Բոսնիայի ու Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական ինքնավարության վարչապետ Միրոսլավ Դոդիկը հայտարարել է, որ իրեն ենթակա տարածքը ուզում է երկրի սահմանադրության մեջ տեսնել «ինքնորոշվելու եւ դաշնությունից անջատվելու իրավունքին» վերաբերող հոդված: Ռոյթեր գործակալությունը հաղորդում է, որ ներկայումս Բոսնիայի ու Հերցեգովինայի դաշնային սահմանադրության նախագծերը ակտիվորեն քննարկում են երկրի մահմեդական, սերբական եւ խորվաթական համայնքները:
Հանրային հարցումները վկայում են, որ Բոսնիայի սերբերը մտադիր են Սերբիայից Կոսովոյի անջատման դեպքում իրենց ինքնավարությունն անջատել Բոսնիայից: Ընդսմին նրանք ուզում են դա անել փաստորեն Կոսովոյի անկախության հռչակումից անմիջապես հետո:
«Այդ իրավունքը պետք է երաշխավորված լինի Բոսնիայի նոր սահմանադրությամբ», ընդգծել է Դոդիկը:
Սերբական ինքնավարության վարչապետի խոսքերը լրջորեն մտահոգել են Բոսնիային ու Հերցեգովինային վերաբերող հաշտության համաձայնագրերի կատարմանը հետեւող սլովակ դիվանագետ Միրոսլավ Լայչակին: «Բոսնիան ու Հերցեգովինան միջազգայնորեն ճանաչված պետություն է, որի տարածքային ամբողջականությունը երաշխավորված է Դեյտոնի հաշտության համաձայնագրով: Այդ երկրի գոյությունը չի կարող քննարկման առարկա դառնալ», հայտարարել է դիվանագետը:
Արեւմուտքցի դիվանագետները կասկածներ ունեն, թե Սերբիան անջատական տրամադրություններ է հրահրում Բոսնիայի սերբերի մեջ: Դիվանագետների կարծիքով Բելգրադը տվյալ քաղաքականությամբ ուզում է Արեւմուտքին ցուցադրել, որ բուն Սերբիայի մասնատումը կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել. Կոսովոյի նախադեպը վկայակոչելով, ինքնորոշում կպահանջեն աշխարհի երկրների բազմաթիվ անջատամետ տարածքներ, իսկ Բոսնիայի սերբական մասը այդ գործընթացում կդառնա առաջիններից մեկը:
1990-ականներին Բոսնիայի սերբերը մարտնչում էին ինքնորոշվելու եւ տեղացի մահմեդականներից ու խորվաթներից անջատվելու իրավունքի համար, սակայն ՆԱՏՕ-ի ռմբակոծումները նրանց ստիպեցին համաձայնագրեր ստորագրել Դեյտոնում: Այդ փաստաթղթերի համաձայն, Բոսնիան ու Հերցեգովինան դարձավ սերբական եւ մահմեդական-խորվաթական մասերի բաժանված դաշնություն:
Մինչեւ օրս 3 համայնքների փոխհարաբերություններն անչափ լարված են. մեղմ ասած, սերբերը, մահմեդականները եւ խորվաթները իրար այնքան էլ չեն սիրում:
Կոսովոյի ալբանացիները հայտարարել են, որ Սերբիայից անկախանալու են փետրվարի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո: Սերբիայի քաղաքական բոլոր ուժերն ընդգծում են, որ Կոսովոն երբեք չեն ճանաչի անկախ պետություն: