«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


«ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»

Գալուստ Սահակյանի բնութագրումները նախագահի 9 թեկնածուներին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը երեկ «Ազդակ» ակումբում ոչ միայն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին, այլեւ մի քանի հակադարձումներ արեց առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների կապակցությամբ: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում իրենց կուսակցությունը երկու կարեւոր անելիք ունի` պետք է ապահովի ճիշտ քարոզչություն, ինչին արդեն կուսակցությունը պատրաստվել է իր 1600 շտաբներով, եւ հետո` կազմակերպի լավ ընտրություններ: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, լավ ընտրությունների անցկացումը խիստ կարեւոր է, որովհետեւ վատ ընտրությունների դեպքում այլեւս կարեւոր չի լինի ով է նախագահ ընտրվել, փոխարենը հօդս կցնդեն երկրի զարգացմանը նպաստող գործոնները:

Գալուստ Սահակյանը զարմացած է, որ մյուս թեկնածուները ժողովրդին 5 անգամ ավելի լավ ապրելու, մեքենա եւ բնակարան տալու խոստումներ են շռայլում: Իսկ հիշեցմանը, թե, օրինակ, մեքենայի եւ բնակարանի խոստում տվել է հենց ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ իրենց թեկնածուի դեպքում այդ խոստումները իրականանալի են. «Մեր թեկնածուն քաղաքական մեծամասնության առաջնորդ է, տիրապետում է 100 պատգամավորի եւ այդ թիմը կորպուսի արժեք ունի: Բոլորը կարող են նախագահ աշխատել, բայց ոչ բոլորը կարող են նախագահ դառնալ»: Նա նշեց, թե իշխանություններին կարելի է քննադատել, պահանջել ավելին, քան արվել է, բայց ոչ ստահոդ լուրերով զրպարտել: ՀՀԿ փոխնախագահը զարմացած է նաեւ, որ բանակի արժեքը որոշ թեկնածուներ քիչ են կարեւորում, հետո էլ նշեց, թե բանակի մասին առհասարակ շատերը չպետք է խոսեն. «Իմ կարծիքով, բանակի մասին կարող են խոսել միայն Սերժ Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը, մյուսներն այդ շինելի հոտն անգամ չեն առել»:

Հոկտեմբերի 27-ը քարոզչության առարկա դարձնելը, ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, անբարոյականություն է, քանի որ հոկտեմբերի 27-ին կատարվածն ուղղորդված սպանություն էր` բոլորի աչքի առաջ, իսկ մնացածը գտնելու համար հարկավոր է երկիրն ուժեղացնել եւ չթուլացնել, ինչպես փորձում են: «Առաջին անգամ Արեւմուտքը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն իրենց մոտեցումները տալիս են մեր թեկնածուի նկատմամբ շատ դրական: Բայց միեւնույն ժամանակ որեւէ մեկին ձեռ չի տալիս Հարավային Կովկասում ուժեղ նախագահ ունենալ: Մեր ընդդիմության նավը հիմնականում խորտակվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դրա համար անհրաժեշտ էր դեսանտ իջեցնել, եւ իջեցրին դեսանտը, բայց, կարծում եմ, նպատակին չեն հասնելու, ունենալու ենք լավ ընտրություններ, ունենալու ենք արժանի նախագահ», ասաց Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, առաջին նախագահը հասկանալով է թիրախ դարձել. «Չեմ կարծում, որ նա չհասկանալով թիրախ դարձավ, պարզապես անհրաժեշտ էր, այդպես են աշխարհի կառույցները, որոնք բոլորին էլ կարող են օգտագործել»:

Հոկտեմբերի 27-ի դեպքերը հիշելիս եւ լրագրողի հարցին պատասխանելիս, թե ինքն ում էր կասկածում այդ պահին, Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ պահին ինքը բոլորին էլ կասկածում էր, եւ այսօր էլ մեղադրում է. «Իհարկե, այսօր էլ մեղադրում եմ, եթե մենք ունենայինք ուժեղ համակարգ, այդպես չէր լինի»:

Դաշնակցության պահվածքին անդրադառնալիս ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, թե ՀՅԴ-ն չի փորձում այն տարիներին իր ճակատագիրն անվանարկողներին բան ասել, բայց ասում էՙ սոցիալական, գյուղատնտեսական բաներ ենք արել. «Սա էլ դաշնակցական խաղն է, որը, կարծում եմ, անկեղծ չէ»: ՀՅԴ-ից հանրապետականները 2-րդ փուլում օգնություն չեն ակնկալում, քանի որ, Գալուստ Սահակյանի ասելով, 2-րդ փուլի խոսակցություն չի եղել, նման հարց չի քննարկվել:

Իրենց թեկնածուի մասին բարձր արտահայտվելով` Գալուստ Սահակյանը, իր կարծիքով, դրական որակումներ տվեց նաեւ նախագահի մյուս թեկնածուներին: Ըստ նրա, Սերժ Սարգսյանն անձնազոհ է, Վազգեն Մանուկյանը` հեռատես, Արթուր Բաղդասարյանը պոպուլիստ (Գ. Սահակյանի խոսքով, դրական պոպուլիզմի մասին է ինքն ասում), Տիգրան Կարապետյանն ու Արամ Հարությունյանը բարության սերմեր ցանողներ են, Վահան Հովհաննիսյանը` ազգայնական, Արտաշես Գեղամյանը` հետեւողականորեն պայքարող, Արման Մելիքյանն` անորոշ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ծույլ վճռական:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4