Երեկ երեկոյան Փարիզի Theatre des Champs-Elysees-ի լեփ-լեցուն նվագասրահը հոտնկայս ծափահարություններով ընդունեց Ալեն Ալթունյանին, որ ղեկավարեց աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերից մեկը` Ֆրանսիայի Ազգային նվագախումբը: Դիրիժոր Ալենի սլացքը դեպի հաջողության բարձր աստիճան զարմացնում է բոլորին, մանավանդ` երաժշտական քննադատներին: Նա առաջինն էր հայ երաժշտական իրականության մեջ, որ ղեկավարում է ոչ միայն աշխարհահռչակ այս նվագախումբը, այլեւ հրավերներ է ստանում Եվրոպայի եւ Ամերիկայի մեծագույն նվագախմբերից:
Աննախադեպ եւ ազգային վեհ հպարտության եւս մեկ առիթ:
Համերգը սկսվեց Իգոր Ստրավինսկու «Feu d՛Artifice, Fantaisie pour orchestre» կարճ, բայց պայթուցիկ ուժգնության երաժշտությամբ, որ Ալենը հանդիսատեսին ներկայացրեց իբրեւ իրական մի հրավառություն: Իր հերթին Gautier Capucon-ը, որ տարվա «Նոր տաղանդ» կոչմանն էր արժանացել, շշմեցուցիչ վիրտուոզությամբ մեկնաբանեց Սերգեյ Պրոկոֆեւի «Syphonie Concertante»-ը, որ ժամանակին մեծ վարպետությամբ ներկայացրել էր հանրահռչակ թավջութակահար Ռոստրոպովիչը: Գլուխգործոց մի երաժշտություն, երբեմն հեգնական, երբեմն ճռնչաձայն, իսկ վերջում` մորմոքիչ մի քնարերգություն:
Երաժշտադադարից հետո, Ալենի ղեկավարությամբ ունկնդրեցինք ֆրանսիացի երաժշտահան Ernest Chausson-ի սիմֆոնիկ երկը: Հակառակ որ վագներյան «ավիշը» հոսում է Chausson-ի երաժշտության մեջ, կար նաեւ մի melting pot-Սիբելիուսի, Դեբյուսիի կամ Ֆրանկ Սեզարի երաժշտության ազդեցությունը:
Ջերմորեն մաղթելի է այս տաղանդավոր նվագավարի ելույթը Երեւանում:
Դոկտոր ԼԵՎՈՆ ՄՈՄՋՅԱՆ, Փարիզ