Կարծում է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը
«Արտաքին գործոնի ազդեցությունը կմեծանա, եթե իրավիճակը սրվի», երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով, այս ընթացքում դեռ հնարավոր է, որ որոշ ուժեր փորձեն արտաքին գործոնի ազդեցությունը մեծացնել, սակայն ամեն բան պետք է հայ ժողովուրդը որոշի եւ ինքն ընտրի իր երկրի նախագահին:
Արամ Հարությունյանը, որ շարունակում է իր մարզային հանդիպումները, կարծում է, որ հասարակածին մոտ քարոզարշավի շեմին մթնոլորտն ավելի է սրվում: Մարզերում մարդկանց հետ հանդիպելիս նախագահի թեկնածուն նկատել է, որ մարդիկ մտահոգ են երկրի նախընտրական իրավիճակով. «Մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում, քաղաքացին զգում է, որ առճակատում կա, իսկ բախումից մարդիկ վախենում են: Այսինքն, այսօր օրակարգում կրկին մթնոլորտի հարցն է, մենք պետք է կարողանանք վեր կանգնել կուսակցական նեղ շահերից»: Նախագահի թեկնածուն համոզված է, որ այս պահին չի կարելի որեւէ բախում թույլ տալ, որովհետեւ արդեն կկարեւորվի ոչ թե իրողությունը, թե ով ընտրվեց, այլ` ինչպես ընտրվեց: Պետականությունը չվտանգելու համար, նախագահի թեկնածուի շեշտմամբ, եկել է ազգային համաձայնության ժամանակը:
Քարոզարշավի մարզային հանդիպումներից Արամ Հարությունյանը գոհ է` հատկապես նկատի ունենալով, որ ինքն իր հետ 50-60 ավտոբուսով մարդիկ չի տանում մարզեր: «Այսինքն, գալիս են մարդիկ, ովքեր իսկապես ուզում են հանդիպել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հետ», եզրակացնում է Ա. Հարությունյանը:
Սոցիոլոգներին Արամ Հարությունյանը լուրջ չի վերաբերվում եւ վստահ է, որ ընտրական շրջանը նրանց համար գումար աշխատելու շրջան է: Թեկնածուն համոզված է, որ իրենց գաղափարախոսության եւ իրենց ծրագրի արժեքը սոցհարցումներով չի որոշվում:
Քարոզարշավային մեկ այլ նրբերանգի անդրադառնալով` Արամ Հարությունյանը նշեց, որ այսօր թեկնածուներից ոմանք իրենց ելույթներում հանդես են գալիս ոչ թե գաղափարների ելակետից, այլ փորձում են սեւացնել մյուսներին, ինչն ընդունելի չէ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ