Կներդրվի ներքին աուդիտի համակարգը
Ներքին աուդիտ կանցկացվի Հայաստանի բոլոր պետական կազմակերպություններում, երբ երեկ կառավարության հաստատած «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծն ընդունվի խորհրդարանում: Ներկայացնելով այդ փաստաթուղթը լրագրողներին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացի կարգավորման եւ բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը նշեց, որ ներքին աուդիտի ներդրումը պետական կազմակերպություններում, ի տարբերություն արտաքին ֆինանսական աուդիտի, նպատակ ունի ոչ թե բացահայտել, այլ կանխարգելել սխալները: Այն կվերահսկի ոչ միայն ֆինանսական ոլորտը, այլեւ կազմակերպության գործունեության արդյունավետությունը: Աուդիտ իրականացնողները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին եւ հավաստագրեր ստանան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից: Վերջինս էլ պետք է ստուգի աուդիտորների գործունեության արդյունավետությունը:
Նախարարության վարչության պետը հայտնեց, որ ներքին աուդիտը կենթարկվի ուղղակի կազմակերպության ղեկավարին, քանի որ կազմակերպության աշխատակազմի ղեկավարը նույնպես ենթակա է աուդիտի: Յուրաքանչյուր կազմակերպության տարեկան գործունեությունը երկու տարվա ընթացքում պետք է ենթարկվի աուդիտի: