Աշխարհը առաջ է ընթանում ինքնուսների ուսերին հենված: Այդ նրանք են լուն պայտել եւ հայտնաբերել Տրոյան, առաջինը նրանք են նախագծել թռչող սարքեր, ստեղծել տպագրական եւ հազար ու մի մեքենա: Այդ ամենը նրանք արել եւ անում են ոչ թե հանուն այն բանի, որ չեն կայացել իրենց ասպարեզում, քավ լիցի, նրանց առաջ է մղում ինքնավստահության ներքին համարձակ ձայնը առ այն, որ գոյություն ունի, չի կարող մարդկությանը օգտակար լինելու առավել արդյունավետ ոլորտ: Դա այն արահետն է, որը թեքվում է ժամանակին նախանշված մայրուղուց, որը բերել եւ դեռ ապահովելու է հաջողություն:
Անշուշտ, Նժդեհը դյուրին ուղին, խաղաղ կյանքը եւ այլ բարիքները փոխելով անզեն կանխակարծությամբ` գիտեր հղի է դառնություններով, հետապնդումներով, հալածանքներով եւ նույնիսկ մահվամբ: Բայց մի՞թե էական է դա: Չէ՞ որ բարեկեցիք կյանքով ապրող հարկային ծառայող Պետրոսը գնաց աշակերտելու Քրիստոսի մոտ: Այդպես Ղարաբաղի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատների գլխին կանգնեցին ծնված օրից ձեռքներին հրացան չբռնած ֆիզիկներն ու լիրիկները: Ի՞նչն էր նրանց դրդում: Եթե չվախենանք բարձրագոչ բառերից, ապա նախ եւ առաջ` ճշմարիտ պահի թելադրանքը` ծառայել իր ժողովրդին ու համայն մարդկությանը: Սեփական խղճի թելադրանքը, որը, ինչպես հայտնի է, կարող է լինել ամոթխած, բայց ոչ երկչոտ: Ախր մեր կյանքն ի՞նչ է: Հավերժական Ոգու նյութած մարմնական կյանքի մի հերթական խաղ: Հավերժական Սիրո, Արդարության եւ Բարության Ոգու, որը մեզ մղում է դիմելու համարձակ քայլերի մեր սեփական ճակատագրի ոլորապտույտներում: Ոլորապտույտ, որը ճշմարտություն է ավետում քեզ, քո ժողովրդին, ասել է թե` համայն մարդկությանը:
Սարգիս Լեւոնի Ղանթարջյանը ճակատագրի սիրեցյալն է, նա գեղեցիկ, պարթեւահասակ, խելքի տոպրակ է, որ 26-ում դարձավ թեկնածու, իսկ 40-ում` տնտեսագիտության դոկտոր: Եղել է գիտահետազոտական ինստիտուտի փորձակայանի վարիչ, Երեւանի պետհամալսարանի դեկան այժմ ամբիոնի վարիչ, Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի օգնական, կառավարության արտոնագրային վարչության պետ, Մոսկվայի եւ Ժնեւի միջազգային կազմակերպությունների փոխնախագահ: Նրա էլ ինչն էր պակաս: Նստիր փափուկ տեղդ քեզուքեզ ու գրքեր կարդա, թեթեւակի կպիր քեզ շրջապատող իրականությանը եւ նարդու քո մրցակիցներին գլխի գցիր, որ ամեն ինչ եւ ամենքը գնում են բարեհաջող խորտակում: Կամ էլ լավագույն դեպքում` հետադարձ հայացք գցիր քո ունեցած ուղու վրա եւ գրիր հուշեր`շեշտելով քո կարկառուն ծառայությունները հայրենիքի հանդեպ:
Եվ ահա Ղանթարջյանը գրեց ու հրատարակեց պատմվածքների ժողովածու` «Ես ընտրում եմ Ձեզ« («Հայագիտակ», 2005), որտեղ մեզ ներկայացրեց Հայաստանը եւ մեր հայրենակիցներին երեխայի եւ պատանու հայացքով: Նա սրբեց հոգեւոր մոռացության փոշին եւ սուր թափանցող հայացքով ներկայացրեց քառասունական-հիսունական թվականների Երեւանը, նրա համայնքային խայտաբղետ բակային անցուդարձը, որը անհետ կորել է շատ մշուշի պես, որին անհաղորդ ենք մենք ու մեր երեխաները:
Նա պատմում է այն մարդկանց մասին, ովքեր ղեկավարել են երկրի տնտեսության զանազան ճյուղերը ոչ որպես միագիծ պաշտոնյաներ, այլ որպես իրենց ժողովրդի անձնուրաց զավակներ: Հարկ է նշել, գիրքը գրելու ընթացքում Սարգիս Ղանթարջյանը անզուսպ ցանկությամբ փորձում է թափանցել իր ժողովրդի հոգու խորքերը, դրանք շարադրել միայն իրեն հատուկ ոճով:
Հաջորդ գիրքը եղավ ընտանեկան ասքը, ժանր, որով մեզ երես չեն տվել հայ գրողները, չնայած, որ այդ ժանրը մեծ տարածում ունի վիպասանությամ մեջ եւ եզակի հնարավորություն է ընձեռում վեր հանելու ժողովրդի ճակատագիրը մի ընտանիքի մի քանի սերունդների կենսապատումով: Տեղին է հիշել Է. Զոլայի, Ջ. Գոլսուորսու, Է. Բազենի եւ այլոց ընտանեկան վիպաշարերը: Հայ գրականության մեջ այդ բացը ոչնչով լրացնել չի կարելի, թեեւ թվում է եթե ոչ մենք, ապա ովքեր են ձեռնարկելու այդ գործը: Պատճառը, հավանաբար այն է, որ հարափոխ է եղել ժանրի միջնասյունը` գործողության վայրը: Բայց այդ բանը Ղանթարջյանին չի մտահոգում հենց շնորհիվ այն բանի, որ նա չի ավարտել ոչ մի գրական բաժին, այլ է տաղանդավոր ինքնուս:
Եվ նա գրեց մի վեպ, որի խորագիրը թեեւ առանձնապես ինքնատիպ չէ` «Տարբեր ճակատագրեր. մի ընտանիքի ժամանակագրություն», սակայն եղավ հայտնություն հայկական գեղարվեստական գրականության բնագավառում:
Իսկ օրերս, այսինքն նախորդ գրքից ճիշտ մի կլոր տարի հետո լույս աշխարհ եկավ «Շուշեցի կնոջ օրագիրը» («Հայագիտակ», 2007) վավերագրական վիպակը, որտեղ հեղինակը քննում է մայրական կողմի պապենական տան կյանքի պատմությունը:
Վիպակի հերոսուհին պապի կրտսեր քույրն է Նադեժդա բազմանշանակ անվամբ, որը դարձել էր ռուսական հետախուզության գործակալի կողակիցը: Ընտանեկան առասպելները, հին օրերի լուսանկարները, ժամանակաշրջանի փաստաթղթերը եւ գեղարվեստական հնարանքը միահյուսվել են հեղինակի վարպետ գրչի շնորհիվ: Արդյունքում ընթերցողի աչքի առաջ հառնում է գրքի գլխավոր հերոսը` Շուշին, լուսավորության, բարձր գաղափարների քաղաքը, բնօրրանը ամբողջ պատմության ընթացքում: Գիրքը սիրավեպ չէ, թեեւ պատումի հենասյունը սերն է: Նադեժդա Սարգսի Բեկ-Շաքարովա եւ Ալեքսեյ Իվանովիչ Շարով մտավորական այրուկինը տանում են մեզ XVIII դ. Ղարաբաղ, որտեղ մահմեդական հորդան թափանցեց հայ մելիքներից մեկի` Շահնազարի գռեհիկ մատնությամբ: Ներկայացվում են ռուս միապետներ Պետրոս Առաջինի, Եկատերինա Առաջինի, Եկատերինա Երկրորդի, Պավել Առաջինի հրամանագրերը, որոնք անփոփոխ սկսվում են «Ղարաբաղի ազնվափայլ միապետերին եւ ազնվածին հայ ժողովրդին» խոսքերով եւ ավարտվում են հայրական հոգատարության եւ խնամակալության խոստումներով:
Բայց գլխավորըՙ ի ցույց է հանում մեր դարավոր տխուր սովորույթը` համախմբվել ոչ թե հանուն ազգային միասնության, այլ միայն բարօրություն խոստացող արտաքին ուժերի շուրջ:
Բաքվի նավթարդյունաբերությունը եւ Բաքու քաղաքի բացառիկությունը որպես այդպիսին, անգլիական հետախուզության դավերը, Հոբելի եւ Ռոտշիլդի յուղալի ներդրումները Ապշերոնի համարՙ այս գրքում ամեն ինչ կա: Կա ծաղկուն Շուշին, որտեղից Պետերբուրգ է մեկնել գռատար Նադեժդան, կան նաեւ Շուշիի ավերակները, որոնց նա ականատես է եղել: Գրքում նկարագրված է Ղարաբաղի հայերի անդրանիկ համագումարը, որը 1918-ի հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ պետություն ավելի ընդարձակ սահմաններով, քան արտասահմանյան անկողմնակալ բարեկամները եւ տեղական խելքից պատուհասները կոչում են «զավթյալ տարածքներ» եւ այդ անկախ պետության անկումը թուրք-ազերական սապոգի ներքո:
Կարդացեք «Շուշեցի կնոջ օրագիրը» եւ դուք կհասկանաք, թե ինչու եմ ես երկինք հանում բոլոր ժամանակների ինքնուսներին: Հավանաբար նրա համար, որ առանց ներքին հանձնարարության, հեղինակը իր գերդաստանի եւ իր ժողովրդի օրինակով դաս է տալիս բոլոր ժողովուրդներին, որոնք ոտքի են ելել հանուն միաձուլման եւ անկախության` «Ուժը ձեր մեջ փնտրեք»: Ուրեմն` այո գիրքը մեր մասին է, մեզ համար է եւ բոլորի համար:
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ