«Ազգը» իր նախորդ օրվա համարում մանրամասն ներկայացրել էր Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, նախաքննությամբ պարզվել է, որ հանդիպման մասնակիցներին մարզի ԵԿՄ նախագահ Մ. Սափեյանը նույն միության Թալինի տարածքային ստորաբաժանման ղեկավար Տ. Բաղդասարյանը, «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ժ. Սափեյանը, իջնելով հարթակից, 500-ից ավել քաղաքացիների ներկայությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Սարգիս Կարապետյանի հասցեինՙ բռունցքներով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Քիչ անց նրանց են միացել նաեւ Թալին քաղաքի բնակիչ Հայկ Գեւորգյանը, անչափահաս, 1991թ. ծնված Ա. Սափեյանը եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձինք: Նշված անձանց կողմից խուլիգանական գործողությունները տեւել են շուրջ 5 րոպե եւ կանխվել տեղի ունեցածից վրդովված քաղաքացիների միջամտության շնորհիվ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով, 29.01.08թ. Մ. եւ Ժ. Սափեյանները, Տ. Բաղդասարյանը եւ Հ. Գեւորգյանը ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ