«Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է», ասում է ԱՄՆ հյուպատոսը
ԱՄՆ վիզայի ստացման ընթացակարգն ամբողջական դիտարկմամբ երեկ ներկայացվեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ռոբին Բուսենի ուղեկցությամբ հյուպատոսական բաժին հասնելու համար նախ անցանք անվտանգության ստուգումը: Մի փոքրիկ հրապարակը, որտեղ բարձրախոսներ են տեղադրված սպասողներին տեղեկացնելու համար, ամռանը ծառայում է նաեւ որպես սպասասրահ կամ ծխելու տեղ, իսկ ձմռանը նախընտրելի է միանգամից մտնել շենք:
Հյուպատոսի խոսքերով, հայերին այնքան էլ հատուկ չէ վիզայի համար ընտանյոք հանդերձ դեսպանատուն գնալը, ինչը շատ երկրների սովորական փորձն է: Դրա փոխարեն, որ երկրում էլ լինես, հյուպատոսական շենքի մուտքի մոտ համարակալվում ես, ստանում մի թիվ, որը հետագա գործընթացում օգտագործվող հիմնական տվյալն է` որոշ դեպքերում նաեւ անուն-ազգանունը:
Առաջին պատուհանի մոտ վիզայի համար դիմողները ներկայացնում են իրենց դիմումն ու անձնագիրը: Այստեղ հենց ստուգվում են դիմումի լրացման ամբողջականությունը եւ «Հայէկոնոմբանկում» վճարված միջնորդավճարի անդորրագիրը: Այստեղ ստուգվում է նաեւ դիմողի անձնագրի վավերականությունը, որի ժամկետը չպետք է պակաս լինի, քան վեց ամիս, հատուկ ուշադրություն է դարձվում դիմումի հետ ներկայացվող նկարի թարմությանը:
Դիմումը ներկայացնելիս շատերն, ըստ հյուպատոս Բուսենի, որպես հասցե լրացնում են գրանցման վայրը անգամ այն դեպքում, երբ այլ տեղում են բնակվում: Նման պարագայում, հյուպատոսի խորհրդով, ավելի նախընտրելի է կոնկրետ բնակության վայրը նշել, քան գրանցման: Բացի այդ, դժվարանում են հաճախ լրացնել գործատուի մասին տեղեկություններ, քանի որ այդպիսին շատերը չունեն: Բուսենն առաջարկում է տնային պայմաններում աշխատելու դեպքում լրացնել կամ որպես ինքն իր համար աշխատող կամ նշել այն կազմակերպության հասցեն, որի սեփականատերն է դիմողը:
Դիմումների լրացման ժամանակ, հյուպատոսի վկայությամբ, շատ են կեղծ տեղեկությունները, լինում են նաեւ դեպքեր, երբ ոստիկանություն է կանչվում: Վիզայի համար լրացվող դիմումներում ավելի հաճախ բաց են թողնվում ամերիկաբնակ հարազատների մասին տեղեկությունները, եւ որոշ դեպքերում դիմում լրացնող ինչ-որ կազմակերպություններ են «խորհուրդ տալիս» այդ տվյալներին չանդրադառնալ: Հյուպատոսը վստահեցնում է, որ նման դեպքերը բացահայտվում են, ուստի ամենից լավ տարբերակն անձամբ դիմումը լրացնելն է` առանց տվյալներ թաքցնելու: «Ազնվությունն ամենալավ քաղաքականությունն է», իր խոսքերը հիմնավորում է Բուսենը:
Չնայած մեզ ավելի շատ հետաքրքրում է վիզաների ստացման բաժինը, բայց ԱՄՆ հյուպատոսական բաժնի աշխատանքի հիմնական նպատակն ԱՄՆ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելն է:
Ամեն դեպքում, դիմումը հանձնելուց հետո հարկ է նոր կարգով թողնել նաեւ տասը մատի մատնահետքերը: Դա անգամ մեկ րոպե չի տեւում եւ համապատասխան սարքի կանաչ լույսի դեպքում կարելի է շարունակել գործընթացը: Նույն տարածքում երկու նոր խուց է տեղադրվել վերջերս, որոնք հնարավորություն են տալիս վիզայի համար դիմողի հետ հարցազրույցն անցկացնել բացարձակապես առանձնացված: 2-5 րոպե տեւող հարցազրույցից հետո անմիջապես դիմողը տեղեկացվում է վիզա ստանալու կամ մերժվելու մասին:
Երեկվա մեր այցի ընթացքում հարցազրույցի մասնակից մի պարոնից հյուպատոսական բաժնի աշխատակիցը միայն ճշտեց, թե նրա կինն ուսուցչուհի է, իսկ հայրը թոշակառու, եւ որ նա Միացյալ Նահանգներում արդեն եղել է երկու անգամ: Դրանով հարցազրույցն ավարտվեց, եւ պարոնին հանձնվեց կարմիր մի տոմսակ, որ նշանակում է վիզա ստանալու հավաստում: Հարցազրույցից երկու օր անց վերադարձվում է նաեւ անձնագիրը` վիզայով:
Սա ուսանողական, տուրիստական եւ այլ, ընդհանուր անվանմամբ` ոչ ներգաղթային վիզաների ստացման կարգն է: ԱՄՆ ներգաղթային վիզաների ստացման համար այլ պատուհաններ են աշխատում, որոնց դիմողը կարող է մոտենալ մի քանի անգամ, քանի որ այս դեպքում պահանջվող փաստաթղթերը շատ են եւ դրանք հաճախ լրացնելու կարիք է զգացվում: Այս բաժնի աշխատակցի խոսքերով, 2007 թվականին այս բաժին է ներկայացվել 1800 դիմում, որից 691-ը եղել են գրին-քարտ շահողներ:
Լրատվամիջոցների համար չհրապարակվեց, թե քանիսն են ներգաղթային վիզա ստանում կամ մերժվում: Բայց հյուպատոս Բուսենը հավաստեց, որ այս դեպքում մերժումների հիմքը պետք է բավականին լուրջ լինի` դատապարտվածություն, հանցագործություն, թմրամոլություն եւ այլն: իսկ մերժումների թիվը բավականին փոքր է, ինչը չի կարելի ասել ոչ ներգաղթային վիզաների առնչությամբ:
Վերջինների դեպքում անցյալ տարի եղել է 10400 դիմում, որոնց մերժումն անցյալ տարի կազմել է գրեթե 61 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ է համարվում եւ առանձնակի չի տարբերվում նախորդ տարիների համապատասխան տվյալներից: Ընդ որում, այս տեսակի վիզաների ստացման մերժման դեպքում տրվում է ընդհանրական բացատրություն, իսկ հարցազրույցի մասնակցին` քիչ ավելին բանավոր հենց հարցազրույցի ավարտին: Ընդհանուր է այն, որ մերժումը հիմնավորվում է Հայաստանի հետ կապերի ամրությունը բավարար կերպով չապացուցելու հանգամանքով:
Արդեն հարցազրույցների պատուհանների մյուս կողմում կատարվում է հիմնական աշխատանքըՙ ստուգումներ, հարցումներ, մուտքագրվում են դիմումի տվյալները եւ այլն: Դիմողի համար բարեհաջող ընթացքի դեպքում տպագրված վիզաները հյուպատոսական բաժնի աշխատակիցը փակցնում է անձնագրերում:
Հյուպատոսի բացատրության համաձայն, ուսանողական վիզայի ստացման դիմումների ճնշող մեծամասնությունը ստանում է վիզա, խմբային` սպորտի, երգի, պարի եւ այլ դեպքերում դա ավելի դժվար գործընթաց է: Եվ եթե այդ մասնագիտական խմբերում ներգրավվում են դրսից մարդիկ, ինչը բացահայտվում է, ապա կազմակերպիչը ընդմիշտ զրկվում է մուտքի վիզա ստանալու հնարավորությունից, մերժում են նաեւ ողջ խմբին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. մոտ երկու տարի առաջ ԱՄՆ դեսպանատան փոխդեսպանը մեղադրվեց կեղծարարությունների մեջ հենց վիզաների առնչությամբ: Այդ մասին հարցմանը հյուպատոս Բուսենը պատասխանեց, որ ԱՄՆ քաղաքացի փոխհյուպատոսը կրում է իր պատիժը: