«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հունվարի 28-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները մի քանի հարյուր ավտոմեքենաներով երթ էին կազմակերպել Երեւանի փողոցներովՙ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը: Հունվարի 28-ին ոստիկանության Երեւանի վարչությունում ճանապարհային ոստիկաններից զեկուցագրեր են ստացվել, որտեղ նշված է, որ նույն օրը «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող մոտավորապես 150-200 ավտոմեքենաների վարորդները Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել «կանգ առ» ազդանշանին եւ իրենց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքովՙ շարունակել են երթեւեկությունը Բաղրամյան պողոտայովՙ դուրս գալով հանդիպակաց ուղեմաս, որով իրական վտանգ են ստեղծել ինչպես տեսուչների, այնպես էլ փողոցային երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի համար»: Նշված փաստի կապակցությամբ Երեւանի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 եւ 316 հոդվածների հատկանիշներով եւ նախաքննությունը շարունակվում է: ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի երրորդ մասի առաջին կետով (խուլիգանություն, որ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբՙ առավելագույնը հինգ տարի կամ մինչեւ հինգ տարի ժամկետով, իսկ 316 հոդվածի առաջին մասը նախատեսում է ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ պատժվում է տուգանքովՙ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքովՙ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Սրանք դեռ նախնական տվյալներ են, քանի որ նախաքննությունը շարունակվում է եւ չի բացառվում, որ որոշ փոփոխություններ լինեն:

«Ազգը» փորձեց ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանից ճշտել, թե այսօրվա դրությամբ քանի՞ մեքենա է տարվել ոստիկանության տուգանային հրապարակՙ ավտոերթի ժամանակ, եւ նախապես դիմե՞լ էին արդյոք Երեւանի քաղաքապետարանՙ ավտոերթի թույլտվություն ստանալու համար: Պրն Մուսինյանն ասաց. «Երթի համար քաղաքապետարան դիմելու կարիքը ո՞րն է»: Իսկ երբ ես ճշտեցիՙ թույլտվություն ստանալու համար, եղավ նման պատասխան. «Եթե հարսանիք են անում... դրա համար դիմո՞ւմ են քաղաքապետարան ու թույլտվությո՞ւն են ստանում մի քանի տասնյակ մեքենաների համար... Քաղաքապետարան չենք դիմել, որովհետեւ դրա կարիքը չկար ու մեքենաները քաղաքի մի ծայրից գնացել են մյուսը: (Ինչպես երեւաց, պրն Մուսինյանը չուզեց տարբերությոն տեսնել 10-15 եւ 150-200 մեքենաների քանակի միջեւ): Այս պահին մոտ 10 ավտոմեքենաներ գտնվում են տուգանային հրապարակում...»:

Իսկ այն հարցին, թե երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան ակտեր գրվե՞լ են, պրն Մոսինյանն ասաց. «Քրեական գործի նյութեր են նախապատրաստվում 316 հոդվածի հատկանիշներովՙ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել: Եթե գործը շինծու է, որ ուզեն, բոլորի նկատմամբ կկիրառեն: «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում այդ ուղղությամբ», հարցին եղավ պատասխան. «Փորձում ենք ապացուցել, որ դա շինծու քաղաքական գործ է»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4