Այս տարի հունվարի 31-ին` մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղեւոնդյանց ոգեկոչման օրը, այսինքնՙ Ղեւոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի եւ եւս յոթ հոգեւորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին եւ բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
451-ի գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան եւ հասնում Արտազ գավառՙ բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էրՙ հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգեւորականները մկրտում են չմկրտված անձանց:
Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ նահատակվում են Վարդանը եւ 7 երեւելի նախարարներՙ Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանըՙ իրենց տոհմակից ազնվականներովՙ 296 հոգի:
Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականըՙ ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:
Ճակատամարտին մասնակից էին նաեւ հոգեւորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին Հայ եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը:
Վարդանանց քաջերի տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմը եւ Երեւանի քաղաքապետարանը կազմակերպում են խաչերթ, որը կմեկնարկի հունվարի 31-ին` ժ.12.00-ին, Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցուց, կընթանա քաղաքի կենտրոնական փողոցներով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը` հոգեւորականների, ՀՀ ոստիկանության զորքերի փողային նվագախմբի, զինվորականների, ձիավորի առաջնորդությամբ եւ հազարավոր դպրոցականների մասնակցությամբ: Ճանապարհին խաչերթի մասնակիցները անցորդներին կբաժանեն տոնի վերաբերյալ գունազարդ բացիկներ: Խաչերթի ավարտին` արձանի մոտ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները կներկայացնեն տոնը խորհրդանշող ներկայացում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ