Հունվարի 26-ից 28-ը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը գտնվում էր Իրանում, որտեղ անցկացրեց երկու ընկերական հանդիպում: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, նախ մեր ընտրանին, որում ընդգրկված էին ֆուտբոլիստներ ե՛ւ ազգային, ե՛ւ երիտասարդական հավաքականներից, մրցեց Իրանի ազգային երկրորդ հավաքականի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկան Ռուսաստանի «Միտիշի» թիմից հրավիրված երիտասարդ Կարո Հովհաննիսյանը եւ Արմեն Սանամյանը` Երեւանի «Եվրոպայից»:
Այնուհետեւ նույն թիմը հանդիպեց արդեն Իրանի ազգային հավաքականի հետ եւ կրկին զիջեց` այս անգամ 3:8 հաշվով: Երկու գնդակ մրցակցի դարպասն ուղարկեց Կարո Հովհաննիսյանը, իսկ մեկ գոլ էլ խփեց Արման Սահակյանը` Երեւանի «Թալ Գրիգից»:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մարտի 2-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմասնակցի 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ընտրանիները:
Նշենք նաեւ, որ Իրանում տեղի ունեցած խաղերում Հայաստանի հավաքականի կազմում բացակայում էին մեր լեգեոներները` Արմեն Գյուլամբարյանը, Արմեն Դանիելյանը եւ Արտակ Պողոսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ