«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


ԲԵՌԸ ԹՈՂԵԼ ԵՆ ԼՏՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՈՒՍԵՐԻ՞Ն

Ընտրակեղծիքներից խուսափելու նպատակներ ու ձեռնարկումներ ունեցողներ են եղել դեռ ամիսներ առաջ: Երեկ այդ սրտացավության հեղինակըՙ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը Ռուբեն Թորոսյանի գլխավորությամբ ներկայացրեց սեփական գործունեության արդյունքները: Այն էՙ եզրակացությունՙ առաջիկա նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանի մասին: Այդ շրջանն էլ ընդգրկում է նախորդ տարվա նոյեմբերի 9-ից այս տարվա հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածը: Եզրակացության «Ընտրական իրավունքի դեմ ... ինչից երբեք չեն խուսափել» խորագիրն արդեն փոքրացնում է բովանդակությունը ներկայացնելու անհրաժեշտությունը: Ի սկզբանե խախտումների հեղինակումից իրենց զերծ տեսնելով են գործել ԼՏՊ-ի նախընտրական շտաբի մոնիտորինգի խմբի ներկայացուցիչներըՙ 38 էջանոց եզրակացությունում չեն տեղավորել սեփական թեկնածուի թույլ տված խախտումները: Փոխարենը բարեխղճորեն արձանագրել են նախագահի եւ վարչապետի կամ հանուն վերջինիս շահեկանորեն ներկայացնելու թույլ տրված խախտումներն ու առավել բարեխղճորեն արձանագրել ՀՀ առաջին նախագահի դեմ իրականացված հակաքարոզչության դեպքերը:

Նշված ժամանակահատվածում կատարած դիտարկումների արդյունքները, ընտրական փուլի օրինականության չափ ու ձեւը քննարկելու հրավեր է արել ԼՏՊ-ի նախընտրական շտաբի մոնիտորինգի խումբը: Չնայած դրան 80 հրավիրյալներից շատ քչերն էին ներկայացել: ՀՀ նախագահի 8 թեկնածուների նախընտրական շտաբներից հրավերն անպատասխան չի թողել եւ ոչ մեկըՙ Արտաշես Գեղամյանի եւ Վազգեն Մանուկյանի շտաբներից անհարիր են համարել քննարկմանը մասնակցելը, քանի որ նախաձեռնողը ԼՏՊ-ի նախընտրական շտաբն է, Արամ Հարությունյանը չի բացառել իր ներկայությունը, Արթուր Բաղդասարյանի շտաբից հաստատակամորեն խոստացել են ներկա գտնվել ու չեն եկել, Արման Մելիքյանի շտաբի ղեկավարին էլ անձնական խնդիրներով զբաղվածությունն է խանգարել ներկայանալու: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պարագան էլ Ռուբեն Թորոսյանը պարզ ու բացատրված համարեց: Փաստելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացված լինելն ու չներկայանալըՙ Ռուբեն Թորոսյանը զարմանք հայտնեց շահագրգիռ միջազգային կազմակերպությունների անտարբերության առնչությամբ: Մինչդեռ, բանախոսի կարծիքով, «Ընտրական օրինականության հարցում կարեւորագույն խնդիրներ ունենք, որոնց լուծումը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ուսերին չպետք է մնա: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր նախընտրական շտաբի հետ բանավիճել»:

Ն.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4