«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-01-29 | #17, 2008-01-30 | #18, 2008-01-31


ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Վանդոս Ղարագյոզյանը մարզաշխարհում ճանաչված ու հարգված անձնավորություն է: Եղել է Վանաձորի քաղգործկոմի նախագահ, մորթու-մուշտակի ֆաբրիկայի եւ տրիկոտաժի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, արժանացել է ԽՍՀՄ «Պատվո» շքանշանի եւ ՌԴ «Պետրոս Մեծ» շքանշանի: Եղել է ԱԺ պատգամավոր, 1975-ից Լոռու ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, միջազգային բարձրագույն կարգի մրցավար է, ընդգրկվել է օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների մրցավարական հանձնախմբերում: Հեղինակել է մարզաձեւին վերաբերող 15 գիրք, որից վեցը թարգմանվել է անգլերենով: Մարզաձեւի սիրահարների շրջանում հատկապես մեծ հետաքրքրասիրությամբ ընդունվեցին Վանդոս Ղարագյոզյանի հրատարակած երկու արժեքավոր, ծավալուն տեղեկատուները, որոնք նրա 20-ամյա պրպտուն ու քրտնաջան աշխատանքի արդյունք են: 1999-ին 2000 տպաքանակով լույս տեսավ «Ծանրամարտ. օլիմպիական խաղեր, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ» 650 էջանոց տեղեկատուն, որում հայերեն լեզվով առաջին անգամ ամփոփվում են 1896-1998-ի ծանրամարտի Եվրոպայի բոլոր 77 առաջնությունների, 1891-1998-ի աշխարհի 69 առաջնությունների, 1896-1996-ի օլիմպիական խաղերի արդյունքները, ներկայացված են այդ մրցումներում հայ ծանրորդների ելույթները: Գրքում զետեղված են նաեւ հետաքրքրական տեղեկություններ ծանրամարտի երախտավորների, մարզաձեւի պատմության ու առաջընթացի, ծանրաձողերի, քաշային կարգերի, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործունեության մասին: 2004-ին էլ 1000 օրինակով լույս տեսավ մարզաձեւի երախտավորի 2-րդ ծավալուն` 250 էջանոց մյուս տեղեկատուն` «Ծանրամարտ. աշխարհի ռեկորդների վիճակագրություն», որն ընդգրկում է 1913-2003-ին սահմանված բոլոր բարձրագույն նվաճումները քաշային տարբեր կարգերում:

Ընդգրկուն իմացության համար Քեմբրիջի համալսարանը Վ. Ղարագյոզյանին շնորհել է 21-րդ դարի ականավոր մտավորական տիտղոսը: Արժանացել է նաեւ ՌԴ Միխայիլ Լոմոնոսովի անվան մրցանակին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտոր է, մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ: Ամուսնացած է, ունի երեք զավակ, վեց թոռ:

Այսպիսին է 67-ամյա Վանդոս Ղարագյոզյանի հակիրճ կենսագրությունը: Նա փաստորեն արտադրական եւ մարզական գործիչ է: Աչքի է ընկել ֆիզիկական բնածին ուժով: Հրապուրվել եւ զբաղվել է դահուկավազքով, ֆուտբոլով, թենիսով, ծանրամարտով: Թաղի տղաներով հավաքում, իրար էին կապում երկաթակտորներ, դրանք ամրացնում լիսեռի երկու ծայրին: Ծանրությունը գլխավերեւում պահել կարողանում էր միայն պատանի Վանդոսը: Երկու տարի անընդմեջ (1954-1955) դահուկավազքում դարձավ «կՌՏվպՐրՍՈÿ տՐՈՉՊՈ» թերթի ԽՍՀՄ գավաթակիր: Մրցանակներ նվաճեց նաեւ սեղանի թենիսի քաղաքային եւ հանրապետական առաջնություններում:

«Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի տնօրեն էի, երբ ստացա քաղաքի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ղեկը ստանձնելու առաջարկը,- հիշում է Վ. Ղարագյոզյանը: Չմերժեցի: Պետք էր օգնել, ոտքի կանգնեցնել քաղաքի ծանրամարտը: Առաջընթաց եղավ, որի համար ընտրվեցի ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ: Մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահի տեղակալ, երջանկահիշատակ Գարուշ Կարապետյանն ինձ հրավիրում էր համամիութենական եւ միջազգային մրցաշարերի: Շփվեցի, ծանոթացա եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաների աշխատակիցների հետ: Անհրաժեշտության դեպքում որպես մրցավար օգնում էի մրցումների կազմակերպիչներին: Նկատեցին, որ վատ մրցավար չեմ եւ այդպես սկսվեց, տեւական դարձավ իմ մրցավարական աշխատանքը...»:

Մարզական է Ղարագյոզյանների գերդաստանը: Բնագավառում են եղբայրները, կրտսեր որդին, իսկ ինքը նվիրված է ուսանող երիտասարդության առողջությունը կոփելու գործին:

Մի առիթով հայկական սպորտի քայլող հանրագիտարան, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը բնութագրեց Վ. Ղարագյոզյանին: Անկեղծ գնահատականը շարժեց ներկաներիս, ինչպես ասում են, բարի նախանձը: Չանդրադառնալով մեծանուն մասնագետի տված գնահատականին, պարզապես ասենք, որ իսկապես Վ. Ղարագյոզյանը հավատում է աշխատանքին, որով սկսվում եւ ավարտվում է իր օրը: Իսկ լավ գործը անպտուղ չի մնում, ստանում է արժանի գնահատական: Ասածի ապացույցն է անցյալ տարեվերջում Վանդոս Ղարագյոզյանին շնորհված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչումը: Շնորհավորում ենք, նա արժանի է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4