Նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ հրավիրած ասուլիսի սկիզբը կարծես զուտ քարոզչական ու նախընտրական էր: Արզումանյանը հայտարարեց, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է առանձին աշխատանքային խումբ ստեղծելու որոշում` ուսումնասիրելու եւ վերլուծելու քաղաքացիների բողոքները, առաջարկությունները: ԼՏՊ նախընտրական շտաբի պետի խոսքերով, դա ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյան թեկնածուի նախընտրական շտաբին կից կառույց` համալրված փորձառու մասնագետներով:
Հետաքրքրական է, որ, ըստ Արզումանյանի, քաղաքացիների դիմումներն էլ այդ հանձնաժողով ներկայացնելու գործընթացը «ապահովում է» ՄԻԱԿ կուսակցությունը, որն էլ, ըստ նախընտրական շտաբի պետի, «պլան է կատարում» ու նույն ձեռագրով լրացված դիմումներ սարքում: Դիմումներում տարատեսակ խնդրանքներ են սոցիալական տարբեր հարցերի առնչվող: Սա էլ Արզումանյանը «ընտրակաշառքի պարզագույն ձեւ» որակեց:
Բավականին յուրօրինակ է նման տեղեկությունների աղբյուրի հիշատակումը: Ըստ Արզումանյանի, այս ամենի մասին տեղեկացել են հենց այդ հանձնաժողովի աշխատակիցներից:
Սա դեռ ամենը չէ: Արզումանյանի տվյալներով, 15 հազարից ավելի թղթեր կան իրենց ձեռքում, որոնցում նշված են մարդկանց տվյալներ եւ պատասխանատուների անուններ, որոնք, ենթադրվում է, պետք է պատասխան տան ցուցակագրվածներիՙ հոգուտ Սերժ Սարգսյանի քվեարկության համար: Ցուցակներում ընդգրկվածների թիվը որոշ դեպքերում հասնում է նաեւ 120-ի, ինչպիսի «քվե» թերեւս պիտի ապահովեն թաղային հեղինակությունները, մանկապարտեզների վարիչներն ու դպրոցների տնօրենները, որոնց «նման ձեւաթղթեր են բաժանվել»:
Ունեցած նյութերը Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը պատրաստվում է հանձնել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը:
Թերեւս որոշակի առումով սովորական դարձած, ստանդարտ` մենք հաղթելու ենք, համաժողովրդական ենք ու էլ չգիտեմ ինչ, պատասխանների մեջ չտարբերակվեց նաեւ Gallup-ի վերջին հարցման անդրադարձը: Ըստ Արզումանյանի, Լ. Տեր-Պետրոսյանի վարկանիշը արտացոլող մոտ 5 տոկոս տվյալ հրապարակելը «վարկաբեկում է Gallup-ի նման ինստիտուտին»:
Մնացյալը վերաբերում էր լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնց հասցեին «արտգործնախարար» դիմելաձեւը նախընտրող եւ ընդհանրապես քաղաքականության մեջ դեղնակտուց չհանդիսացող մեկի կողմից պիտակումները բնավ էլ մեր ընթերցողի մակարդակին արժանի հրապարակումներ չեն, ուստի թողնենք նախընտրական շտաբի պատերից ներս: Միայն հավելենք, որ ասուլիսում լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ըստ իրեն ծաղրող Արզումանյանը «Ազգի» հարցին, թե արհամարհանքի հասցեատերը արդյոք ընթերցողներն են, թե՞ հենց լրագրողները, պատասխանեց, թե ընդամենը մի քանի հեգնական խոսք է ասել լրագրողների հասցեին: Ներեցեք, պրն էքսարտգործնախարար, հիշողությունը լավ որակ է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ