Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոթհեն դիվանագիտական երկաթյա կամքով երեկ իրեն հեռու պահեց ներքաղաքական հարցերի մեջ ներքաշելուց ու մեր նախագահական թեկնածուներից որեւէ մեկի անունը շոշափելուց: Որքան էլ նրա հետ հանդիպման եկած լրագրողները փորձեցին հեռու ու մոտ անցյալից ակնարկներ անելով նրանից գոնե մի խոսք քաղել, ոչինչ դուրս չեկավ, մինչեւ «Հայելի» ակումբից հեռանալը դեսպանը կրկնեց գրեթե նույն խոսքերը. «Ինձ համար կարեւոր չէ, թե ով կընտրվի Հայաստանի նախագահ: Ինձ չի հետաքրքրում ո՞վ կհաղթի, ո՞վ կպարտվի: Ինձ հետաքրքրում է միայն այն, որ ընտրված նախագահը լինի դեմոկրատ ղեկավար»:
Հայ-լեհական հարաբերություններին անդրադառնալով նա նշեց, որ այս տարի առանձնակի նշանակության իրադարձություններ չեն սպասվում: Անցած տարի կարեւոր էր հատկապես Վարշավայի պետական համալսարանում հայոց լեզվի դասավանդումը, ինչը, դեսպանի ասելով, էական դեր կունենա երկու ժողովուրդների մշակութային կապերի զարգացման համար: Լեհական մշակույթի հանդեպ հայաստանցիներիս ուշադրությունից նա բավականին գոհ է, նրան հաճելի է մեզանում դրսեւորված ջերմ վերաբերմունքը: Թե ի՞նչ մակարդակով է հայկական մշակույթը ներկայացվում Լեհաստանում, Թոմաշ Կնոթհեն տեղյակ չէ, որովհետեւ դրանով զբաղվում է մեր դեսպանը: Իհարկե, լավ կլիներ, եթե երկու դեսպանների կապն այնքան սերտ լիներ, որ մեկը մյուսի գործերից անտեղյակ չլիներ:
Մեր երկրում լեհական համայնքի կյանքը, դեսպանի ասելով, հագեցած է մշակութային միջոցառումներով, գործում են լեհերենի դասընթացներ: Իհարկե, նյութական միջոցները թույլ չեն տալիս մշակութային մեծ ծրագրեր իրականացնել, բայց եղածը բավարար է ու գոհացուցիչ:
Վերջին 15 տարիներին Լեհաստան գաղթած հայաստանցիներին քաղաքացիություն շնորհելու մասին երկրի նախագահի հայտարարության վերաբերյալ դեսպանը կոնկրետ ոչինչ չասաց, միայն նշեց, որ Լեհաստանում գործում է երկքաղաքացիության օրենքը եւ այդպիսի հնարավորության դեպքում հայաստանցիներն իրենց երկրի քաղաքացիությունից հրաժարվելու խնդիր չեն ունենա:
Լեհաստանում այսօր ապրող հայերի ստույգ թիվը, ըստ դեսպանի, ոչ մեկին հայտնի չէ. տարբեր աղբյուրների հրապարակած տվյալներով, Լեհաստանում ապրում է 30-50 հազար հայ: Իր երկրի քաղաքական ու մշակութային պատմության մեջ հայերի ներկայությունը դարերի պատմություն ունի, սակայն նրանց թիվը խիստ ընկել է Երկրորդ համաշխարհայինից հետո: Որպես երկրի իրական քաղաքացիներ հայերը լեհերի պես կռվել են ու զոհվել նրա ազատության համար: Նրանք եղել են նվիրյալ քաղաքացիներ, ունեցել ամենակարեւորըՙ բարի անուն, առ այսօր Լեհաստանում պատվաբեր է ծագումով հայ տատիկ կամ պապիկ ունենալը: Դեսպանը կարծում է, որ դարերի ընթացքում հայերի թիվը նվազել է ամենից առաջ ուծացման պատճառով: Լեհերը վաղուց են համոզվել, որ հայերը բավականին հեշտ են ենթարկվում ուծացման:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ