Ըստ ռուսաստանյան «Սովա» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, 2007-ին Ռուսաստանում ռասիզմի զոհ է դարձել 67 մարդ, մոտ 550-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է: Կազմակերպության զեկույցի համաձայն` 2007 թվականին այլատյացության հողի վրա կատարվող հարձակումները դարձել են ավելի կազմակերպված ու դաժան, մինչդեռ իշխանությունները շատ քիչ քայլեր են ձեռնարկել ծայրահեղ ազգայնական խմբավորումների դեմ պայքարելու համար: Չնայած անցած տարի ավելի քան 500 հարձակում է գրանցվել, Ռուսաստանի դատարանները այս հարցով ընդամենը 24 դատական վճիռ են կայացրել: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում մի խումբ դեռահասներ սպանել էին հայազգի 20-ամյա ուսանող Վլադիմիր Քարամջյանին: