերթերում, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները, որտեղ առավելագույնը մասնակցում են 15-20 հազար մարդ եւ հիմնականում նույն մարդիկ, ներկայացվում են որպես 80-100 հազարանոց հանրահավաքներ: Սրան զուգահեռ թերթերում տպագրված լուսանկարներում օգտագործվում են համակարգչային տեխնիկայի բոլոր հնարավորությունները, մեծ բազմության տպավորություն ստեղծելու համար: Ճիշտ նույն կերպ, բայց հակառակն ապացուցելու համար, Հ1-ի եթերում այնպես էին կադրերը ցույց տրվում, կարծես թե խոսքն ընդամենը մի քանի հարյուր հոգանոց հանրահավաքների մասին է:

Միաժամանակ առաջին նախագահի կողմից փորձ է արվում իր կողմնակիցների ենթագիտակցության մեջ սերմանել այն միտքը, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հակված է ընտրելու իրեն: Դա արվում է ակնհայտ ապատեղեկատվական հրապարակումներով, մոլորեցնելով եւ խաբեությամբ: Օրինակ, իբր ռուսաստանյան այս կամ այն լրատվամիջոցը նույնպես հավանական է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերընտրվելը: Երբ մի քանի անգամ ռուսական լրատվամիջոցները հերքեցին այդ տեղեկությունները, հեղինակությունը փրկելու վերջին փորձը արվեցՙ «Կոմսոմոլսկայա պրավդայում» հոդված հրապարակելու միջոցով, որտեղ նույնությամբ կրկնվում էր այն, ինչ մշտապես նշվում է սեփական թերթերում:

Սեփական ընտրության անխուսափելիության եւ միայն կեղծիքների դեպքում չընտրվելու միտքը, որ արդեն զոմբիացրել է առաջին նախագահով հիացածներին եւ որը հեռու է իրականությունից, վտանգավոր է հատկապես այլ առումով: Կեղծիքի այդպիսի չափաբաժնի ներարկումը ընտրություններին հաջորդող շրջանում, երբ արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին հուշում են աշխարհում հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունները, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնագոհ գնահատականները, այդ մարդկանց կարող են ծայրահեղությունների տանել:

Անշուշտ քարոզչության «սեւ» տեխնոլոգիաները, ինչպես եւ անձնական վիրավորանքներ հասցնելն օրենքով արգելված չեն, բայց ժողովրդավարության բարձր մակարդակի հասած երկրներում դրանք ընդունված չեն եւ դատապարտվում են հանրության կողմից: Ցավալի է, որ քաղաքակիրթ նախընտրական մթնոլորտի ձեւավորմանը գնալու, քաղաքական բանավեճերի նշաձողը բարձրացնելու փոխարեն, այս ընտրությունների ժամանակ, այդ առումներով փաստորեն ակնհայտ հետընթաց ենք արձանագրում: Եվ, որպեսզի իրերը մինչեւ վերջ իրենց անունով կոչենք, պետք է փաստել, որ դրանում առաջին եւ գլխավոր մեղավորը երկրի առաջին նախագահն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4