«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


«ԻՆՉՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՆՈՐ «ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ» ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ»

Ասում է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը

«Շուրջ երկու շաբաթ է,- երեկ «Ասպարեզ» լրագրողական ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը,- Գյումրու մեր գրասենյակում կար ինֆորմացիա, որ դպրոցներում, բուհերում եւ բյուջետային մի շարք այլ հիմնարկներում աշխատակիցներին պարտադրողաբար բաժանում են ցուցակներ (խոսքը դատարկ ձեւաթղթերի մասին է - Գ. Մ), որպեսզի լրացնեն եւ բերեն, թե ով քանի ձայն կարող է ապահովել: Բնական է` իշխանության թեկնածուի համար: Ես հետաքրքրվեցի, թե ինչ սկզբունքով է այս ամենը տեղի ունենում»: Ներկայացնելով ցուցակից մինչեւ ընտրություն այդ «մեխանիզմը», պատգամավորը նշեց, թե օրինակ, ուսանողներին այս գործի մեջ ներգրավում են` օգտագործելով քննությունների ու ստուգարքների լծակները: Կամ, ասենք, բոլոր դպրոցների տնօրեններին հրահանգ է եղել, նրանք էլ այդ ցուցակների ձեւաթղթերը ստիպված տալիս ու հանձնարարում են ուսուցիչներին, վերջիններս էլ հարկադրված դիմում են իրենց հարազատներին... «Մարդն ասում է` այստեղ իմ աշխատանքի հարցն է դրված»,- հավաստեց բանախոսը:

Հ. Մարգարյանը օրեր առաջ տեղեկություն է ստացել, որ Գյումրու հարկային տեսչության կողմից համապատասխան ձեւաթղթեր (բլանկներ) են բաժանվում տնտեսվարող սուբյեկտներին, փոքր ու միջին ձեռնարկատերերին` պահանջով, որ նրանք հարկային հաշվետվության հետ նաեւ ներկայացնեն 20 եւ ավելի ընտրողների ցուցակ: Մարգարյանը լրագրողներին ցույց տվեց մի գործարարի իրեն տրամադրած տպագիր դատարկ ձեւաթղթի պատճենը, որի վերեւում գրված էր` Ցանկ, ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչություն, 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին ապահովելիք ձայների (քվե) եւ այլն: Ցուցակում նախատեսված տվյալներն էին` յուրաքանչյուր ընտրողի անուն-ազգանուն-հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային տվյալները, աշխատավայրը, ընտրատարածքի եւ ընտրատեղամասի համարը, ընտրատեղամասում ընտրողի համարը, ընտրողի ստորագրությունը: Հ. Մարգարյանը որպես իրավաբան սա փաստաթուղթ չի համարում, այլ ասում է թուղթ, եւ չի կարող ասել` միայն Շիրակո՞ւմ է այս ձեւը կիրառվում, թե նաեւ այլուր: Սակայն, ըստ նրա, եթե իշխանությունները ցանկանում են, կարող են համապատասխան օղակների միջոցով ստուգել իրողությունը:

Խոսելով նաեւ անձնագրեր հավաքելու փորձերի եւ այլ ընտրական «մեխանիզմների» մասին, պատգամավորը նշեց նման երեւույթների դեմ միասնական ուժերով պայքարելու անհրաժեշտությունը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4