«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ»

- «Միասին ենք գետը մտել, միասին էլ պետք է դուրս գանք», տասը տարի առաջ, ճիշտ այս օրը, մեր թերթին տված հարցազրույցում այս կերպ եք կարեւորել Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անելիքը, պարոն Ղարիբջանյան: Այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի դիրքից այդ իմաստով մասնատվածություն տեսնո՞ւմ եք:

- Չեմ տեսնում: Ընդհակառակըՙ ազգն ավելի միասնական է դարձել, որովհետեւ արտաքին խնդիրներն օգնում են միասնական մնալուն: Այլ բան է, որ մարդկանց սպասելիքներն ու այսօրվա ստացածը մի փոքր տարբեր են: Առավել եւս մի շատ կարեւոր խնդիր ունենքՙ չարությունը մեղմելու խնդիր: Ուզում եմ հիշել, իր վերջին ամանորյա շնորհավորական խոսքում մեր մեծագույն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ասածը. «Ինչպես ես եմ փորձում մեջս չարությունը մեղմել ու լավ բաներ ասել, եթե յուրաքանչյուրը փորձի իր մեջի չարությունը մեղմել ու շրջապատին ավելի լավ աչքով նայել, ապա միմիայն օգտակար կլինի մեր երկրին, ժողովրդին»:

- Չի՞ նշանակում արդյոք իրատեսական մոտեցումների թուլացում:

- Մեզ հիանալի շանս է տրվածՙ նախագահական հերթական ընտրություններով: Եվ ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, նախագահի թեկնածուների թիվը բավականաչափ նվազել է, ընդամենը 9 թեկնածու է, եւ կարող ենք այս նախագահական ընտրությունները պատվով անցկացնել: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը, որ յուրաքանչյուրը նպաստի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կայացմանը: Այս ամեն բառի մեջ որոշակի իմաստ կա (չնայած ամեն օր կրկնվում է) եւ շատ կարեւոր, քանի որ Հայաստան աշխարհը շատ ավելի լայն է իր մասշտաբներով, քան Հայաստանի Հանրապետությունը, եւ մենք պետք է փորձենք արժանավայել ընտրություններ անցկացնել: Խոսքը Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի մասին է, որոնք ուշի- ուշով հետեւում են այս ընտրություններին:

- Նախադեպն ունեցե՞լ ենք արժանապատիվ ընտրությունների:

- Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենքՙ յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք միշտ ցավագին հարվածներ ենք ստացել, եւ վերջին տարիներին միակ ընտրությունները, որ դիտորդների դրական գնահատականը ստացան, 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն էին: Եթե կարողացանք հասնել նրան, որ այս նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ լինեն, ուրեմն ճանապարհը ճիշտ է ընտրված:

- Ճիշտ ճանապարհով ընթանալու համար կարեւորեցիք նաեւ սփյուռքի դերակատարությունը: Այն ունենալու համար աշխատանք իրականացվո՞ւմ է:

- Սփյուռքի հետ միշտ էլ աշխատել ենք: Եվ փորձում ենք աշխատել, բայց որոշակի ուղղություններ ավելի պետք է հստակեցվեն: Բացի այդ, սփյուռք ասվածը մեկ մարմին չէ, տարբեր քաղաքական կառույցներ են, տարբեր մոտեցումներ, առավել եւս, որ գոյություն ունեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, Կիլիկիո կաթողիկոսությունը: Այսինքն, սփյուռքը նույնպես շերտավորված է, բայց տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում, երբ նախագահ Պուտինի անմիջական աջակցությամբ վերամիավորվեց ռուսական եկեղեցին: Մենք նույնպես որոշակի քաղաքականություն պետք է վարենք ընդհանրապես սփյուռքի նկատմամբ: Օրինակ, որոշ ժամանակ առաջ «Հայաստան» հիմնադրամի մարաթոնը եղավ եւ հավաքվեց 15 միլիոն դոլար: Կարծում եմ, այդ նվիրատվությունները պետք է ծախսվեն ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի համար, այլեւ սփյուռքի որոշ հայաշատ հատվածներում, ասենք, դպրոցի նորոգման, մանկապարտեզ կառուցելու համար: Այս դեպքում հիմնադրամն իրոք համահայկական կլինի: Իրանում Հայաստանի դեսպան եղածս 6 տարիներին տեսել եմ, թե ինչպես իրանահայերը փորձում են նեցուկ լինել գյուղական տնտեսություններին, շինարարությանը, նաեւ բիզնեսին մասնակցություն ունենալ: Կարծես դա շարունակվում է, հատկապես, որ մեր օրենսդրական դաշտը շատ ազատ է եւ հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալու: Ամեն պարագայում սփյուռքի հետ մեր հարաբերությունների համար արդեն իսկ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել էՙ հավանաբար կստեղծվի նախարարության տիպի կառույց, որը կկարողանա ոչ թե ուղղորդել, այլ համադրել սփյուռքի հետ տարվող աշխատանքները: Սփյուռքը պիտի ունենա մի դուռ, որը բացելու իրավունք ունենա, եւ այդ դռան միջոցով իր բոլոր խնդիրները ներկայացնի:

- Ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների համատեքստում ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինեն:

- Տասը տարի առաջ տեղի ունեցած հարցազրույցում այն ժամանակի համար ներքաղաքական իրավիճակը ճգնաժամային գնահատեցի, ինչը ապացուցվեց հաջորդած դեպքերովՙ ՀՀ առաջին նախագահի հրաժարական, խորհրդարանում մեծ փոփոխություններ, ապա նախագահի նոր ընտրություններ: Այսօր իրավիճակը համեմատելի չէ այն ժամանակի հետՙ երկիրը, պետությունն առաջ է ընթանում: Այս առումով պիտի ասեմ, կուսակցությունները փորձում են կայանալ եւ մի քանի կուսակցություն է բացառություն կազմում անձի, անհատի վրա հիմնված չլինելով: Հետագա տարիներին այն սերունդը, որը նախկինում կուսակցական չի եղել եւ մեկ կուսակցությունից մյուսը չի երթեւեկել, կգա որպես գաղափարական սերունդ, եւ մարդիկ կհենվեն ոչ թե անձի, այլ գաղափարի վրա: Արտգործփոխնախարարի պաշտոնում վերջին 3 տարիների բազմաթիվ շփումները, որ ունեցել եմ, լիովին հիմք են տալիս պնդելու, որ իսկապես, Հայաստանը տարածաշրջանում բավականաչափ դրական արդյունքներ ունի եւ դրանք կքառապատկվեն ու կհնգապատկվեն նախագահական ընտրությունները նորմալ անցկացնելուց հետո: Վստահ եմ, որ հենց առաջին փուլով ի դեմս Սերժ Սարգսյանի կունենանք նոր նախագահ, որը կշարունակի այսօրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս տասը տարիների աշխատանքը: Այլ բան բոլորովին չեմ էլ պատկերացնում: Այս նախընտրական փուլում միշտ էլ բոլորը առասպելական խոստումներ են տալիս, երդվում, որ Հիսուսինՙ իր առաքյալներով կդնեն կառավարությունում, բայց այդպես չի լինում կյանքում: Կա որոշակի աշխատաոճ, կա որոշակի ճանապարհ:

- Այդ որոշակի ճանապարհով ընթանալու տասը տարիներին երկրի առաջընթացը զգալի դարձնելուն ի՞նչ է խանգարել:

- Հայաստանը գնալու է իր ճանապարհով եւ շարունակելու է իր առաջընթացը, որովհետեւ եզակի հնարավորություն ունեցանքՙ գնալու ոչ թե արտագաղթի, ուրիշ երկրում հայտնվելու, ազգանուններիս մասնիկները փոխելու, այլ մեր երկրում ապրելու: Իսկ մեր երկիրը իսկապես լավն է: Պարզապես ամենակարեւորը, որ պակասում է, պետական մտածողությունն է: Որպես ժողովուրդ ավելի քան 600 տարի երկու սյուների վրա ենք հենվելՙ հայկական եկեղեցու եւ ընտանիքի, ժամանակն է նաեւ պետության, պետականության վրա հենվելու: Եթե մենք ունեցանք իսկապես պետական մտածողության ժողովուրդ, ապա մեզ որեւէ դժվարություն առաջընթացի ճանապարհին չի խանգարի: Հույս ունեմ, որ հենց պետական մտածողությունից ելնելով էլ ընտրություններին հաջորդելիք ժամանակահատվածում յուրաքանչյուրը կաշխատի այն տեղում, որտեղ ավելի օգտակար կլինի առավելագույնն անելու համար:

Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4