Բոլորովին վերջերս Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի պետական թատրոնի գեղ. ղեկավար Գեղամ Գրիգորյանն իր դիմումի համաձայն հեռացավ թատրոնից: Իսկ թե ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ է սպասվում թատրոնին, պարզաբանում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Իհարկե, օպերային թատրոնում խնդիրն ավելի գլոբալ էր, քան իրականում էր: Ըստ էության, վերջին բոլոր պրեմիերաները ֆիքսեցին, որ թատրոնում խնդիրներ կան ու կարծես թե ստեղծագործական գործընթացն այնպես էր ընթանում, որ տարաձայնություններն օր օրի ավելանում էին ու հասունացել էր պահըՙ դրանք լուրջ քննարկելու: Իհարկե, նման ստեղծագործական քննարկումներ արվում էին, սակայն, ի վերջո, գործերը բեմադրվում էին այնպես, որ դրանք գոհունակության չէին արժանանում: Իսկ ամենատխուրն ու ցավալին այն էր, որ թատրոնը անհասկանալի վիճակում էր, քանի որ նորմալ, բնականոն գործընթաց չկար: Նվագախումբը բարձրակարգ լինելով հանդերձ, շատ հազվադեպ էր մասնակցում ներկայացումներին, որովհետեւ արդեն ներկայացումների քանակը նվազել էր, մյուս կողմից էլ ինչ-որ ստեղծագործական պրոցեսներ էին գնում, որոնք խոցելի էին, որովհետեւ բովանդակային, երաժշտական խնդիրներ կային... Ի վերջո, եկանք այն եզրակացության, որ թատրոնը խաղացանկային լուրջ քաղաքականություն պիտի վարի, որը քննարկման խնդիր է: Եվ հենց դա հաշվի առնելով ստեղծվեց մի խորհուրդ, որը ղեկավարում եմ ես: Այն թատրոնի տնօրինությունից բարձր խորհուրդ է, որտեղ ընդգրկված են անվանի 6 երաժշտագետներՙ թատրոնից, դրսից երկու արվեստագետ: 30 օրում մենք պետք է ջանանք բոլոր առաջացած հարցերը վերլուծել, հիմնական ուղղությունները հստակեցնել, որոնցով էլ թատրոնը կշարունակի իր գործունեությունը: Այսինքնՙ մենք այստեղ կարիք ունենք մասնագիտական լուրջ քննարկումներ անցկացնելու: Ես գտնում եմ, որ մեր օպերային թատրոնի խաղացանկում «Սպարտակ» բալետն անհրաժեշտ է, որ ունենանք: Իսկ եթե չենք կարողանում բեմադրել, նշանակում է թատրոնը խնդիր ունի: Դրան ի պատասխան եղավ Գեղամ Գրիգորյանի խոսքը, որ թատրոնն ի վիճակի չէ «Սպարտակ» բեմադրելու: Դա ինձ տխրեցնում է, փոխանակ այդ առաջարկը հնչեցվի հպարտությամբ: Ինչո՞ւ չենք կարող, ի՞նչն է պատճառը: Խորեոգրաֆիկ ուսումնարան ունենք, բալետային խումբ ունենք, մի՞թե դժվար է: Եթե դա պարզապես քմահաճույք է, ապա, կարծում եմ, որ հենց այս տարի, երբ աշնանը տոնելու ենք թատրոնի 75-ամյակը, մենք բալետային թատրոնի խաղացանկում «Սպարտակ» բալետը պիտի ընդգրկենք: Եթե պետք է, կարող ենք դրսից հրավիրել մասնագետների ու ցույց տանք, որ ունենք ե՛ւ օպերա, ե՛ւ բալետ, ու խաղացանկը պետք է լրջորեն մշակել»:
- Խաղացանկում նոր ներկայացումներ կլինե՞ն, թե՞ միայն եղածները կթարմացվեն,- իմ հարցին նախարարն ասաց.
- Մենք հիմա ունենք առաջարկություններ` մեր հայ կոմպոզիտորների բալետային եւ օպերային ներկայացումները դնելու ու հաշվի պիտի առնենք եղած ներուժըՙ մենակատարներ, մենապարողներ... ու մարդկային գործոնները հաշվի առնելով, իրականացնենք այն կարեւոր բեմադրությունները, որոնք տարիներ շարունակ բաց ենք թողել ու այսօր հայտնվել ենք այս վիճակում... Մենք նաեւ հաշվի պիտի նստենք թատրոնի կոլեկտիվի կարծիքի հետ ու նրանց հետ որոշում կայացնենք:
Տկն Պողոսյանը նշեց նաեւ, որ այսօր օպերային թատրոնը լուրջ վերազինման խնդիր ունի եւ եթե որակյալ ներկայացում ենք պահանջում, ապա պետք է անհապաղ լուծվի լուսային ու ձայնային տեխնիկայի հարցը:
- Ասեմ, որ վերջերս Գերմանիայից, Ավստրիայից ու ԱՄՆ-ից տեխնիկական մեծ խումբ եկավ Հայաստան ու մեր քաղաքի երեք դահլիճներիՙ օպերայի, Սունդուկյանի եւ Պարոնյանի թատրոններում մոնիտորինգ անցկացրին լուսային, բեմական սարքավորումների, ձայնային տեխնիկայով վերազինման համար ու մեր պատվերով իրականացնում են նախագծերը: Դրանք իհարկե ահռելի գումարներ են պահանջում եւ այդ հարցը, կարծում եմ, կլուծվի բյուջեից ու ՀՀ հիմնադրամից հատկացվող գումարներով: Այս տարվա ծրագրերը ներկայացնելուց հետո, տկն Պողոսյանը նշեց, որ Ռուդոլֆ Խառատյանը կբեմադրի ժամանակակից բալետային մի ներկայացում, որի առաջնախաղը նախատեսված է մարտի սկզբին, կբեմադրվի նաեւ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որի բեմադրող ռեժիսորը եւ նկարիչը հրավիրվել են դրսից:
Նախարարը հստակ նշեց, որ այն քաղաքականությունը, ինչը մշակվել է, մեծ դեր ու նշանակություն կունենա օպերային թատրոնի նոր վերելքի համար եւ դրանում իրենց ներուժով կարող են աջակցել աշխարհով մեկ սփռված հայ եւ օտարազգի անվանի երաժիշտները, երգիչները, դերասանները, բեմադրիչները: Արդեն վարում են համագործակցության բանակցություններ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ