2008-ի հունվարի 21-ին ՀՀ-ում սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Մինչ թեկնածուների քարոզարշավի ժամանակ, մեր կարծիքով, թույլ տված սխալները նշելը, ներկայացնենք էլեկտորատի կառուցվածքային պատկերը քարոզարշավի մեկնարկին:
Չնայած քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց հունվարի 21-ին, սակայն նախագահական ընտրարշավը փաստացի սկսվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին: Անցած չորս ամիսների (21.09.07-21.01.08) ընթացքում թեկնածուներից միայն մեկին` Լ. Տեր-Պետրոսյանին հաջողվեց ձեւավորել էլեկտորալ բազա ունեցող նոմինացիոն կերպար, իսկ մյուսներին` ոչ: Այս հանգամանքի պատճառով էլեկտորատի կառուցվածքում գերակշռող դարձավ «շարժուն» (տատանվող-չկողմնորոշված) էլեկտորալ խումբը, որն էլ հենց որոշելու է հաղթողին: Սույն խմբի ընտրողները հակված են պաշտպանելու. 1) նոր գործիչներին` այն թեկնածուներին, ովքեր նախկինում չեն մասնակցել նախագահական ընտրություններին կամ էլ ներկայումս հանդես են գալիս նոր կերպարով, 2) այն թեկնածուին, ով ունի վարկանիշի աճի առավելագույն դրական դինամիկա, 3) նրանք առավել հեշտությամբ են ենթարկվում վառ եւ տոտալ քարոզարշավի ազդեցությանը: Փորձենք տեսնել, նախագահի, մեր կարծիքով, երկու հիմնական թեկնածուները` Լ. Տեր-Պետրոսյանն ու Ս. Սարգսյանը, ապա նաեւ նրանց ընտրարշավները բավարարո՞ւմ են արդյոք վերոշարադրյալ երեք կետերի պայմաններին:
1. Երկու թեկնածուներն էլ բավարարում են այս կետի պայմաններին. Լ. Տեր-Պետրոսյանը ընտրարշավին մասնակցում է նորացված կերպարով, իսկ Ս. Սարգսյանը` նախկինում չի մասնակցել նախագահական ընտրություններին:
2. Հաշվի առնելով հասարակությանը վստահություն չներշնչող սոցհարցումները, դժվար է թվերով նշել, թե ով ունի վարկանիշի աճի առավելագույն դրական դինամիկա, առավել եւս, որ երկու թեկնածուների կողմնակիցներն էլ պնդում են, թե իրենք հաղթելու են առաջին փուլում: Այս իսկ պատճառով սույն հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողին. թող ընթերցողը, հետեւելով ընտրական զարգացումներին, ինքը որոշի, թե այս երկու թեկնածուներից ում վարկանիշն է կտրուկ աճում:
3. Ինչ վերաբերում է վառ եւ տոտալ քարոզարշավ անցկացնելու խնդրին, ապա այս հարցում երկու թեկնածուներն էլ սխալներ են թույլ տալիս: Նշենք դրանցից երկուսը:
I. Սլոգան (քարոզարշավի գլխավոր կարգախոս)
Սլոգանը վառ եւ լավ հիշվող արտահայտություն է, որը սեղմ կերպով արտահայտում է քարոզարշավի հիմնական գաղափարը: Քարոզարշավի ժամանակ այն կատարում է «տեղեկատվական մեխի» դեր, եւ թեկնածուների նպատակն է ամեն գնով դա մտցնել էլեկտորատի գիտակցության մեջ (խիստ ցանկալի էՙ թեկնածուի անվան հետ): Տվյալ պահին մեր առջեւ նպատակ չենք դնում մանրամասնելու սլոգանների ստեղծման սկզբունքները, սակայն կցանկանայինք շեշտադրել մի կարեւոր հանգամանք: Սլոգանը, որպես էլեկտորատի գիտակցության մեջ առավել հեշտ ներդրվող քարոզչանյութ, ունի մեկ պարտադիր սկզբունք. պետք է լինի միայն մեկ հատ, հակառակ դեպքում սլոգանը կորցնում է իր բուն` վերոնշյալ իմաստը: Ելնելով վերոշարադրյալից նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավում օգտագործում է 2 սլոգան` «Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա» եւ «Հաղթելու ենք»: Սա կոպիտ սխալ է եւ ընտրական կանոններով կտրականապես արգելվում է. պետք է ընտրվի կամ առաջինը, կամ երկրորդը: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի` «Առաջ, Հայաստան» սլոգանին, ապա ցանկանում ենք նշել, որ սա տարբեր երկրներում շատ տարածված, քաղաքականապես չեզոք եւ շաբլոն լոզունգներից է, որը չունի ընդգծված գաղափար: Մասնավորապես նմանատիպ` «Առաջ, Ռուսաստան» սլոգանն է օգտագործել Առաջ Ռուսաստան կուսակցությունը (նախագահՙ Բ. Ֆյոդորով) Պետդումայի 1995-ի ընտրությունների ժամանակ: Նմանատիպ լոզունգներ են օգտագործվել նաեւ այլ երկրներում («Առաջ, Ֆրանսիա», «Առաջ, Իտալիա» եւ այլն): Իսկ եթե վերոնշյալին ավելացնենք այն հանգամանքը, որ «Առաջ, Հայաստան» սլոգանը, իր հերթին, բաժանվում է 7 տարբերակի («Առաջ, դեպի պաշտպանված եւ հպարտ Հայաստան» եւ այլն), ապա կարող ենք միայն փաստել, որ Ս. Սարգսյանի քարոզարշավի կազմակերպիչները զլացել են ջանք թափել կոնկրետ գաղափար ունեցող սլոգան ստեղծելու գործում:
II. Թեկնածուների քարոզչանյութերի վրա պատկերված լուսանկարները
Թեկնածուների լուսանկարները կարեւոր դեր են խաղում ընտրարշավի ժամանակ: Գաղտնիք չէ, որ տատանվող էլեկտորատի մի որոշ խումբ այս կամ այն թեկնածուին ընտրելու իր վերջնական որոշումը կայացնում է հենց ընտրական տեղամասում` դիտելով այնտեղ պաշտոնապես փակցված թեկնածուների լուսանկարները: Այս իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ամենայն լրջությամբ մոտենալ լուսանկարի խնդրին: Դիտարկենք 2 թեկնածուների քարոզչանյութերի վրա պատկերված լուսանկարները: Մասնավորապես Լ. Տեր-Պետրոսյանի «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր» բրոշյուրի վրա տպագրված լուսանկարը մեզ ցույց է տալիս մի մարդու, ով նստած լինելով գրքերով, այդ թվում նաեւ` հանրագիտարաններով հարուստ պահարանի առջեւ, խորասուզված ինչ-որ մի փաստաթուղթ է կարդում: Տվյալ պարագայում կարող ենք փաստել, որ այս եւ նմանատիպ լուսանկարները էլեկտորատի գիտակցության մեջ ամրապնդում են թեկնածուի ընտրած «ամենախելոք» նոմինացիոն կերպարը: Ընտրական տեղամասում նմանատիպ (բայց ոչ այս) լուսանկարի առկայությունը լրացուցիչ տոկոսներ է բերելու թեկնածուին:
Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի քարոզչանյութերի վրա տպագրված լուսանկարներին, ապա կցանկանայինք նշել մի հանգամանք. ԱՊՀ երկրներում տեղի ունեցող ընտրարշավների ժամանակ բազմաթիվ թեկնածուներ, չկարեւորելով լուսանկարի դերը քարոզարշավի ժամանակ, բավարարվում են այնպիսի լուսանկարով, որը կարելի է փակցնել անձնագրում, բայց ոչ երբեք օգտագործել քարոզչանյութերի վրա: Միշտ պետք է հիշել, որ քարոզչանյութի լուսանկարը ոչ թե անձի իսկությունը հաստատող, այլ` կերպար ստեղծող հանգամանք է:
Թերթի հնարավորությունները մեզ թույլ չեն տալիս առավել մանրամասն նշելու այս թեկնածուների քարոզարշավի ժամանակ թույլ տված այլ սխալները. դրանք մենք կներկայացնենք մեր հետագա հրապարակումներում:
Որպես վերջաբան, ցանկանում ենք անդրադառնալ մի կարեւոր հանգամանքի եւս` քարոզարշավի տոտալ բնույթի ապահովմանը: Իրականացնել տոտալ քարոզարշավ նշանակում է, որ թեկնածուն պետք է երեւա ամեն պահի, ամեն տեղ եւ յուրաքանչյուր հնարավոր ձեւով` մեսեջ, թռուցիկներ (հիմնական, իմիջային, կենսագրական, տեղեկատվական, օպերատիվ, հակաքարոզչական, վերջին օրվա եւ այլն), վահանակներ, պլակատներ, բուկլետներ, բրոշյուրներ, սկավառակներ, հուշանվերներ, հոլովակներ, տեսաֆիլմեր, «դռնից դուռ» հանդիպումներ ընտրողների հետ, ծրագրված հարցերով հեռախոսային ագիտացիա, քարոզչանյութերի հասցեավորված (դիրեկտ-մեյլ) եւ անհասցե տարածում եւ այլն: Երկու թեկնածուներն էլ զլանում են կիրառել ընտրական այս տեխնոլոգիաների ողջ զինանոցը եւ բավարարվում են դրանց մի մասի իրականացմամբ: Սա այս թեկնածուների ընդհանուր սխալն է, քանզի, ինչպես արդեն նշել ենք, էլեկտորատի զգալի մասն այսօր դեռեւս չի կողմնորոշվել եւ կթեքվի այն թեկնածուի կողմը, ով իր քարոզարշավի ժամանակ վերոնշյալ տեխնոլոգիաներով ցույց կտա, որ հաջողությունն իր կողմն է եւ ինքն է ամենահզոր թեկնածուն:
Այնպես որ, թեկնածուները պետք է գործեն առանց սխալվելու իրավունքի:
Առայժմ այսքանը:
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ