Համոզված է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը
Մեր հացազրույցը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ ծավալվեց Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի, արձանագրված ցուցանիշների, քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներիՙ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների շուրջը:
- Պրն Մինասյան, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն էր անցած տնտեսական տարին:
- Տնտեսական առումով տարին իսկապես շատ հաջողված էր: 2007-ին եւս արձանագրվեց տնտեսական երկնիշՙ 13,7 տոկոս աճ: Տնտեսության հիմնական 4 ճյուղերըՙ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը եւ ծառայությունների ոլորտը իրենց մասնաբաժինն են ունեցել այդ աճի մեջ: Մասնավորապես, ծառայություններն ունեցել են 21,2 տոկոս, շինարարությունըՙ 19,7 տոկոս, գյուղատնտեսությունըՙ 9,6 տոկոս եւ արդյունաբերությունըՙ 2,6 տոկոս աճ: Արդյունաբերության ցուցանիշի առնչությամբ նշենք, որ աճի այս ցուցանիշը պայմանավորված է ադամանդագործության արձանագրած անկմամբ: Եթե առանց ադամանդագործության ենք դիտարկում արդյունաբերության աճի ցուցանիշը, ապա այն բավականին պատկառելի էՙ 8,8 տոկոս: Այսինքն, չնայած օբյեկտիվ սահմանափակումների առկայությանը, մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է:
- Որոշ գնահատականների համաձայն, ծառայությունների եւ շինարարության աճն այդքան էլ ուրախալի չի կարելի համարել, նկատի ունենալով, որ արդյունաբերության աճն անհամեմատ ավելի փոքր է:
- Եթե դիտարկենք զարգացած եվրոպական երկրների տնտեսության կառուցվածքները, ապա կտեսնենք, որ ծառայությունների տոկոսը բավականին մեծ է: Դա բնութագրում է երկրի բարեկեցության աստիճանը: Մեզ մոտ եւս բարեկեցության մակարդակի բարձրացմանը զուգահեռ ծառայությունների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) պետք է մեծանա: Այստեղ կցանկանայի ներկայացնել եւս մեկ ցուցանիշ կապված անցյալ տարի արձանագրված զբոսաշրջիկների թվի հետ: 2007-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմեց 510000 մարդ կամ 33,5 տոկոսի աճ նախորդ տարվա համեմատ: Դրականն այն է, որ զբոսաշրջությունը հիմնականում զարգանում է Երեւանից դուրս, որտեղ զարգանում են ենթակառուցվածքները եւ ստեղծվում աշխատատեղեր:
- Վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճին զուգահեռ չէին ավելանում հարկային մուտքերը: Այսինքն, ստվերային շրջանառության մեծ ծավալները պահպանվում էին: 2007-ին այս առումով որեւէ փոփոխություն չի՞ արձանագրվել:
- ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցուցանիշը, որը ցույց է տալիս ստվերայնության մակարդակը, այս տարի ուղղակի աննախադեպ փոխվել է եւ կազմել 16,1 տոկոս: Նախորդ տարի 14,5 տոկոս էր: Հիշեցնեմ, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում նախատեսվում էր ՀՆԱ-հարկեր հարաբերակցության տարեկան 0,4 տոկոս աճ: Այսինքն, անցյալ տարի այս նպատակային ցուցանիշը գերազանցվել է գրեթե 4 անգամ:
Պետք է նշել նաեւ, որ մեր ՀՆԱ-ում ավելանում է փոքր եւ միջին ձեռնարկությունների բաժինըՙ 41 տոկոսը: Սա քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմքերի հիմքն է, որովհետեւ այսՙ միջին խավն է, որ ամենակայուն դերակատարումն է ունենում զանազան տնտեսական ցնցումների ժամանակ: Բանկային ավանդներն անցյալ տարի ավելացել են 42 տոկոսով: Այսինքն, մեր հասարակությունը, բացի առօրյա հացի խնդիրը լուծելուց, արդեն սկսել է կուտակել: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների բացասական հաշվեկշիռը 2003-ից դրական է դարձել: Այսինքն, մեր երկիր ժամանողները գերազանցում են մեկնողներին:
- Սակայն չմոռանանք, որ անցյալ տարի խորհրդարանական ընտրությունների տարի էր, իսկ այս տարինՙ նախագահական ընտրությունների: Այս քաղաքական գործընթացներն ի՞նչ ազդեցություն են թողել տնտեսության վրա:
- Անցյալ տարին յուրահատուկ էր նաեւ այդ առումով: Շատ ընդդիմախոսներ կանխատեսում էին, որ քաղաքական իրադարձություններն իրենց բացասական ազդեցությունը կթողնեին տնտեսության վրա: Սակայն ինչպես վերոնշյալ ցուցանիշներն են վկայում, այդպիսի բան տեղի չունեցավ: Սա խոսում է այն մասին, որ մեր հասարակությունն արդեն քաղաքականապես կոփված մի ստվար զանգված ունի, որը հասկանում է, որ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն տեսականի վրա: Կարծում եմ, նույնը կլինի նաեւ նախագահական ընտրությունների ժամանակաշրջանի համար:
Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նախորդ տարվա հետ կապված եւս մեկ հանգամանքի վրա: Հանրապետական կուսակցությունը եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանը գնացին խորհրդարանական ընտրությունների խոստանալով կտրուկ բարեփոխումներ, ստվերի դեմ պայքարի կտրուկ բարձրացում, թոշակների էական բարձրացում եւ ահավասիկ արդյունքները, որոնց մասին արդեն նշեցի: Այս քաղաքականությունը նույնպես իր շարունակությունը կունենա նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ մեր հայրենակիցները հասկանում են, որ հանձինս մեր կուսակցության եւ նրա ղեկավարի ունեն վստահելի քաղաքական գործընկեր, որի խոսքն ու գործը իրարից չեն տարբերվում:
- Պրն. Մինասյան, այդուհանդերձ, բնակչության մի ստվար մասին դեռ չի հասել տնտեսական աճի դրական ազդեցությունը եւ մեր երկրում շարունակում է բարձր մնալ սոցիալական բեւեռացումը: Չե՞ք կարծում, որ այստեղ լուրջ խնդիր կա:
- Իհարկե, մեր երկրում բեւեռացումը շատ մեծ է եղել: Սակայն պետք է արձանագրենք, որ նվազեցնելով աղքատությունը, նաեւ մեղմացնում ենք բեւեռացումը: Դա տեղի է ունեցել ծայրահեղ աղքատների եւ անաշխատունակ անձանց նկատմամբ վարվող սոցիալական նպաստների եւ թոշակների բարձրացմամբ մի կողմից եւ մյուս կողմից աշխատունակ քաղաքացիներին աշխատանք առաջարկելու միջոցով: Գործազրկությունը վերջին տարիներին էապես նվազել է: Եթե 2000-ին բնակչության 38,5 տոկոսն էր գործազուրկ, 2006-ինՙ 27,8 տոկոսը, 2012-ին այդ ցուցանիշը խոստանում ենք դարձնել 17 տոկոս:
- Այնուամենայնիվ, վերադառնանք նախընտրական գործընթացներին: Խոստումներ տալիս են բոլորըՙ իրատեսական եւ առավելապես ոչ իրատեսական: Ինչո՞վ է տարբերվում ձեր կուսակցության եւ ձեր թեկնածուի խոստացածը մյուսներից եւ ինչո՞ւ ընտրողները պետք է ձեզ հավատան, այլ ոչ թե մյուսներին:
- Անիրատեսական խոստումներն այլեւս ընտրողների վրա չեն ազդում: Աղքատության հաղթահարմանը զուգահեռ մարդիկ սկսում են հավատալ իրական գործերի: Մինչդեռ աղքատության մեջ գտնվողը դատապարտված է հավատալու հրաշքների: Անիրատեսական խոստումներ տվողների մասին կարող եմ ասել, որ կամ պոպուլիստական մոտեցումն է գերակշռում, կամ նրանց տնտեսագիտական թիմն է թույլ:
Երբ թեկնածուն ունի թույլ տնտեսագիտական թիմ, նա կարող է լուրջ քաղաքական վրիպումներ թույլ տալ: Օրինակՙ դիտարկենք թեկնածուներից մեկիՙ առաջին նախագահի 1998-ի անվտանգության խորհրդի հայտնի նիստի ժամանակ արտահայտած մոտեցումները: Նա փաստորեն Ղարաբաղի հարցի վերաբերյալ ունեցած նահանջողական դիրքորոշումները պայմանավորում էր հենց Հայաստանի տնտեսական զարգացման անհեռանկարայնությամբ: Նա օգտագործում էր «ֆիզիկական լիմիտներ» տերմինը, որոնք, ըստ նրա, թույլ չէին տալու Հայաստանում որեւէ տնտեսական աճ արձանագրել առաջիկա տարիներին, ինչն, իբր բերելու էր տնտեսության կազմալուծմանը, ժողովրդի արտագաղթին եւ անխուսափելիորեն նաեւ բանակի թերֆինանսավորմանն ու ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիկտատի հաստատմանը: Սակայն կյանքը ճիշտ հակառակը ցույց տվեց: Մենք ոչ միայն կարողացանք հաղթահարել տնտեսական ճգնաժամը, վերջին տարիներին արձանագրել երկնիշ տնտեսական աճ, այլեւ ընդգծված սոցիալական հարցեր լուծել, ունենալով չլուծված ղարաբաղյան խնդիր: Մենք հավուր պատշաճի ենք պահպանում մեր պաշտպանվածությունը, որպեսզի երբեք որեւէ մեկի մտքով չանցնի խնդիրը լուծել ուժի դիրքերից:
- Ի դեպ, այժմ էլ նույն շրջանակի մարդիկ, մասնավորապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, գրեթե նույնն են ասում: Այսինքն, այսքան զարգացանք եւ այլեւս զարգանալու պաշարները սպառված են: Դուք ինչո՞վ եք բացատրում նման մոտեցման առկայությունը հիմա:
- Այդ մոտեցումը ոչ մի քննադատության չի դիմանում: Ինչպես 10 տարի առաջ էին նույն քաղաքական գործիչները փորձում հասարակությանը փորձում համոզել, որ «ֆիզիկական լիմիտները» սպառված են եւ թույլ չեն տա զարգացում ապահովել, այնպես էլ հիմա: Համոզված եմ, որ մեր երկրի հնարավորությունները շատ երկար ժամանակ բավարարում են տնտեսական առաջանցիկ աճ ունենալուն: Էներգետիկ համագործակցության ծրագրեր են իրագործվում Իրանի հետ: Բանակցություններ են ընթանքում Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ստեղծման ուղղությամբ, որը գործնականում մեզ կազատի շրջափակումից: Ռուսական եւ իրանական կողմերի հետ նավթավերամշակման գործարանի ստեղծման ծրագրերն են իրատեսական ուրվագծեր ստանում, նոր ատոմակայանի կառուցման փուլ ենք դուրս գալիս, մեր ուրանի հանքերի օգտագործման ծրագրերն են ընթացքի մեջ: Այս ամենը վկայում է, որ ներքին մեծ ներուժ ունենք այս վիճակում տեւական զարգացում ապրելու համար: Պարզապես պետք է իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, ստեղծենք բացարձակ հավասար մրցակցային պայմաններ եւ մեր ժողովուրդն իր անսպառ հնարավորություններով կապահովի տնտեսական աճը:
- Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշներին դառնանք: Մեր արտահանման մեջ զգալի բաժին ունեցող հանքարդյունաբերության մեջ դեռ զգալի բաժին է կազմում խտանյութի արտահանումը: Ե՞րբ ենք այս առումով անցնելու որակական նոր փուլի: Եվ ներմուծման ծավալների առաջանցիկ ավելացումը ինչպե՞ս եք գնահատում:
- Դրամի արժեւորումը որոշակիորեն ազդում է արտահանման վրա, բայց եթե դիտարկենք նույն հանքարդյունաբերության արտահանման կառուցվածքը, ապա այստեղ առաջին տեղում արդեն մշակված մոլիբդենն էՙ ֆեռոմոլիբդենը: Ճիշտ է, պղնձի խտանյութն ենք արտահանում, բայց երբ Թեղուտի հանքավայրը սկսվի շահագործվել, այդ ծավալների պարագայում տնտեսապես հիմնավորված կլինի նաեւ տեղում վերջնական մշակումն իրականացնելը: Արտահանման մասին խոսելով, պետք է նշեմ, որ կտրուկ աճել է պատրաստի սննդի արտահանումը, ինչը, բնականաբար, ուրախալի է:
Ներմուծման ծավալներն ավելի արագ են աճում, քան արտահանմանը: Սակայն ներմուծման մեջ իր ծավալներով առաջին տեղում է հանքահումքային, մասնավորապես էներգակիրների ներկրումը: Կարծում եմ, որ մոտ հեռանկարում ներմուծումն այստեղ կարելի է նվազեցնել: Փոքր ՀԷԿ-երի, Մեղրու ՀԷԿ-ի կառուցումից եւ շահագործումից, ուրանի հանքերի շահագործումից հետո իրավիճակն այստեղ կփոխվի:
Երկրորդն իր ծավալներով մեքենաների եւ սարքավորումների ներկրումն է: Ես միայն ուրախ եմ, որ մեր երկիր հոսքագծեր եւ նոր սարքավորումներ են ներմուծվում: Գիտեմ շատ գործարարների, որոնք օգտվելով ներմուծման համար ներկայիս նպաստավոր պայմաններից, ներմուծում են սարքավորումներ, որոնք փոխարինելու են տարիների եւ անգամ տասնամյակների սարքավորումներին, նպաստելով մրցունակ արտադրանք թողարկելուն:
Երրորդ խոշոր խմբաքանակը ավտոմեքենաներն են: Այստեղ նունպես տխրելու առիթ չկա:
- Սոցիոլոգիական հարցումները վկայում են նախագահական ընտրություններում ձեր թեկնածուիՙ առաջին փուլով հաղթելու հավանականության մասին: Արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ դա չափից ավելի ինքնավստահ կդարձնի ապագա նախագահին եւ իշխանություններին, բերելով դրանից բխող չարաշահումների, ավտորիտարիզմի:
- Տեսականորեն այդ վտանգը կա, բայց կան նաեւ դրանից խուսափելու հնարավորություններ: Կյանքը ցույց է տվել, որ մեր պարագայում դա տեղի ունենալ չի կարող:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ