«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2008-01-30 | #18, 2008-01-31 | #19, 2008-02-01


ԸՆՏՐԱՆԻ` ԸՆՏԻՐ ՀԵՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Հետաքրքրական անձնավորություն է Ասատուր Փաշայանը: Մասնագիտությամբ քիմիկոս է, բայց զբաղվում է վաղամեռիկ հայ գործիչների եւ այլոց կենսագրություններով, հանդես է գալիս գրքերով եւ այլազան հրապարակումներով... Թեեւ գրքում տպագրված 2006 նշումով, սակայն 2007-ի հունվարին լույս է տեսել Ա. Փաշայանի հերթական գիրքը, որը, կարելի է ասել, նախորդներից ավելի է առնչվում իր մասնագիտությանը:

«Թասդ բեր». այսպես է կոչվում անմահական հեղուկին` գինուն նվիրված այս հատորը: 296 էջնոց աշխատությունը լույս է ընծայել «ՎՄՎ-պրինտ» հրատարակչությունը` հմուտ պրպտող, հանրագիտարանային բնույթի բազմաթիվ գրքերի եւ ընտրանիների հեղինակ Ալբերտ Փարսադանյանի խմբագրությամբ:

«Մուտք» ներածականում կարդում ենք, որ այս գիրքը «յուրօրինակ քրեստոմատիա է` այդ բառի ողջ իմաստով, ժողովածու, որ պարունակում է ընտիր հատվածներ, բազմազան նյութեր, առավելապես գրական-գեղարվեստական բնույթի: Ժողովածուն բաղկացած է երեք մասից` ընդհանուր բաժին, հայ հեղինակների` գինուն ձոնած գործեր եւ թարգմանական» (էջ 5-6): Առաջին բաժնում (էջ 7-46) տեղ են գտել գինուն առնչված զանազան նյութեր` ասացվածքներ, հանելուկներ, բանահյուսական այլ նյութեր, իրավական ակտեր եւ այլն` քաղված հայկական եւ բազմազգի աղբյուրներից:

Հատորի երկրորդ եւ երրորդ բաժիններում տեղ գտած մյուս ստեղծագործությունների մեծ մասը գինու գովքն է հյուսում, թեեւ շատ հաճախ հեղինակները զգուշացնում են գինու ավելորդ չարաշահումից, խորհուրդ տալով գինու վայելքին զուգորդել կնոջ սերը: Հայկական եւ օտար գրականության (թարգմանական) հատվածներից յուրաքանչյուրն զբաղեցնում է հատորի մնացյալ ծավալի շուրջ կեսը: Հայ հեղինակներն (էջ 46-175) արտացոլում են գինու նկատմամբ ձեւավորված հայկական ավանդական մոտեցումները: Նրանց մեծագույն մասը խորհուրդ է տալիս չտրվել հարբեցողության, այլ` գինին օգտագործել չափավոր քանակներով: Օրինակ, 17-18-րդ դարերի հեղինակ Գալուստ Ամասիացին (Կայծակ) չափածո գրում է, թե տասը թաս ըմպելուց հետո, մարդը «Կանգնել ոչ կարէ// Որպէս անդամալոյծ է», իսկ տասներկու թասից հետո` «Մկան, խոզի ձայն հանէ»: Ըստ նրա` «Երեք թասն հալալ է,// Բաժակ ուրախարար է,// Անուշ ասեմք վայել է...» (էջ 64): Գինու դրական եւ բացասական կողմերին է անդրադառնում 16-17-րդ դարերի հեղինակ Աստվածատուրը` «Վասն Խաղողի» իր չափածոյում, գրելով. «Շատ խռով հաշտեցնես,// Շատ սիրելիք կռուեցնես,// Շատ անխելք ի խելք բերես,// Եւ շատ խելօք այլ խեւցնես» (էջ 62): Հետեւաբար, «Այլ խաղաղութեամբ խմելն է հալալ,// Ոչ հարբիլ, ոչ կռուիլ եւ ոչ բարկանալ,// Պարկեշտութեամբ ըմպել, սիրել եւ զուարճանալ» (Նաղաշ Հովնաթան, 1661-1722, էջ 66): Ռափայել Պատկանյանը այդքան էլ համաձայն չէ այս հորդորներին. «Տղամարդուն գինի ու կին// ընծայել են Նոյ ու Աստուած// Լցրէք բաժակ փըրփըրադէզ,// Բերէք իմ մօտ կին բոցակէզ,// Խըմեմ, գրկեմ ու համբուրեմ,// Այնուհետեւ իմ կեանքը ձեզ» (էջ 71): Ոգելից ըմպելիքի հետ մոտիկ բարեկամություն ունեցած Հովհաննես Շիրազն անգամ կոչ է անում չափավոր լինել. «Օ՜, միք խմի, ո՛վ մարդիկ, այնքան խմեք, որ հիշեք,// Թե մի փոքրիկ բաժակում ինչ հանճարներ են կորել» (էջ 125): Նույն խորհուրդը տալիս են հատկապես պարսիկ միջնադարյան հեղինակները` Ֆիրդուսին, Ռուդաքին, Խաքանին, Հաֆեզը... Նրանցից, իհարկե, որոշակիորեն տարբերվում է գինու անզուգական երգիչ Օմար Խայամը: Ինչպե՞ս չհիանալ Ռուդաքիի հետեւյալ մտքի վրա. «Թե մարմնի մեջ Աստված հոգի, սիրտ չդներ,// Ապա գինին պիտի դրանց փոխարիներ» (էջ 191): Գինեպաշտ Խայամը նույնիսկ կտակում է. «Երբ ես մեռնեմ եւ հող դառնամ առհավետ,// Ինձ շաղախեք հրաշք գինով բուրավետ// Եվ պատրաստեք կուժ կամ կարաս ինձանից,// Որ ես կրկին կյանքի կոչվեմ գինու հետ» (էջ 195): Նա խորհուրդ է տալիս. «Գինի խմիր եւ կյանքդ մռայլով մի անցկացրու,// Երբ վարագույր-մահն իջնի, ոչ դու կմնաս, ոչ` ես» (էջ 196):

Գինին չափավոր գործածելու կոչ է անում նաեւ օտար հեղինակների մեծ մասը: Նրանցից է Ուիլյամ Շեքսպիրը, որն իր «Օթելլո»-ում գրել է. «Լավ գինին լավ սրտակից ընկեր է, եթե մարդ հետը խելացի կերպով վարվի» (էջ 221): Բոլոր ժամանակների մեծագույն ողբերգակը «Հենրիկ VI»-ում նույնիսկ հաստատում է, թե «ռազմական արվեստը ոչինչ բան է առանց գինու, քանզի նա է, որ գործողության մեջ է դնում այդ արվեստը» (էջ 222): Իսկ կնամեծարությամբ հռչակված ֆրանսիացիներից Պիեր-Ժան Բերանժեի (1780-1857) կարծիքով, «Երբ հետս է գինին», կինը «թունդ է դառնում ավելի» (էջ 235): Միխայիլ Լերմոնտովի (1814-1841) համար, կնոջ սերն ինքնին բավարար է հարբելու համար: «Կալաշնիկովի երգը» բանաստեղծության մեջ, գեղեցկուհի Ալյոնային սիրող երիտասարդն ասում է թագավորին. «Ինքս իմը չեմ. սիրո մշուշից// Լուռ սեւանում են աչքերս վառման,// Ծունկս ծալվում է` ընկնում եմ ուժից:// Ահա թե ինչու չեմ խմում գինին» (էջ 256):

Գինին եւ առհասարակ ոգելից ըմպելիքը դառը իրականությունից դեպի առաջ փախուստ տալու միջոց են` հոգեբանական պաշտպանական մեխանիզմ, որը սակայն ունի ժամանակավոր դրական եւ մնայուն դառնալու միտված շատ բացասական ազդեցություն: Այս առնչությամբ չափազանց հետաքրքրական են 20-րդ դարի արաբ հեղինակ Սալեհ Ժաուդատի դատողություններն իր «Անկրկնելի պատեհություն» երկում. «... գինեմոլն արժանի է շրջապատի օգնությանն ու կարեկցությանը: Քանզի գինեմոլը մի մարդ է, որն անպայման բաժակով է փորձում խույս տալ իր կյանքը դառնացնող ցավալի իրողությունից, ողբերգությունից, հոգեկան մեծ տագնապից եւ կամ մի զրկանքից: Գինովությունը փախուստ է: Այս է հոգեբանների կարծիքը» (էջ 281):

Ժողովածուն ավարտվում է գինուն նվիրված հայերեն եւ ռուսերեն 56 հրատարակությունների մատենագիտական ցանկով (էջ 290-293) եւ հեղինակի շնորհակալական խոսքով` այս հրատարակությանը օժանդակողներին ուղղված:

Այս հատորի առթիվ ունենք մի քանի առաջարկություններ, որոնք ուղղված են առհասարակ բոլոր հայ հեղինակներին:

Ճիշտ է արվել, որ թարգմանությունների դեպքում նշվել են հայերենի թարգմանողների անունները: Սակայն, չգիտենք ինչու, երբեմն այդ անունների առաջին բաղադրիչները սղվել են: Հայ մարդն ունի անուն եւ ազգանուն, որոնք ամբողջությամբ պետք է նշել` գոնե առաջին անգամ. մյուս դեպքերում կարելի է առաջին բաղադրիչը հապավել: Ընթերցողը երբեմն գլուխ է կոտրում թե ո՞վ է, օրինակ, Ս. Խաչատրյանը (էջ 289): Հնարավոր է, որ Ասատուր Փաշայանն էլ չիմանար «Ս.»-ի տիրոջ անունը: Սակայն, նա վստահաբար գիտի, թե ո՞վ է «Ա. Փաշայանը», որը լիբանանցի արաբ հեղինակ Ջբրան Խալիլ Ջբրանից թարգմանություն է կատարել (էջ 276): Ո՞վ է այդ «Ա.»-ը` հեղինակը ի՞նքը, իր դուստր, արաբագետ Արա՞քսը, թե՞ մի գուցե իր հայրը` Ալեքսանդր Փաշայանը: Լավ կլիներ, որ ժողովածուն ավելի լայն աշխարհագրական տարածք ընդգրկեր: Եթե չհաշվենք հատորի վերջում բիրմայական պատմվածքն ու Ալիշեր Նավոյին, դուրս է գալիս, որ ընդգրկվել են Եվրոպայի եւ Միջին Արեւելքի ժողովուրդները միայն, մինչդեռ վստահ ենք, որ Ամերիկաներում եւ երկրագնդի այլ վայրերում ստեղծված գրականության եւ բանահյուսության մեջ էլ գինուն ձոնված կամ առնչված նյութեր կան: Հետաքրքրական կլիներ, եթե պարսիկ հեղինակների շարքում մեջբերվեր նաեւ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնու բանաստեղծությունը` նվիրված գինուն:

Ասատուր Փաշայանը հայ ընթերցողի սեղանին է դրել մի հիանալի ժողովածու, որը կարդացվում է հետաքրքրությամբ եւ հաճույքով, ազնվական գինու պես զուլալ ընթացքով: Խորհուրդ եմ տալիս այս գիրքը կարդալ եւ ըմբոշխնել` ոչ առանց գինու թասի (ոչ ավելի քան երեք բաժակ կամ թաս): Իսկ, որպեսզի վայելքն ամբողջական լինի, նախընտրելի է գրքի ընթերցման ժամանակ կողքին ունենալ նաեւ ... սիրած էակին:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4